ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան ընտրության առաջ է

Թուրքիան ընտրության առաջ է
11.09.2020 | 10:51

Կիպրոսն արգելափակել է ԵՄ պատժամիջոցների ընդունումը Բելառուսի ղեկավարների նկատմամբ, որ պատասխանատու են օգոստոսի 9-ի ընտրությունների անցկացման և բողոքավորների նկատմամբ բռնությունների կիրառման համար՝ սեպտեմբերի 9-ին հաղորդեց France-Presse-ը: ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են պատժամիջոցները «անձանց դեմ, որ պատասխանատու են դիտարկվող բռնությունների, չհիմնավորված ձերբակալությունների և ընտրությունների արդյունքների կեղծման համար»: Եվրոպայի խորհուրդը կազմել է պաշտոնյաների ցուցակը, որ այդ սահմանափակումների տակ են ընկնում, նրանց կարգելվի մուտքը ԵՄ տարածք, կսառեցվեն ակտիվները Եվրոպայում: AFP-ն փոխանցել է, որ ցանկում 40 մարդ կա: Բելառուսի ղեկավարների դեմ պատամիջոցներ սահմանելուց հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ Կիպրոսը ԵՄ-ից պահանջել է սահմանափակումներ մտցնել Թուրքիայի դեմ՝ Արևելյան Միջերկրականում Կիպրոսի տնտեսական գոտում գազի հանույթի պատճառով: Միջերկրականում գազի պաշարների հայտնաբերումը Կիպրոսի ափերի մոտ մեծացրել է լարվածությունը Կիպրոսի ու Թուրքիայի միջև, որ կար 1974-ին Թուրքիայի Կիպրոսի տարածք ռազմական ներխուժումից ու կղզու մասնատումից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019-ին աջակցություն է հայտնել Կիպրոսին Թուրքիայի հետ կոնֆլիկտում: «Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր բացարձակ համերաշխությունը կիպրացիների հետ և մեր հակվածությունը պետական ինքնիշխանության սկզբունքին: Թուրքիան պետք է դադարեցնի իր անօրինական գործունեությունը տնտեսական գոտում, որ պատկանում է բացառապես Կիպրոսին»՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցությունների հաջորդ փուլը, որի ժամանակ կքննարկվի Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների հարցը, կկայանան սեպտեմբերի 21-ին: Բելառուսի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Լատվիան, Լիտվան, Էստոնիան: ԵՄ-Թուրքիա հարաբերությունները ևս քննարկվելու են ԵՄ սամիթում սեպտեմբերի 24-25-ը:
RFI


Հ.Գ. Երեկ Կիպրոսի ԱԳՆ աղբյուրը հայտնել է, որ Կիպրոսի իշխանությունները չեն փորձում արգելափակել Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը Թուրքիայի հետ վեճի պատճառով: «Ոչ, ճիշտ չէ, որ Կիպրոսը արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ, քանի դեռ թուրքական ընկերությունները չեն ներառվել պատժամիջոցների ցուցակում», – ասել է աղբյուրը: Փոխարենը Կորսիկայում երեկ սկսվել է Միջերկրական ծովի ավազանի եվրոպական 7 պետությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ղեկավարների գագաթաժողովը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցն է։ «Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, որ անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, որ հարիր չէ մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին», - հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան Անկարայի հետ հարաբերություններում լարումն ավելացնելու նպատակ չունի։ «Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա լարումից։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք կրավորական կամ հանդուրժող դիրք ենք գրավելու», - նշել է Մակրոնը։ Բացի այդ՝ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին։ Սեպտեմբերի 10-ին ճեպազրույցում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, քննարկվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները»:
«Հունական կողմին հնարավորություն է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամի ապօրինի և սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլև հենց դաշինքի թե անվտանգության և թե համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադրիչ գործողությունները Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում»,- ասել է նա: «Հավաստվեց նաև լարվածության ապաէսկալացիայի շուրջ մեր հայտարարված դիրքոշումը: Այսինքն՝ ապաէսկալացիայի անհրաժեշտ պայման է թուրքական Oruc Reis-ի (հետազոտական նավի) և ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել է Պեցասը:


ՆԱՏՕ-ն փորձում է հավասարահեռ դիրքորոշում ունենալ իր անդամներ Հունաստանի և Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաէսկալացիայի և երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում է, որ երկուստեք պետք է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց». Հունաստանը դա ընկալում է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն, որն, Աթենքի խոսքով՝ նավերն անօրինականորեն ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտի շրջան: Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր նավերը, ներառյալ ռազմանավերը, Արևելյան Միջերկրականում Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից՝ սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հունաստանի ԱԳ փոխնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նիստում, որ նվիրված էր Թուրքիայի հետ հարաբերություններին։ Վարվիցիոտիսն ընդգծել է, որ «Եվրամիությունը պետք է անհապաղ սկսի (Արևելյան Միջերկրականի) տարածաշրջանում խաղալ իրեն վայել դերը, երբ սպառնալիքի տակ են գտնվում եվրոպական ինքնիշխանությունը և նրա ռազմավարական ինքնավարությունը»: «(Թուրքիայի կողմից) Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Եվ դա պետք է անեն նրանք, ովքեր լարվածություն են առաջացնում: Բոլոր թուրքական նավերը, ներառյալ ռազմանավերը, պետք է անհապաղ դուրս բերվեն՝ հաշվի առնելով, որ դրանց ներկայությունը սուվերեն իրավունքների խախտում է, ինչը պետք է անմիջապես դադարեցվի»,- ասել է Վարվիցիոտիսը: Հունաստանը չի ճանաչում 2019-ի նոյեմբերին Անկարայի կողմից Տրիպոլիում բազավորված կառավարության հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանագծման շուրջ: Հունաստանն այս ամռանը ծովային գոտիների սահմանագծման համաձայնագրեր է կնքել Իտալիայի և Եգիպտոսի հետ: Անկարան հայտարարել է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, և իր Oruc Reis հետազոտական նավը մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ սեյսմիկ հետազոտության համար ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանածաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք: Հունաստանը մարտական պատրաստության վիճակի է բերել իր զինված ուժերը և հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները։


Փաստացի՝ Թուրքիան ցայտնոտի մեջ է հայտնվել՝ կամ դադարեցնում է անօրինական պեղումները, կամ՝ սահմանվում են պատժամիջոցներ: Դատելով Անկարայից հնչող հայտարարություններից՝ Էրդողանը ոչ այնքան նավթ կամ գազ է որոնում Կիպրոսում ու Հունաստանում, որքան նպատակ ունի սրել հարաբերությունները ԵՄ-ի հետ ու ՆԱՏՕ-ի ներսում: Նպատակը հիմնականում գործողությունների ազատություն ստանալն է Սիրիայում, Լիբիայում ու Իրաքում: Վերջերս Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան բարձրորակ գազի մեծ պաշարներ է գտել Սև ծովում: Միջերկրականը նրան պետք է իբրև հզորության հավաստում, ոչ թե գազի կամ նավթի հանքավայր, Էրդողանը խաղում է իր կարծիքով շատ մեծ խաղ՝ մարտահրավեր նետելով Բրյուսելին: Չի բացառվում, որ Նավալնու թունավորման պատմությունը բոլորովին էլ ռուսական հետք չունի, այլ՝ հենց թուրքական՝ հընթացս փչացնելու համար ԵՄ-ՌԴ վերականգնվող հարաբերությունները և Ռուսաստանին կապելով մերժվածների փաղանգին, որտեղ Թուրքիան է՝ իբրև տարածաշրջանային պետություն ու միջազգային ասպարեզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ