«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ջո Բայդեն. Ամերիկան պատրաստ է վերստին ստանձնել առաջնորդությունն աշխարհում

Ջո Բայդեն. Ամերիկան պատրաստ է վերստին ստանձնել առաջնորդությունն աշխարհում
05.02.2021 | 21:18

«Ամերիկան վերադարձավ միջազգային ասպարեզ, դիվանագիտությունը վերադարձավ», - երեկ հայտարարեց Ջո Բայդենը`նախագահի պաշտոնում առաջին անգամ ներկայացնելով իր տեսլականն ու անելիքները արտաքին քաղաքականության ոլորտում: Նրա շեշտադրումները հստակ էին` Ամերիկան առավել վճռական է լինելու ավտորիտար վարչակազմերի, այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հանդեպ, առավել հետևողականորեն է պաշտպանելու սեփական շահերը, ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները` վերականգնելով հարաբերությունները դաշնակիցների հետ:


«Ամերիկան պատրաստ է վերստին ստանձնել առաջնորդությունն աշխարհում», - ընդգծեց ԱՄՆ նորընտիր նախագահը: «Ամերիկյան վարչակազմը պետք է դիմակայի բռնապետությունն ընդարձակելու այս նոր ալիքը, այդ թվում` հակադարձի ԱՄՆ-ի հետ մրցելու` Չինաստանի աճող հավակնություններին ու մեր ժողովրդավարությունը վնասելու և խարխլելու Ռուսաստանի մտադրությանը», - հայտարարեց նա:


Ռուսաստանին, ինչպես և ակնկալվում էր, Բայդենը թերևս ամենից շատն անդրադարձավ: Դեռ քարոզարշավի ընթացքում նա հայտարարել էր, որ վերանայելու է հարաբերությունները Մոսկվայի հետ` որդեգրելով իր նախորդ Դոնալդ Թրամփից առավել կոշտ դիրքորոշում: Երեկ էլ, դիմելով Պետդեպարտամենտի աշխատակիցներին, Բայդենը պնդեց` ինքն այս ուղերձը փոխանցել է ռուսական կողմին առաջին իսկ հեռախոսազրույցի ընթացքում. «Ես շատ հստակ բացատրեցի նախագահ Պուտինին, ընդ որում, ամենևին ոչ այնպես, ինչպես իմ նախորդն էր անում, որ անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-Ը չէր նկատում Ռուսաստանի ագրեսիվ միջամտությունը ընտրություններին, չէր նկատում կիբերհարձակումներն ու հետապնդումները սեփական քաղաքացիների հանդեպ: Մենք չենք վարանի բարձրացնել այն գինը, որ Ռուսաստանը պետք է վճարի այս ամենի դիմաց, և ամեն ինչ կանենք` պաշտպանելու մեր առանցքային շահերը»:


Անցած շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ անդրադառնալով այս հարցին` Բայդենը վերստին պնդեց, թե Ռուսաստանի իշխանությունը ապօրինաբար է ազատազրկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն: «Նա թիրախում է կոռուպցիան բացահայտելու համար», - ասաց Բայդենը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը հետամուտ է լինելու այս հարցին և պատրաստ է համագործակցել դաշնակիցների ու համախոհների հետ, որ Ռոսաստանի հանդեպ քայլերն առավել արդյունավետ լինեն:
Բայդենի այս հայտարարությունը հնչեց ճիշտ այն ժամանակ, երբ Նավալնու ազատազրկման հարցով Մոսկվա ժամանեց ԵՄ ԱԳ նախարար Ջոզեպ Բորելը: Այցից առաջ արևմտյան առաջնորդները հրապարակավ հայտարարել էին, որ պատրաստ են խստացնել պատժամիջոցները, եթե Մոսկվան շարունակի հալածանքները ընդդիմադիրների հանդեպ:
«Նավալնու՝ քաղաքական շարժառիթներով ազատազրկումը, կարծիքների ու հավաքների ազատությունը ճնշելու Ռուսաստանի փորձերը, խորապես մտահոգում են մեզ ու միջազգային հանրությանը: Նավալնին, Ռուսաստանի մյուս բոլոր քաղաքացիների նման, ունի իրավունքներ, որոնք ամրագրված են այդ երկրի Սահմանադրությամբ: Նա պետք է ազատ արձակվի` անհապաղ և առանց նախապայմանների»:

Բայդենը պնդեց, որ կամուրջներն այրելու մտադրություն չունի, և պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Որպես օրինակ Միացյալ Նահանգների նախագահը վկայաբերեց հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը, որն այս շաբաթ Վաշինգտոնն ու Մոկսվան որոշեցին երկարաձգել ևս հինգ տարով: «Մենք պետք է դիվանագիտորեն շփումների մեջ լինենք նաև մեր հակառակորդների ու մրցակիցների հետ», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:


Բայդենի ելույթից ժամեր առաջ նրա կուսակից և ընդդիմադիր` հանրապետական մի շարք սենատորներ Կոնգրեսին օրինագիծ էին ներկայացրել` առաջարկելով հասցեական պատժամիջոցներ սահմանել ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը և Ռուսաստանում «Նովիչոկ» տեսակի մարտական թունավոր նյութի պատրաստմանը: Փաստաթուղթը նաև կոչ է անում Պետդեպարտամենտին անել հնարավորը, որ Գերմանիան հրաժարվի Ռուսաստանից ձգվող «Հյուսիսային Հոսք-2» գազատարից, ինչպես նաև ստիպի Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն։


Նախագահ Բայդենն այս օրինագծի վերաբերյալ իր դիրքորոշումը դեռ չի բարձրաձայնել: Ելույթ ունենալով Պետդեպարտամենտում, նա պնդել է` արտաքին քաղաքականության հիմքում պետք է լինեն Ամերիկայի ամենանվիրական արժեքները` պայքարը հանուն ազատության, հիմնարար իրավունքների պաշտպանությունը, հավասար հնարավորություններն ու արժանապատիվ վերաբերմունքը յուրաքանչյուրի հանդեպ»:

Դիտվել է՝ 3558

Մեկնաբանություններ