ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անկարան վաղուց առանց դիմակի է

Անկարան վաղուց առանց դիմակի է
11.10.2020 | 09:25

Անցած երկու շաբաթներին պատերազմն Արցախում լայնորեն լուսաբանվում էր միջազգային լրատվամիջոցներում: Ինքնին հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր հիմնականում իր գերակայություններով էր անդարադառնում պատերազմին: Լոնդոնում հրատարակվող The Economist-ը «Ղարաբաղի դասերը» վերնագրով գրում է, թե սպանվել են հարյուրավոր մարդիկ, երկնքում սավառնող անօդաչուները մահ ու կրակ են սփռում: Սա մի հեռու երկրամասում փոքրիկ պատերազմ չէ, օրըստօրե սաստկանում է, կարող է ներգրավել գերտերություններին և դառնալ էլ ավելի արյունալի ու գարշելի:

The Economist-ը նշում է, որ «Նախևառաջ Ամերիկան» Դոնալդ Թրամփի հռչակած հայտնի կարգախոսը համաշխարհային լիդերության տարածքում առաջացրել է վակուում, որը հանգեցնում է տեղական կոնֆլիկտների բորբոքմանն ու ընդարձակմանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այս պատերազմն ընկալում է որպես տարածաշրջանի և ամբողջ մահմեդական աշխարհի առաջնորդ հաստատվելու միջոց: Ռուսաստանն առայժմ լռելյայն համակերպվում է, բայց դա գուցե երկար չտևի: Խիստ անհանգստացած է Իրանը, կա նաև ռազմաճակատից ոչ հեռու անցկացված էներգակիրներ փոխադրող խողովակաշարերի անվտանգության հարցը: Կոնֆլիկտը կարգավորելու մեխանիզմները չեն գործում, խոչընդոտներից մեկն էլ աշխարհի բնականոն կյանքը խաթարող կորոնավիրուսի համավարակն է, որն էլ ավելի է դժվարացնում դիվանագետների աշխատանքը: Թիվ մեկ խնդիրն, ըստ Economist-ի, այն է, որ չկա գլոբալ լիդերություն, 1994-ին ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարողացել են զսպել պատերազմը, անցյալում ԱՄՆ նախագահները ժամանակ և ջանք գործադրել են, փորձելով զսպել պատերազմները Կովկասում, բայց Թրամփը նույնիսկ կորոնավիրուսով վարակվելուց առաջ մեծ հետաքրքրություն չի դրսևորել:


Վլադիմիր Պուտինն էլ այսօր ավելի շատ զբաղված է ներքին խնդիրներով և մինչև որոշակի սահման պատրաստ է հանդուրժել Էրդողանի «չարաճճիություննները»: Պուտինին ձեռնտու է ցանկացած հանգամանք, որը կարող է տարաձայնություններ առաջացնել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մնացած անդամների միջև: Աշխարհում մեծ է սառեցված կոֆլիկտների թիվը, դրանց հիմքում կան պատմական, տարածքային կամ այլ հանգամանքներ: Ողբերգությունն այն է, որ այդ հակամարտությունները ցանկացած պահին կարող են տաքանալ ու պայթել: Մի աշխարհում, որտեղ ժողովրդավարական գերտերությունը կենտրոնացել է ներքին հարցերի վրա և ուշադրությունը շեղել այլ թեմաներից՝ շատ դժվար է կանխել պատերազմները:
Կոնֆլիկտին են անդրադառնում նաև ռուսաստանցի վերլուծաբանները: Վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի փոխանցմամբ, «Բաքուն ձախողվել է Blitzkrieg (կայծակնային պատերազմ) իրականացնելու հարցում և այս վիճակից պետք է փորձի դուրս գալ նվազագույն հանրային-քաղաքական կորուստներով: Հայկական կողմի համար էլ դժվար վիճակ է՝ այդ կարգի ավերածություններ 90-ականների պատերազմից չի եղել: «Պատերազմի երկարաձգումը Հայաստանին ձեռնտու չէ, պետք է գտնել դադարեցնելու հնարավորություններ, սակայն նույնիսկ եթե կարգավորումը շարունակվի դիվանագիտական ճանապարհով, վերադարձ պատերազմին բացառել չի կարելի, այս երկու շաբաթում կողմերի դիրքորոշումներում մերձեցում չի եղել, ընդհակառակը՝ փոխադարձ դառնությունը միայն ավելացել է»՝ գտնում է ռուս վերլուծաբանը:


Կարո՞ղ է ԱՄՆ-ը կանգնեցնել Հայաստանի և Ադրբեջանի պատերազմը հոդվածում The National Interest-ը նշում է, որ աշխարհում միջազգային ինստիտուտները և իրավունքը հիմա տկար վիճակում են: Եթե մեծ տերությունները նախկինում ղեկավարվել են վարվելակերպի որոշակի նորմերով՝ այսօր արդեն գործում են իրենց ցանկության համաձայն և ներքաշվում են տարբեր արկածախնդրությունների մեջ:


Այդպես Ռուսաստանը 2008-ին ներխուժել է Վրաստան, 2014-ին բռնազավթել է Ղրիմը, Չինաստանն ընդարձակում է ազդեցությունը Հարավչինական ծովի տարածաշրջանում, Իրանը Եմենից Իրաք, Սիրիայից Լիբանան շիաների դաշինք է կայացնում, Սաուդյան Արաբիան միջամտում է Եմենի հարցերին, Թուրքիան սատարում է Սիրիայի և Լիբանանի գրոհայիններին, այդ ցանկը կարելի է շարունակել: 2019-ին Իլհամ Ալիևը հայտարարել է՝ «աշխարհում գերակայող է դառնում ուժեղի իրավունքը, հետևաբար, երկիրը պետք է պատրաստվի»:


The National Interest-ը նշում է, թե այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ իր արդյունավետությունը չի ապացուցել, հստակ ձեռքբերումներ չի ապահովել:
The Frankfurter Allgemeine Zeitung-ի վերլուծաբան Ռայնհարդ Ֆեզերն էլ կարծիք է հայտնում, որ Ռուսաստանի ազդեցության լծակները Ղարաբաղի հարցում թուլանում են, բանալին Մոսկվայի ձեռքում չէ, Թուրքիայի մասնակցությունը և ԱՄՆ կրավորական կեցվածքն էլ ավելի են սրում էսկալացիան: Վաշինգտոնի և Մոսկվայի համագործակցությունը կկարողանար մեղմել վիճակը, սակայն ԱՄՆ-ը այս գործընթացից հեռու է մնում: Փորձագետի կարծիքով, Ղարաբաղի խնդիրը ռազմական ուժով լուծելն անհնար է հենց այն պատճառով, որ հայ-ադրբեջանական պատերազմը աշխարհագրությունը սահմանափակվում է Լեռնային Ղարաբաղի և դրան հարող շրջանների տարածքով: «Կոնֆլիկտն այնպիսին է, որ կողմերից ոչ մեկը չի կարող հասնել լիակատար առավելության և հակառակորդին ստիպել ճանաչել պարտությունն ու գրանցել համապատասխան պայմանագրով», - գրել է Ֆեզերը: Հավանաբար, Մոսկվան հույս ունի, որ այս կոնֆլիկտն ինքն իրեն ինչ-որ եղանակով կսպառվի և գոնե դուրս չի գա այդ շրջանի սահմաններից:


«Տեսականորեն կա մի ուժ, որն ի զորու է մարել կամ գոնե թուլացնել կրակը, դա ԱՄՆ է: Նախկինում ռուսներն ու ամերիկացիները՝ չնայած բազում տարաձայնություններին, գոնե այդ հարցում գործակցել են և կանխել են էսկալացիան, բայց հիմա ԱՄՆ այդ գործընթացում չկա», - գրում է գերմանացի վերլուծաբանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայկական կողմի գլխավոր անհանգստությունն այդ իրադարձություններին Թուրքիայի ակտիվ մասնակցությունն է: Եվ խոսքը ոչ միայն այն մասին է, որ զորավարժություններից հետո Անկարան Ադրբեջանի տարածքում էր թողել ամբողջ տեխնիկան, սպառազինությունը և զինծառայողներին, այլև պետության առաջին դեմքերի հայտարարությունների, որ իրենք մինչև Բաքվի ամբողջական հաղթանակը կշարունակեն համապարփակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական: Նրանք կարծում են, որ հայերը պետք է անհապաղ լքեն ԼՂ-ն: Հայերն, իհարկե, դրա հետ համաձայնվել չեն կարող: Նրանք տեղ չունեն գնալու: Հայերը իրավունք ունեն պաշտպանել այն հողերը, որտեղ ապրել են իրենց նախնիները և այժմ ապրում են իրենք՝ գրում է Независимая газета-ն: Տեղացի դիտորդները կարծում են, որ եթե Թուրքիային հաջողվի վերջնականապես ամրապնդվել Հարավային Կովկասում, մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար: Փաստացի նա ստիպված կլինի եթե չհեռանալ տարածաշրջանից, էապես «մի կողմ քաշվել»: «Ադրբեջանա-թուրքական տանդեմը գլխացավանք է դարձել միջազգային հանրության համար: Նույնիսկ կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերսկսելու և հրադադարի կոչ անելով՝ բոլոր պետությունները և միջազգային հեղինակավոր կառույցները չեն կարող հստակ չգիտակցել՝ ով է հրահրել նոր պատերազմը: Եվ եթե Ադրբեջանը, ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, դեռ փորձում է ինչ-որ կերպ թաքցնել, Անկարան վաղուց առանց դիմակի է. Թուրքիայում հայտարարում են, որ հայերը պետք է հեռանան Ղարաբաղից: Մինչդեռ ադրբեջանական բանակի գործողությունների ընթացքում անմիջական հարձակումների է ենթարկվել նաև հենց Հայաստանի տարածքը: Սակայն Հայաստանը դեռ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը՝ հույս ունենալով իր ուժերով հաղթահարել խնդիրը:


Եվ այն հարցին՝ ինչու Հայաստանը դեռ չի դիմել, կա պարզ պատասխան. ՀԱՊԿ հավաքական անվտանգության մասին կանոնադրության պարբերությունը տարածվում է բացառապես Հայաստանի միջազգայնորեն ընդունված տարածքի վրա, և Հայաստանի իշխանությունները նախ պետք է դիմեն կազմակերպությանը նախքան այնտեղից օգնություն ստանալը: Այսպիսով, քանի դեռ ռազմաճակատը չի ընդլայնվել մինչև հայ-ադրբեջանական սահման, ՀԱՊԿ-ի արձագանքին կամ այդ կազմակերպությանը օգնության համար դիմելուն սպասել պետք չէ»,-եզրափակում է պարբերականը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ըստ երևույթին՝ մեկ գիշերում նախկին խորհրդային երկու հանրապետությունների բարձրաստիճան դիվանագետներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու փաստը բառացիորեն «շախ ու մատ» է Թուրքիային, գրում է Asia Times-ը։ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով «Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»։ «Սակայն, որպես հարձակվող, Ադրբեջանը կրակի դադարեցման պահանջից հրաժարվելու հարցում միայնակ չէր։ Ավելի շուտ, հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ավելի կատաղի խոչընդոտ և ռազմական գործողությունների դադարեցման ցանկացած առաջարկի հակառակորդ։ Թուրքիայի նախագահի համար Ադրբեջանին ցուցաբերվող դիվանագիտական լիակատար աջակցությունն ու ուղղակի ռազմական աջակցությունը բխում են Թուրքիայի ավանդական դերից՝ որպես Ադրբեջանի հովանավոր պետություն։ Անկարան, վերջին տարիներին զիջելով այդ դերը Մոսկվային, այժմ մտադիր է վերականգնել կորցրած համբավը»,- ընդգծում է հոդվածագիրը։ Նրա խոսքով՝ «Թուրքիայի ռազմական օգնությունն Ադրբեջանին արագորեն մոտենում է կարմիր գծին, որը նրան դնում է Ռուսաստանի հետ բախման հստակ սահմանի վրա և Լեռնային Ղարադաբի հակամարտությունում ներգրավվածությունը Թուրքիայի համար կարող է ռիսկային լինել»։ «Հրադադարի Պուտինի պահանջը վրա է հասնում վճռական պահի։ Իր սրընթաց քայլով Ռուսաստանի նախագահը վերածվեց Կովկասի գրոսմայստերի՝ դիվանագիտորեն մեկուսացնելով իր թուրք մրցակցին»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ «թեև որքան էլ տպավորիչ լինի ռուսական քայլը, ոչ առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմական գործողությունների վերսկսման ադրբեջանական սպառնալիքը, ոչ էլ դիմակայության հաջորդ փուլում ռևանշի թուրքական ծարավը չեն նվազի»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ճանաչել Արցախի անկախությունը», «Արցախը Հայաստան է», «Դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ֆինանսավորումն ու զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից»՝ պահանջներով Ամերկայի տարբեր անկյուններից Վաշինգտոն հասած հայերը բողոքի ակցիա էին կազմակերպել Սպիտակ տան մոտ։
Սփռյուքահայերի բողոքի ակցիաները շարունակվում են աշխարհի տարբեր երկրներում։ Ֆրանսիայում նույնպես բանուկ փողոցներ են փակվել, Լիոնում «Եվրոնյուզ» հեռուստաընկերության առջև հավաքված հայերը լրատվամիջոցից պահանջել են անաչառ լուսաբանում և հայկական կողմի մասին խոսելիս չօգտագործել անջատողական տերմինը: Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Ֆրանսիային եղբայրական աջակցության համար։ Լիոնի մյուս հատվածներում և Փարիզում հավաքված մի խումբ հայեր էլ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած պատերազմը դատապարտող ու հայկական կողմին ոգևորող կոչեր են հնչեցրել. - «Մենք չպետք է ընկնենք հնձանն ինչպես անցյալում, այս անգամ մենք ուժեղ ենք, խելացի ենք։ Ուզում եմ ասել, որ այս կոչերն այսօր նաև Փարիզում են հնչում, մեր եղբայրները մեզ հետ են նաև Փարիզում»։


Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայերն ի զորակցություն Արցախի ու Հայաստանի, երթ էին կազմակերպել:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ նախագահի նստավայրի առջև հավաքված տեղի հայերը նույնպես պահանջել են գերտերություններից դատապարտել Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերը հրետակոծող ու հրթիռակոծող Ադրբեջանին` չանտեսելով նաև Թուրքիային։ Այստեղ նույնպես դժգոհել են տեղական լրատվամիջոցների լուսաբանումից. «Պահանջել ենք երկրի կառավարությունից և պրեզիդենտից ճանաչել Արցախի անկախություն, քննադատել Թուրքիայի ագրեսիան, քննադատել Ադրբեջանին, կանգնեցնել պատերազմական գործողությունները: Սլովակական մամուլը շատ պասիվ է այդ հարցում, չնայած արդեն վերջին օրվա ընթացքում նկատվում է շատ թեթև ակտիվություն: Հիմնականում Սլովակիան տեղյակ չէ կոնֆլիկտից»:


Իրականում հենց հիմա հրադադարից մինչև առարկայական բանակցությունների վերսկսում անհրաժեշտ է, որ հայկական ամբողջ սփյուռքը պահանջի Արցախի Հանրապետության ճանաչում: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմն իրավիճակ է փոխել՝ Ալիևի դասական սխալն էր Էրդողանի աջակցությանը դիմելը: Էրդողանի դասական սխալն էր մոջահեդներ Ադրբեջան ուղարկելը: Նրանք հաղթանակի հույս ունեին, իսկ հաղթողներին չեն դատում: Բայց՝ պարտվեցին, և հիմա հայ զինվորի փառահեղ հաղթանակը դիվանագիտական դաշտում ուժեղացնելու համար անհրաժեշտ է համայն հայության միահամուռ պահանջը՝ երկու ահաբեկչական պետությունները չեն կարող պատերազմով հարց լուծել, խնդրի լուծումը Արցախի Հանրապետության ճանաչումն է:

Դիտվել է՝ 8638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ