ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

MADE IN TURKEY (մաս 7-րդ)

MADE IN TURKEY (մաս 7-րդ)
12.06.2022 | 11:06

Սկիզբը՝ այստեղ

(Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)


ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
(կամ` ինչպես գողանալ սեփական անցյալը)


«ՆՈՐԻ» ՍԿԻԶԲԸ «ԴՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ, ՆԱԽ ՊԵՏՔ Է ՏԵՂԸ-ՏԵՂԻՆ` ՍԱՐՔՈՎ-ԿԱՐԳՈՎ ՔԱՆԴԵԼ «ՀԻՆԸ»
Ֆրանս-թուրքական «արտամուսնական» խաչասերումից «բեղմնավորված» ընկեցիկները (հիշում եք` ումից էին գողացել ՔՊ անվանումն ու «քաշել վրաները», չեք մոռացել նաև երկրորդ գողությունը` ՔՊԿ-ի ձեռքսեղմում խորհրդանիշը, որ էր` Թուրքիայի առևտրի նախարարության հատուկ լոգոն` «Yerli Üretim», իմա՝ «Տեղական արտադրանք» մակագրությամբ, որ «ավետում» է «Made in Turkey», երրորդ կողոպուտը` «Իմ քայլը» կոչվածը, որ թռցրել էին Քեմալ Քըլըչդարօղլուից ու մարիխուանայի հետ խոթել գրպանները), որ ո՛չ անցյալ ունեին, ո՛չ կենսագրություն, եղած-չեղածն էլ 200 կիլոմետր հետագիծն էր, մարտնչող տգետին հատուկ մեծամտությամբ կոչնակում էին ամենուր` ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականով «դրեցինք նոր Հայաստանի սկիզբը»:
Բայց միայն ասելով հո չի՞:


«Նորի» սկիզբը «դնելու» համար, նախ պետք էր տեղը-տեղին` սարքով-կարգով քանդել «հինը»:
Բայց արի ու տես` «հինը» շատ էր կամակոր, ոչ մի կերպ չէր ուզում քանդվել:
Այդ համառությունից էլ օգտվեցին «նախկինները»:
Ռոբա-սերժականների «դրդմամբ» գլուխ բարձրացրեց ԱԺ մեծամասնությունը, թե բա` իշխանության բռնազավթումն հակաօրինական է: Թույլ չենք տա:
Ո՞նց թե` «թույլ չեք տա»:


Դեմ եք դուրս գալիս Սահմանադրության պահանջի՞ն:
Գոնե գիտե՞ք այդ պահանջը` «ժողովրդի կամքն օրենք է»:
Իսկ ժողովուրդը, ո՛չ միայն Հայաստանում, այլև Արցախում և Սփյուռքում ցանկանում է իր «իշխանության իրացումը» տեսնել «դուխով»-ը ճակատին կրողի կերպարում:
Աբսու՞րդ է: Թերևս:
Խորհրդարանում տարիներ շարունակ լաչառություն անող մեկը, որին ո՛չ ոք լուրջ չի վերաբերվել, 14 օրում Գյումրիից ոտքով, տարբեր բնակավայրեր շրջելով, ուտել-խմելով, հասնում է Երևան:


Հմայում-տրանսի մեջ է գցում հանրության ամբոխացած հատվածին, ոչ միայն հասնում գործող վարչապետի հրաժարականին, այլև ինքն է փորձում Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը քաշել վրան:
Իրատեսկա՞ն է:
Իհարկե ո՛չ:


НЕ БЫЛО БЫ СЧАСТЬЯ, ДА НЕСЧАСТЬЕ ПОМОГЛО!
Անքննելի են «գործերն» հայոց աշխարհում, ուր ցանկացած պահի անհնարինը դառնում է ակնհայտ:
ՈՒ՞մ ջանքերով:
Բրիտանա-իսրայելա-թուրքական «համապատասխանների», որոնք, հանուն իրենց հեռահար նպատակների, շարքային դասալիքից «հերոսի» կերպար են ստեղծում` պարարտ մարմինը «խցկելով» զինվորական հագուստի մեջ, գլխին կեպի դնելով, թիկունքից էլ ուսապարկ կախելով:
Տպավորություն է, թե երկար ճանապարհ անցած, բարդ իրավիճակներում հայտնված, դժվարություններ հաղթահարած, անարդարությունների դեմ պայքարող «փրկիչ» է հայտնվել:
Հաշված օրերի ընթացքում «բոցաշունչ» դատարկաբանությունների հեղինակին զանգվածների համար հասկանալի և ընդունելի են դարձնում:


Տերերն անհրաժեշտ խորհրդանիշերի կիրառմամբ հղկում-ամբողջացնում են ձեռքի տակ եղած «դժվարեփ», հում «նյութի» վիզուալ պատկերը:
Փուչիկ կերպար, որը մանրակրկիտ կարգաբերումից կամ, ինչպես ավելի պատկերավոր կասեին ավտոտեխսպասարկման գործով զբաղվողները, «դզել-փչելուց» հետո, մասսաներին պետք է ներշնչեր խելամտություն, հասունություն, անցած որոշակի բարդ ուղի:
Օգնության են գալիս մինչ այդ չեղած մորուքը (որը հանրության աչքում «փոխակերպուկին» հաղորդում է տարիք, լրջություն) և ձեռքի վիրակապը:
«Քանդակագործները» «մոռանում» են հիգիենիկ վիճակի բերել իրենց վստահված «ապրանքի» ներքևի փտած ատամնաշարը:


Նման դեպքերի համար են ռուսներն ասել` «Не было бы счастья, да несчастье помогло»!
2018-ի ապրիլի 23-ից հետո «թավշյա հեղափոխության առաջնորդի» փտած ատամնաշարը սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող թեմաներից է:
«Նա չի՛ թալանել, որ հոլիվուդյան ժպիտի մասին մտածեր»:
«Մեզնից մեկն է, անգամ ատամները կարգավորելու գումար չունի»:
«Զբաղված է երկրի, ժողովրդի հոգսերով: Արտաքինով մտահոգվելու ժամանակ չկա»:
Համոզված են ՖԲ տարբեր տարիքի ու սեռի օգտատերերը:
«Тигровка» ոճի մեջ, բալզակյան տարիքի որոշ կանայք էլ պատրաստակամություն են հայտնում ստանձնել անհրաժեշտ ծախսերն ու իրենց «պաշտելի առաջնորդին» թուրք մոդել և դերասան Բուրակ Օզչիվիտի ժպիտը պարգևել (խե՜ղճ Օզչիվիտ):


Որոշ թոշակառուներ էլ պատրաստակամ են իրենց աղքատիկ թոշակի մի մասը զոհաբերել «հեղափոխության» վեհ գաղափարին` «թավշի հոր» ստորին ատամնաշարը համապատասխանեցնել օրեր հետո ստանձնելիք պաշտոնի պահանջներին: Հանուն ինչի էլ առաջարկում են դրամահավաք կազմակերպել:


Պարզվում է` հեղափոխության առաջնորդի ու նրա հակահիգիենիկ բերանի վրա թքած ունեն միայն հակահեղափոխականները, անտարբերները և՞… հայրենի ստոմատոլոգները:
Բանաստեղծը կասեր` աբսուրդի երկիր Հայաստանս:
Սնամեջ «բոլորաքանդակը» (դիտելի բոլոր կողմերից) ամբողջացնող ատրիբուտներով` փրչոտ մորուք, բուտաֆորիկ վիրակապ, փորձում են աղերսներ գտնել, ըստ նշանակության հունցվածի և ղարաբաղյան շարժման հերոսների միջև:
Զինվորական հագուստը, որ բանակի խորհրդանիշն է, մորուքը` ֆիդայու կերպարի, անում են իրենց գործը:


Ձեռքի վիրակապը` արնագույն սրտիկի նկարով, թրթռացնում է «խելագարվածների» հոգու գրգասուն լարերը և «դեղին» խմբագրին ասոցացնում Մոնթեի կերպարի հետ:
Եթե վերջինս հանուն Արցախի պայքար էր մղում արտաքին թշնամու դեմ, ապա անհայտությունից սպրդած «փրկիչը», հանուն «թալանից տուժածների», պայքարում է «նախկինների» դեմ:
Հանուն «ժողջանի» երջանկության նա կքանդի «հին աշխարհն» ու «նորը» կկառուցի, ուր բոլորը կլինեն երջանիկ և հարուստ:
«Նոր» աշխարհ, ուր «կուլակաթափ» կանեն «թալանողներին» ու գողոնը կբաժանեն «թալանվածներին»:


«Հմայված հոգիները» հավատում են «փոխակերպուկի» յուրաքանչյուր բառին, քանի որ աշխարհաքաղաքական մեծ խաղացողները, արտաքին կերպարի սրբագրմամբ, կարողանում են սովորական ոչնչությանը հանրության աչքում մատուցել որպես ազատության և արդարության պայքարի առաջամարտիկ, որպես ինքնազոհաբերման պատրաստ հերոս-խորհրդանիշ:


«ՎԻՐՈՒՍԱՅԻՆ` ՎԻՐՈՒՍԱԿԻՐ ՈՒ ՎԻՐՈՒՍԱԾԻՆ» «ԴՈՒԽՈՎ»-Ը «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Կերպարակերտման բարդ գործընթացում կարևոր շտրիխ է «հերոսի» բավականին ճարպոտ մարմնազանգվածի անբաժանելի մասնիկը դարձած ուսապարկը:
Տերերի համար էլ էր անակնկալ. գրեթե ամեն օր մեծ չափաբաժնով քյաբաբ-խորոված «խեղդողի» ստամոքսից անվերջ արտավիժող բխկոց-զկռտոցներն ու մեջքին գցած ուսապարկն այնպես են խճողվում միմյանց և շուլալվում փչած կերպարին, որ երբ ասում են` ուսապարկ, բոլորն անմիջապես հասկանում են` դավաճան և ապագա կապիտուլյանտ:
Պատահական չէ, որ հետագայում «իմքայլական» պատգամավորներին կկոչեն «ուսապարկեր»:


Հետո կսահմանվեն համապատասխան տուգանքներ «ակամա-երեսփոխաններ»-ին վիրավորելու` «ուսապարկ» անվանելու համար:
Աբսուրդ տուգանքից խուսափելու նպատակով «ուսապարկը» կփոխարինվի «саквояж»-ով կամ էլ «իմքայլականների» հարազատ լեզվի` թուրքերենի, «çanta» (չանթա՛) համարժեքով:
«Հեղափոխականի» վիզուալ կերպարն ամբողջացնում է «Դուխով» մակագրությամբ գլխարկը` «Made in Turkey» մակնշմամբ:
«Դուխով» բրենդային գրառման հեղինակը դիզայներ, «Վիվարո» ընկերության կրեատիվ տօրեն Արա Ասլանյանն է, որը հետագայում կիրազեկի.
«Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ մի ծրագիր ունեինք. պետք է հատուկ ու հետաքրքիր ձևով գովազդային արշավ կազմակերպեինք: Աշխատեցինք ու եկանք այն մտքին, որ պետք է սկսել ինչ-որ «վիրուսային», գովազդային արշավով մի ծրագիր և արշավի անունը դրեցինք «դուխով»:


Այդպես էլ «վիրուսային` վիրուսակիր ու վիրուսածին» «դուխով»-ն առաջ ընկավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ու դարձավ «թավշյա հեղափոխության» խորհրդանիշը:
Քաղաքական PR տեխնոլոգիաների «զինանոցում» նման ատրիբուտների գոյությունը նորություն չէ: Դրանք եղել և օգտագործվել են տարբեր ժամանակներում: Նման «խորհրդանիշերից» են, օրինակ, Լենինի կեպին, Ստալինի ծխամորճն ու սապոգները, Չերչիլի սիգարը (ճոխության և իշխանության ատրիբուտ), Անգլիայի թագուհու գլխարկները, Մարգրետ Թետչերի պայուսակները և այլն, և այլն:

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ «ՔԱՅԼԻ» ՀԵՏ ԿԱՎԵԼԱՑՎԻ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԹՈՒՅՆԻ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ
«Հերոսի արարում» օպերացիայի ընթացքում հեղափոխության տաշած-տաշտշած «խորհրդանիշի» շուրջ մարդկային ռեսուրսն առավել համախմբելու նպատակով ասպարեզ են նետվում «մենք-նրանք», «նախկիններ-ներկաներ», «սևեր-սպիտակներ» հակադրությունները:


Հենց այդ ընթացքում է, որ զգուշորեն շրջանառության մեջ կդրվի ու կյանքի ուղեգիր կստանա «արցախցի-հայաստանցի» վտանգավոր եզրույթը:
Հենց այդ «տեխնոլոգիաներն» են, որ աստիճանաբար կպառակտեն հասարակությունը, թշնամանք և ատելություն շաղ կտան ամենուր, հատկապես, Հայաստանի և Արցախի հարաբերություններում` հանրությունների մակարդակով:
Հայ ժողովրդի թիկունքում մշակված և հայտնի ուսապարկում տեղակայված բոլոր խնդիրները լուծվում են խիստ համակարգված, յուրաքանչյուր «քայլի» հետ ավելացնելով ազգակործան թույնի չափաբաժինը:
Չնայած Սերժը հրաժարական է տվել, բայց, վարչապետի դեռևս չլուծված հարցը թեժ պահելու նպատակով, «թավշիստները» «հեղափոխության մոդերատորների» անմիջական ցուցումով ստեպ-ստեպ վանկարկում են. «Քայլ արա, մերժիր Սերժին»:


«Թալանվածներին», անբաններին, գումարով գոռացող ու ՖԲ մրոտողներին այնքան է դուր եկել Սերժին «մերժելը», որ անհրաժեշտ պահին մատի թեթև շարժումով կրկին ու կրկին ներկայացնում են «մերժման» ծիսակարգն իր ողջ «հմայքով» և հանրության ուշադրությունը շեղում օրվա հրատապ խնդիրներից:
Այդպես կլինի նաև վարչապետի աթոռն ուզուրպացնելուց հետո:
Զորօրինակ, «ճիշտ պահին (կորուստներ Նախիջևանի հետ սահմանին, որտեղ առաջացած թուրքերը կարևոր դիրքեր են գրավել), ճիշտ տեղում» (երկրի օրենսդիր մարմնում) խաղի մեջ կմտցնեն տրանսգենդերին ու շոկային թերապիայի միջոցով կշեղեն հանրության ուշադրությունը: Ժողովուրդը չի նկատի կորուստները, բայց «մերժողներից» շատերը մի պահ կսթափվեն:


Սակայն հանուն բարձր մատերիաների` ժողովրդավարության, մարդու իրավունքների ու էլի ինչ-ինչ բարձրագոչ իրողությունների, կհանդուրժեն, որ կնոջ մարմին առած տղամարդը երկրի թիվ մեկ ամբիոնից ավետի` «այսօր պատմություն է կերտվում»:
Կհավատան «նոր կերտվող պատմությանը», ու չեն պատկերացնի, որ տրանսգենդերի բանաձևումը, ուզեն թե չուզեն, հաստատումն է այն իրողության, որ 2018-ի ապրիլի 23-ից հանրությունն իսկապես ապրում է «նոր» Հայաստանում:


«Նոր»-ի ենթատեքստում թաքցրածը կպարզվի հետո, երբ կբացահայտվի` ըստ էության, մերժել են ո՛չ թե Սերժին, այլ հայոց պետությունը, հայ էթնոսին:
Տրանսգենդերի բարձրաձայնումը նաև կնշանակի` այսուհետ խաթարված է հայոց բարոյական կոդեքսը, հարվածի տակ է հայ ընտանիքը` կարևոր այն հիմնասյունը, որի վրա, որպես տեսակ, հայը պահպանում է իր շարունակականությունը:
Ականապատել հայի կայացման դաշտը, նշանակում է ներմուծել և բուծել ինչ ուզես, ընդհուպ` «տարածքներ հանուն խաղաղության» կարգախոսը:


«Հանուն խաղաղության» սկզբում կհանձնվի Արցախի 75 %-ը:
Հետո կպարզվի` «հանուն խաղաղության» պետք է տալ նաև Սյունիքը, որն Ալիևը Զանգեզուր է անվանում, ապա Սևանը` Գյոկչան, Երևանը` Էրիվանը:
Բայց այդ ամենը հետո:
Առայժմ շտապելու պատճառ` չի՛ք: Ամեն ինչ հերթով-կարգով` կամա՜ց, կամա՜ց:
Մինչ տրանսգենդերին ասպարեզ նետելը, մինչ հայ էթնոսի, պետության ու պետականության արմատները հարվածի տակ դնելը, անցնելիք լուրջ ճանապարհ կա:
Դիցուք, «նախկիններին» մերժող փաթեթում տեղը տեղին պետք է «բնակեցնել» և հայոց հարուստ մշակութային անցյալն իր մեծերով հանդերձ:
Նաև` պետք է փոշիացնել և օգտագործած անձեռոցիկի նման աղբաման նետել ազգային ու ընտանեկան արժեքները:

Առաջադրված հարցերի լուծման բանալին մեկն է` փոխակերպուկին բազմեցնել «հայոց գահին»:


«ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ԱԼՖԱՆ ԵՎ ՕՄԵԳԱՆ». ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵՐ «ՔԱՅԼԻՑ»
«Նոր Հայաստան», «նոր կյանք», «նոր մոտեցում», «նոր կետ»:
«Նո՜ր», «նո՜ր», «նո՜ր»:
Հայոց պատմության, հայ մշակույթի, հայի ազգային արժանապատվության տեսանկյունից գրեթե հայհոյանք է դառնում ամեն «քայլից» դուրս ցցվող ու հայ մարդուն շառաչուն ապտակ հասցնող «նոր»-ը:
Հետո, չորս տարի անց, երբ կսկսեն բանակցել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու «հարցի» շուրջ, շատերը դուրս կգան խումհարից ու կընկալեն, թե 2018-ի ապրիլին հայրենիքի նկատմամբ դիվային ինչ մեխանիզմ է շարժման մեջ դրվել:
Կհասկանան` սրանց նպատակը ո՛չ միայն Արցախի հարցի «լուծումն» էր, այլև Հայաստանի կործանումը, ու դրանով իրական տերերի «ախորժակի» բավարարումը` աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը տարածաշրջանում:
Ինչի՞ դիմաց:


Իրազեկների պնդմամբ` թուրքական փողերով տրված «պարգևավճարի», մե՜ծ «պարգևավճարի» (գումարած ինչ-ինչ բոնուսներ, որոնք «Սյունյաց ողջույնի» հասցեատերը կշպրտի իր խառնածիններին):


Ի՜նչ իմանային անցած դարերի հայոց քերթողները, ծաղկողները, իմաստասերները, իրավագետներն ու մյուսները, որ 2018-ի գարունը ճակատագրական է լինելու իրենց իսկ ստեղծած հարուստ մշակույթը կրող ժողովրդի ու նրա անցյալի համար:
Որ հանուն իշխանության կռիվ է տալու մի հողաթափիկ, որն էությամբ քանդարար է, չունի հային հատուկ` ստեղծող-արարող գենը:
Որի թողած հետագիծն ամբողջացնում են փլատակներն ու մահը:
Ի՜նչ իմանային, որ «քայլողների» մի «դաստա» (փոխառություն պարսկերենից), հավատարիմ իր խառնածին էությանը, «ավերակների տիրակալի» առաջնորդությամբ խաչ է քաշելու իրենց բոլորի վրա, «ջնջելու» է հայոց բազմադարյա մշակույթն ու հայտարարելու` «մե՛նք ենք ալֆան և օմեգան». ամեն ինչ սկսվում է մեր «քայլից»:


«Ալֆաներն» ու «օմեգաները» քանդարարության ճանապարհին սեփական օրինակով անարգել կփաստեն, թե հաճախ կրկնվող սուտն ինչպես է քանակից դառնում որակ:
Պռտկերեսներն այնքան կտարփողեն «նոր»-ը, որ իրենք էլ «կհավատան» իրենց իսկ հորինած հեքիաթին` Հայաստանն էլ իրենց նման անցյալ չի ունեցել:
Սրանց կթվա, թե երկրի պատմությունն էլ իրենցով է սկսվել:
Թե հայերն էլ հայրենիք չեն ունեցել:
Տարածքներում էլ, որոնք համարվում են հայկական, բիբլիական ժամանակներից թուրքերն ու ադրբեջանցիներն են ապրել:


Կմտածեն, թե Նոյն էլ է թուրք եղել:
Տապանն էլ ադրբեջանցիների օգնությամբ է կառուցել:
Տարածաշրջանում էլ միջպետական հաղորդակցական լեզուն ադրբեջաներենն է եղել:
Անգամ Պետրոս Մեծն է իր հրամանագրերն ու վճիռներն ադրբեջաներենով արձակել:
2018-ի ապրիլից հայոց աշխարհում կխճճվեն ժամանակները` անցյալ, ներկա, ապագա:
Մետամորֆոզի կենթարկվեն բոլոր արժեքները:


Արդիական կդառնան միայն ուղեղը մթագնող, վայրի բնազդներ արթնացնող «դը՜մը՜փ, դը՜մը՜փ հու՜ու՜ու՜»-երն ու ատելություն բորբոքող պրիմիտիվ «հմայիլ»-ները:
-Նախկինները կորցնում են լափամանը, ձգտում են ռևանշի:
Թույլ չե՛նք տա նրանց վերադարձը:
Մե՛նք ենք տերը մեր երկրի:


«Երկրի տերերը» մեկ մարմին դարձած կկլլեն օպիում-կարգախոսը, չկասկածելով, որ ակամա «միս ու արյուն», ոգի են տալիս ՈՒինսթոն Չերչիլի մարգարեական խոսքերին.
«Ցանկացած պետության տիրելու համար անհրաժեշտ են փոքրաթիվ դավաճաններ և բազմաթիվ հիմարներ»:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ովքե՞ր էին ֆրանս-թուրքական «արտամուսնական» խաչասերումից «բեղմնավորված» ընկեցիկները:
2. Հեղափոխության մոդերատորներն ի՞նչ մեթոդներով հղկեցին-ամբողջացրին ձեռքի տակ եղած հում «նյութի» վիզուալ պատկերը:
3. Ո՞վ է Բուրակ Օզչիվիտը և «тигровка» ոճի, բալզակյան տարիքի հայ կանայք ինչու՞ էին ուզում նրա ժպիտը պարգևել իրենց «պաշտելի առաջնորդին»:
4. Հայտնի տրանսգենդերին «իմքայլականներն» ինչու՞ մտցրին խաղի մեջ:
5. Ի՞նչ մարգարեություն էր արել ՈՒինսթոն Չերչիլը:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 36196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ