Անգելա Մերկելին վաղուց են մեղադրում, որ Եվրոպայի գերեզմանափորն է: Եվրոյի ճգնաժամի ժամանակ նա չկարողացավ հույներին բացատրել՝ ինչու պետք է պահպանեն կոշտ խնայողության ռեժիմը, որ ինքն էր պարտադրել: Նա անհավանական դժվարություններով կարողացավ համոզել գերմանացիներին նվազագույն համերաշխություն դրսևորել հարավային հարևանների նկատմամբ: 2011-ին նա ատոմային էներգիայից հրաժարվելու միակողմանի որոշում ընդունեց: 2015-ին բացեց Գերմանիայի դռները մեկ միլիոն փախստականների առաջ: 2017-ին, ընկղմվելով ներքին քաղաքականության խնդիրների մեջ, չարձագանքեց ԵՄ-ի վերածնունդի Էմանուել Մակրոնի առաջարկին: Ֆրանսիայի միմյանց հաջորդող նախագահները (2005-ին իշխանության գալու պահից 4 նախագահ է փոխվել) ամեն փուլում վիթխարի միահամուռությամբ ափսոսանք էին հայտնում, որ կանցլերը Եվրոպայի տեսլական չունի: Նրանք չէին ցանկանում տեսնել՝ ինչպես Ֆրանսիան խորքով բարեփոխելու, պետական ծախսերը վերահսկելու ու աճող պարտքերը սանձելու անկարողությունը կործանել է իրենց հղեինակությունը Բեռլինի աչքում: Փոխվստահության բացակայությամբ ֆրանս-գերամանական շարժիչը պարապ էր աշխատում: Covid-19 ժամանակավորապես փոխեց իրավիճակը հենց այն պահին, երբ Անգելա Մերկելը պատրաստվում է հուլիսի 1-ից 6 ամսով ստանձնել ԵՄ նախագահությունը: Կանցլերը եվրոպացի համաշխարհային քիչ ղեկավարներից է, որ կարողացել է ուժեղացնել իր դիրքերը պանդեմիայի հարուցած շրջապտույտում: Եվս մեկ անգամ նա ապացուցեց, որ անհավանական քաղաքական հոտառություն ունի և գիտի ինչպես օգտագործել պատեհ պահը, որ վերականգնվի: Ընդհանուր եվրոպական պարտքի ծրագիրը ընդունելու նրա աննախադեպ վճիռը, որ առաջին հերթին օգնում է Իտալիային, Իսպանիային և Ֆրանսիային, փոխեց նրա իմիջը Հին աշխարհում: Գերեզմանափորից նա դարձավ շինարար:
Անգելա Մերկելը լքեց կոմֆորտի իր գոտին, որովհետև միջազգային մթնոլորտը, որ այդքան օգնել է Գերմանիային, գտնվում է սպառնալիքի տակ՝ ինչպես երբեք: Պանդեմիան սրեց անհավասարությունը Եվրոպայի երկրների միջև՝ սպառնալով ներքին շուկայի կայունությանը, որ այդքան կարևոր է գերմանացի արտահանողների համար: Ինքնատիպ պոպուլիզմի գլոբալ աճը, ԵՄ-ից ցանկացած գնով դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը, Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի անկայուն քաղաքականությունը, Չինաստանի ու Ռուսաստանի եվրոպական միասնությունը խարխլելու մանևրները ամրապնդեցին Բեռլինի մտահոգությունը: «Պանդեմիան ցույց տվեց որքան փխրուն է եվրոպական նախագիծը»՝ հայտարարեց կանցլերը հունիսի 18-ին Բունդեստագում: Եվրոպան գիտի, որ հետայսու հույսը միայն իր վրա կարող է դնել:
Անգելա Մերկելի վերափոխումը բացատրող մյուս գործոնը մայիսի 5-ին Գերմանիայի Սահմանադրական դատարանի անսպասելի հայտարարությունն է: Վիճարկելով եվրոպական իրավունքի գերակայությունը՝ Կառլսռուեի դատարանը ցույց տվեց, թե Եվրոպայի հետ ավելի սերտ դաշինքի ձգտումը որքան ձեռնտու չէ գերմանական էլիտային: Քննադատելով Եվրոպական կենտրոնական բանկին, սահմանադրական դատավորը պարտադրեց անդամ երկրներին օգտագործել բյուջետային գործիքը տնտեսության վերակենդանացման համար՝ դրամային քաղաքականության վրա հույսները դնելու փոխարեն, ինչպես եղել է նախկինում: Այդ իրադարձությունները Գերմանիային դրեցին ճակատագրական ընտրության առաջ՝ պատրաստվել ԵՄ-ի հետ դանդաղ ապաինտեգրման և եվրոյից հնարավոր հրաժարվելու կամ ամեն ինչ անել փրկելու ինտեգրացիոն նախագիծն ու միասնական տարադրամը: Մոտենալով իր քաղաքական կարիերայի ավարտին՝ Անգելա Մերկելը ընտրեց երկրորդ այլընտրանքը, նույնիսկ եթե դա պահանջում է հրաժարվել անցյալի արգելքներից: Մայիսի 18-ին հավանություն ստացած ԵՄ տնտեսության ֆրանս-գերմանական վերականգնման ծրագիրը թույլ կտա Եվրոպային, ազատագրվելով բրիտանական շղթաներից, դաշնային թռիչք գործել: Ոչինչ չի կարող ամրապնդել պետության միասնությունն ավելի, քան պարտքերի ընդհանուր դարձնելը: Ճպուռն ու մրջյունը կապում են իրար իրենց ճակատագիրը:
Գերմանական Եվրոպայի փոխարեն, որից շատերը բողոքում էին եվրոյի ճգնաժամից հետո, կանցլերն ընտրեց եվրոպական Գերմանիան: Հիմա Ֆրանսիան պետք է ապացուցի, որ կարող է հրաժարվել նախկին անվերջ ծախսերից ու անսահմանափակ պարտքերից, որ ընտրություն անի հօգուտ եվրոպական Ֆրանսիայի: 2021-ին Անգել Մերկելը հեռանում է, նա խոստացել է, որ հեռանում է քաղաքականությունից: Գուցե այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահները ափսոսեն կանցլերի հեռանալու համար, ում վրա այդքան հաճախ հարձակվում էին:
Լյուկ Բրոշե, Le Point (Ֆրանսիա)
Հ.Գ. Հուլիսի 1-ից ԵՄ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Անգելա Մերկելը հարցազրույց է տվել Մեծ Բրիտանիայի Guardian-ին, Գերմանիայի Süddeutsche Zeitung-ին, Ֆրանսիայի Le Monde-ին, Իսպանիայի La Vanguardia-ին, Իտալիայի La Stampa-ին, Լեհաստանի Polityka-ին: Չափազանց հետաքրքիր հարցազրույց, որի ընթացքում պարզաբանել է և ԵՄ-ում Գերմանիայի նախագահության խնդիրները, և կորոնավիրուսի պանդեմիայի առողջապահական ու տնտեսական հետևանքներից դուրս գալու իր պատկերացումները, հանգամանալից անդրադարձել է բրեկզիտին ու Բորիս Ջոնսոնի որոշումներին, ԱՄՆ-ին, Չինաստանին ու Ռուսաստանին:
«Անընդհատ ԵՄ-ի վերապրելու հնարավորությունների մասին հարցեր տալու փոխարեն մենք պետք է կատարենք մեր հիմնական աշխատանքը: Աջակցենք եվրոպական ուժեղ ներքին շուկային ու պահպանենք միասնությունը միջազգային ասպարեզում»՝ ասել է Գերմանիայի կանցլերը, որ շատ հաճախ էր ընդդդիմանում ԵՄ որոշումներին, երբ չէին բխում Գերմանիայի շահերից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ