Ուկրաինայի կենսալաբորատորիաները հո հենց այնպես չե՞ն ստեղծվել, հենց այնպես չե՞ն գործել… Ուկրաինան Պենտագոնի համար դարձել է անմարդկային փորձերի լաբորատորիա: Ահա թե ինչի են ծառայել ԱՄՆ-ին ենթարկվող, նրա կողմից կառավարվող Ուկրաինայի կենսալաբորատորիաները:
Ռուսաստանը երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նոր փաստաթղթեր է տարածել` կապված Ուկրաինայում ԱՄՆ-ի հիմնած ու Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող, ձևականորեն Ուկրաինային, բայց, ըստ էության, ԱՄՆ-ին պատկանող, համենայն դեպս, նրա ռազմական գերատեսչության կողմից վերահսկվող և ուղղորդվող կենսալաբորատորիաների հետ։
Հիշենք, որ ավելի վաղ, ս. թ. մարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պնդելու է դիտարկել Ուկրաինայում կենսալաբորատորիաների հետ կապված իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Կենսաբանական ու թունավորող զենքերի արգելման մասին կոնվենցիայի շրջանակներում։
Ինչպես արդեն տեղեկացրել ու հիմնավորել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, նշված կենսալաբորատորիաներում ԱՄՆ-ն գաղտնի կերպով իրականացրել է իր ռազմակենսաբանական ծրագիրը, մասնավորապես, արդեն հայտնի վարակիչ ու, միաժամանակ, մահվան զանգվածային դեպքերի հանգեցնող հիվանդությունների ախտածինների` առանձնապես վտանգավոր վիրուսների և բակտերիաների գենոմի արհեստական փոփոխությամբ ստեղծվել են կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչներ, որոնք առավել վարակիչ են, առավել մահաբեր ու դեղակայուն, այսինքն` գոյություն ունեցող դեղերով դրանց դեմ պայքարելը գրեթե անհնար կամ անհնար է:
Ուկրաինայի կենսալաբորատորիաների առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ տարածած նոր փաստաթղթերի մասին, «Известия»-ի տեղեկացմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ինչպես նշել է դիվանագետը, խոսքը ՌԴ պաշտպանության նախարարության հավաքած տվյալների մասին է։
«Ուկրաինայի տարածքում Կենսաբանական և թունավորող զենքերի արգելման մասին կոնվենցիայի խախտմամբ ռազմակենսաբանական գործունեության մասին վկայությունները կուտակվում են,- ասել է Պոլյանսկին։- Համապատասխան նոր նյութերը մենք տարածել ենք որպես Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ»:
ՌԴ Պետդումայի փոխնախագահ, Ուկրաինայի տարածքում կենսալաբորատորիաների գործունեությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան նախօրեին ասել է, որ հանձնաժողովը հարցում է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ՝ կենսալաբորատորիաների մասին խոսելու համար ամերիկյան մի շարք պաշտոնյաների հրավիրելու վերաբերյալ։
Բացի վերոնշյալից, նա պարզաբանել է, որ հանձնաժողովը կանցկացնի Ուկրաինայի տարածքում տեղի ունեցած հիվանդությունների բռնկման ուսումնասիրություն։ Ինչպես հավելել է Յարովայան, Ուկրաինան Պենտագոնի համար դարձել է անմարդկային փորձերի լաբորատորիա։
Ավելի վաղ, երկուշաբթի Յարովայան ասել էր, որ հանձնաժողովը սկսել է դոսյեի նախապատրաստումը և վկաների հարցաքննությունը։ Աշխատանքի առաջին փաստաթղթավորված արդյունքները կցվում են դոսյեին:
Ինչպես ապրիլի 15-ին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն, ռուսական հետաքննության ընթացքում ձեռքբերված փաստաթղթերը հաստատում են հատկապես վտանգավոր վարակների կենսաբանական հետազոտություններում Ուկրաինայի և արևմտյան երկրների սերտ համագործակցությունը։ Աշխատանքներն իրականացվել են՝ չնայած Եվրոպայում կենսաբանական աղետի ռիսկերին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 14-ին հայտարարել է, որ ամերիկացի գիտնականները 2019- 2021 թթ. ընթացքում Խարկովի հոգեբուժարանում գտնվող պացիենտների վրա պոտենցիալ վտանգավոր կենսաբանական պրեպարատների փորձարկումներ են անցկացրել: Բացի այդ, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Խարկովում կենսալաբորատորիաների բազայի վրա և ԱՄՆ-ի վերահսկողության ներքո անցկացվել է չղջիկների միջոցով հիվանդությունների փոխանցման ուղիների ուսումնասիրություն։
Ավելի վաղ, մարտի կեսերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր 2015թ. փաստաթղթեր, որոնք հաստատում էին Պենտագոնի մասնակցությունն Ուկրաինայում ռազմակենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը: Նշվել է, որ հանրապետությունում ձևավորվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների ցանց։ Բացի այդ, փաստաթղթերը վկայում են մահացու վտանգավոր նյութեր ցողելու համար անօդաչու սարքեր կիրառելու Կիևի պլանների մասին: Եվ ոչ միայն փաստաթղթերը…
Ինչպես տեղեկացրեց «РИА Новости»-ին, ռուսական հետախուզությունը մարտին Խերսոնի մարզում, Խարկովի մոտ հայտնաբերվել է երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ սարքավորված քիմիական նյութեր կամ կենսաբանական հեղուկ բաղադրանյութեր ցողելու, փոշեցրելու համար նախատեսված սարքավորումներով: ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովն ապրիլի 14-ին հայտնել է, որ առկա տեղեկությունների համաձայն, Ուկրաինան գնել է այդպիսի ավելի քան 50 ԱԹՍ։
Եթե 50-ից ավելի այդպիսի ԱԹՍ-ներից մինչև այժմ ընդամենը երեքն են հայտնաբերվել, որոշ մասն էլ գուցե ոչնչացվել են անգարներում կամ թռիչքի ընթացքում, ապա հնարավոր չէ բացառել, որ նշված ԱԹՍ-ների մի մասն, այնուհանդերձ, դեռ գտնվում է Ուկրաինայի ԶՈւ տրամադրության տակ ու կարող է առաջիկայում օգտագործվել քիմիական հարձակման կամ որպես կենսաբանական զենք կիրառելու համար ինչպես ռուսական զորքերի ու ռուսական բնակավայրերի, այնպես էլ սեփական զորքերի կամ խաղաղ բնակչության դեմ, որպեսզի դրանով Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական հարձակման մեջ, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին դրդեն, ավելի ճիշտ, առիթ տան Ռուսաստանի դեմ ավելի կոշտ գործողությունների…
«Մտահոգություն է հարուցում այն փաստը, որ մարտի 9-ին Խերսոնի մարզի տարածքում ռուսական զորքերի հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են երեք անօդաչու թռչող սարք՝ սարքավորված 30 լիտրանոց տարայով և բաղադրանյութերի փոշեցրման սարքավորումներով,- ասել է Կիրիլովը:- Ըստ առկա տվյալների, 2022 թվականի հունվարին Ուկրաինան միջնորդ կազմակերպությունների միջոցով ձեռք է բերել ավելի քան 50 նման սարք, որոնք կարող են օգտագործվել կենսաբանական բաղադրանյութերի և թունավոր քիմիական նյութերի կիրառման համար»։
Ավելի վաղ Կիրիլլովը հայտնել էր, որ ուկրաինական «Мотор Сич» շարժիչաշինական ձեռնարկությունը թուրքական «Bayraktar» («Բայրաքթար») անօդաչուների արտադրողներից հետաքրքրվել է նրանցով աերոզոլներ ցողելու հնարավորությամբ, ինչը մտահոգիչ է ամերիկյան ռազմակենսաբանական ծրագրի համատեքստում։
Հետաքրքիր է, թե «Мотор Сич» շարժիչաշինական ձեռնարկությունը դեռ գործո՞ւմ է, ընդհանրապես գոյություն ունի՞… Համացանցում մեզ չհաջողվեց որևէ տեղեկություն գտնել դրա ոչնչացման մասին, հակառակը` ոչ վաղ անցյալում հրապարակված տեղեկությունների համաձայն, այն Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի չխոցված, անվնաս ձեռնարկությունների թվում է, թեև, ինչպես հասկանալի է, ՌԴ զինված ուժերի համար այն հեռահար ու գերճշգրիտ հրթիռներով կամ օդատիեզերական ուժերի ռմբահարվածներով «Мотор Сич»-ն ավերելը, շարքից հանելը խնդիր չէ:
Եթե ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ այդ քայլին չի գնացել, ուրեմն մի բան գիտի… Մասնավորապես` Չինաստանը միջազգային արբիտրաժային դատարանում Ուկրաինայից «Мотор Сич»-ի հետ կապված 4.5 մլրդ դոլարի դատական վեճ ու ստանալիք ունի, ինչը ձեռնարկության ոչնչացմամբ կարող է ի չիք դառնալ: Բացի այդ, «Мотор Сич»-ն Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի թերևս ամենակարևոր ձեռնարկությունն է` ունակ արտադրելու ժամանակակից ավիացիոն շարժիչներ, որը պատերազմի ավարտից հետո շատ է պետք գալու արդեն բոլորովին այլ, ենթադրելի է, ՌԴ-ի հետ բարեկամական, համագործակցային հարաբերություններ ունեցող Ուկրաինային:
Արթուր Հովհաննիսյան