ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան պատրա՞ստ է բանակցել Միջերկրականի հարցով

Թուրքիան պատրա՞ստ է բանակցել Միջերկրականի հարցով
24.09.2020 | 11:26

Թուրքիան պատրաստ է Հունաստանի հետ բանակցություններ սկսել Միջերկրականում օգտակար հանածոների հանույթի հարցով՝ սեպտեմբերի 22-ին հաղորդել է France-Presse-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին: Սեպտեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակապով բանակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը արևելյան Միջերկրականում: Էրդողանն ընդգծել է, որ լարումը թուլացնելու երկխոսությունը սկսելու մեջ կարևոր դեր է խաղում Հունաստանի իշխանության դիրքորոշումը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների առաջիկա սամիթի արդյունքներով՝ ԵՄ-ին ու Թուրքիային կհաջողվի վերսկսել արդյունավետ համագործակցություն: Սեպտեմբերի 24-25-ին ծրագրված սամիթը հետաձգվել է հոկտեմբերի 1-2: Թուրքիայի՝ Միջերկրականում գազի հանույթի հարցը պարբերաբար հայտնվում է ԵՄ ներկայացուցիչների բանակցությունների առանցքում: Կիպրոսը Բրյուսելից պահանջում է սահմանափակումներ մտցնել Անկարայի նկատմամբ՝ արևելյան Միջերկրականի կիպրական տնտեսական գոտում գազի հանույթի պատճառով, և այդ սահմանափակումների բացակայության պատճառով արգելք է դնում Բելառուսի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցների վրա:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռ 2019-ի ամռանն է Կիպրոսին աջակցություն հայտնել: ՙՈւզում եմ մեկ անգամ ևս ընդգծել մեր բացարձակ համերաշխությունը կիպրացիների հետ և մեր հավատարմությունը պետական ինքնինշխանության սկզբունքին: Թուրքիան պետք է դադարեցնի իր անօրինական գործունեությունը տնտեսական գոտու, որ պատկանում է բացառապես Կիպրոսին՚՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը:
RFI


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ: Եռակողմ հանդիպումը եղել է տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է «Անադոլու» գործակալությունը: Կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:


Բանակցությունների ընթացքում ընդգծվել է Աթենքի և Անկարայի պատրաստակամությունը Միջերկրական ծովի արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված նախնական բանակցություններ սկսելու վերաբերյալ: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանային խորհրդաժողովը, որին կմասնակցեն բոլոր կողմերը` ներառյալ կիպրոսցի թուրքերը, կավարտվի կառուցողական որոշումների ընդունմամբ: Փաստացի՝ ոչ եվրոպացիները, ոչ թուրքերը չեն հանգել որևէ պայմանավորվածության սեպտեմբերի 22-ի բանակցություններում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին՝ հայտնում է ermenihaber.am-ը։


Առաջին ելույթը Էրդողանն ունեցել է թուրք նախարարների հետ հանդիպումից հետո։ Ելույթի ընթացքում նա հայկական թեմային անդրադարձել է Եվրոպա/Արևմուտք-Թուրքիա քաղաքակրթական հակադրության համատեքստում. «Մեկ անգամ էլ կրկնում ենք, որ Սիրիայում, Լիբիայում, Եմենում և բազմաթիվ այլ մարդկային ճգնաժամներում կեղծավորություն, անսկզբունքայնություն, շահադիտականություն ցույց տվող երկրները աշխարհում իրավունք և արդարություն չեն հաստատելու։ Այն, որ Ադրբեջանի վրա հուլիսին Հայաստանի հարձակումները կանխելու համար որևէ քայլ չի արվել, ասվածի օրինակներից է»։ Էրդողանի մյուս անդրադարձը Հայաստանին ՄԱԿ-ում էր. «Հուլիսին Ադրբեջանի հողերի վրա հարձակված Հայաստանը մեկ անգամ էլ ապացուցեց, որ Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն է։ Մենք կողմ ենք, որ տարածաշրջանի հակամարտությունները մասնավորապես ԼՂ խնդիրը վայրկյան առաջ լուծվեն Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»։
ՀՀ ԱԳՆ-ն դեռ չի պատասխանել Էրդողանին, թերևս սպասում է, որ Շառլ Միշելը կամ Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը պատասխանեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ