Սկիզբը` այստեղ
Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով հրավեր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին` Ուկրաինայի կենսալաբորատորիաների առնչությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար:
Նրանից ցանկանում են պարզաբանումներ պահանջել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող և Ուկրաինայում գտնվող կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ: «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաների գործունեությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի երեկվա նիստում այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, վերոնշյալ հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովան։
Պետդումայի փոխնախագահն ասել է, որ, ՌԴ ԱԳՆ-ի հետ համաձայնությամբ, մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին «Ռուսաստան պաշտոնական հրավեր ուղարկելու ընթացակարգը»։ Ապրիլի 2-ից 9-ը նա կլինի Եվրոպայում, ուստի ռուսական կողմը կարծում է, որ Նուլանդը «պատճառ չի ունենա ասելու, որ ինքը հեռու է, և որ ունի գրաֆիկ, որը թույլ չի տալիս պատասխանել այս հարցերին»։
«Սա, գիտեք, ազնվության թեստ է, քանի որ եթե Նուլանդը հաստատի, որ լաբորատորիաներ Ուկրաինայի տարածքում կան, և նրանք դրա հետ կապ ունեն, նշանակում է, նա կարող է և պատասխանել այն հարցերին, թե ինչի համար են դրանք ստեղծվել»,- պարզաբանել է Իրինա Յարովան:
Դե, հասկանալի է, որ Նուլանդի` Ռուսաստան ժամանելու հավանականությունը շատ փոքր է, նա հրավերքը չի ընդունի կամ կանտեսի` շատ լավ հասկանալով, որ Մոսկվայում իրեն հարցախեղդ են անելու ու գցելու են ծուղակը, այդպիսով լրացուցիչ հաստատում ձեռք բերելով, որ Պենտագոնն Ուկրաինայում իսկապես զբաղվել է կենսաբանական զենքի նորագույն և առավել մահացու բաղադրիչների մշակմամբ:
Բայց մյուս կողմից էլ պարզ է, որ Ռուսաստան այցելելու պաշտոնական հրավերը մերժելով կամ դրան չարձագանքելով, Նուլանդը ու նրա հետ Միացյալ Նահանգները Յարովայի ասած «ազնվության թեստը», միևնույն է, դարձյալ հանձնած չեն լինի, այս դեպքում էլ, թեկուզ անուղղակիորեն, հավելյալ կերպով կհաստատեն, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում իրոք զբաղվել է ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացմամբ:
Ինչպես արդեն նշել ենք, ավելի վաղ Նուլանդը հենց ինքն է մատնել Պենտագոնի մասնակցությունն Ուկրաինայում ռազմակենսաբանական ծրագրերին: ԱՄՆ Սենատում վերջերս պատասխանելով սենատոր Մարկո Ռուբիոյի հարցին, թե Ուկրաինայում կենսաբանական կամ քիմիական զենք կա՞ արդյոք, Նուլանդը չի ասել` «ոչ»: Հակառակը` խոստովանելով, որ Ուկրաինան ունի կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ ու նկատի ունենալով դրանք, Նուլանդն ասել է. «Մենք անհանգստացած ենք նրանով, որ ռուսական զորքերը կարող են փորձել իրենց վերահսկողության տակ առնել, ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, թե ինչպես թույլ չտանք այդ հետազոտական նյութերից որևէ մեկի ընկնելը ռուսական ուժերի ձեռքը»:
Հենց նույն` Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակման աշխատանքները կամ դրանց հետքերը թաքցնելու նպատակով է, որ Ռուսաստանին մերժվել է մուտքը ուկրաինական կենսալաբորատորիաներ Կիևում, Լվովում և Պենտագոնի ֆինանսավորմամբ գործած, գուցե հիմա էլ դեռ գործող այդպիսի լաբորատորիաներ ունեցող մի քանի այլ քաղաքներում, որոնք դեռ ռուսական զորքերի վերահսկողության տակ չեն:
Ռուսաստանն Ուկրաինայում և Վրաստանում կենսալաբորատորիաներ մուտք գործելու փորձ է արել համաշխարհային կառույցների միջոցով, սակայն դա մերժվել է: Այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վրաստանի կենսալաբորատորիաներ մուտքի թույլտվության մերժումը վկայում կամ առնվազն հուշում է, որ այնտեղ նույնպես կատարվել են, շատ հնարավոր է, հիմա էլ կատարվում են կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծման աշխատանքներ: Որոշ հիմքեր թույլ են տալիս ենթադրելու, որ Պենտագոնի կողմից այդպիսի աշխատանքներ կատարվել են նաև Հայաստանում, չենք կարող բացառել, որ դրանք այժմ էլ շարունակվում են:
«Մենք ձգտեցինք միջազգային- իրավական հաստատությունների միջոցով մուտք ձեռք բերել այդ լաբորատորիաներ (Վրաստանում և Ուկրաինայում),- ասել է Զախարովան ТВ կենտրոնի եթերում։ Ի՞նչ ասացին մեզ… Նրանք ֆանտաստիկ բաներ ասացին: Այցելել լաբորատորիանե՞ր: Իհարկե. Կարելի է: Նստեք ընդունարանում: Ընդունելություն կա, հրաշալի մարդիկ կան, որոնք ձեզ կհանդիպեն, սուրճ կլցնեն ու կատալոգներ ցույց կտան։ Բայց լաբորատորիաների ներս մտնել չի կարելի, ոչ դուք, ոչ էլ մասնագիտացված դիտորդները: Ի՞նչ մասին է սա ասում: Փորձերի մասին, որոնք այնտեղ կատարվել են, որոնք գտնվում են օրենքից դուրս»:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Պենտագոնն օգտագործել է այդ կենսալաբորատորիաները ռազմական նպատակներով, քանի որ որևէ ցենտ չի ծախսի ինչ-որ մի բանի վրա, որն ուղղված չէ ազգային ռազմական շահերին։
Արթուր Հովհաննիսյան