Ապոթեոզ-կուլմինացիա-ֆինալ
26.05.2020 | 00:08
Ի՞նչ է նշանակում ապոթեոզ: Աստվածացում: Ի սկզբանե հույն հերոսների ու Հռոմի տիրակալների: Թատրոնում ապոթեոզը ներկայացման վերջին տեսարանն է, երբ բոլոր դերասանները բեմում են: Միով բանիվ՝ զարգացման վերջին փուլը՝ կուլմինացիան: Ամեն ինչի: Կուլմինացիան փոխհարաբերությունների շրջադարձն է, իրավիճակի ավարտը՝ ֆինալը: Ֆինիտա լա կոմեդիա, կամ տրագեդիա:
Ի՞նչ կապ ունի այս ամենը այն ամենի հետ, որ կատարվում է մեր շուրջբոլորը: ՈՒՂՂԱԿԻ: Ապոթեոզն ավարտվեց, աստվածացումն ապրեցինք, ոմանք նույնացան Հռոմի պապի ու Հիսուսի հետ, բայց դա ներկայացման առաջին տեսարանն էր:
Այս ներկայացումը կոչվում էր «Մենք ու նրանք»: Գործող անձինք՝ Վրաստանն ու Հայաստանը: Գործողության ժամանակը՝ մեր օրերը: Ներկայացման թեման՝ կորոնավարակ: Վրաստանը հանեց արտակարգ դրությունը, որ սահմանել էր, երբ երկրում ոչ մի կորոնավարակակիր չկար: Եվ 1000 վարակակրի սահմանին չհասավ, Հայաստանը անցել է 7000-ը, Վրաստանում մահերը 12-ն են, Հայաստանում՝ եռանիշ: Այս պայմաններում ՀՀ առողջապահության նախարարը, որ ինքնամեկուսացել էր,Հանրային խորհրդի առցանց նիստում հայտարարում է. «Նախ՝ չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ և խիստ, և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Այսինքն՝ իրենց մոտ մինչ հիմա սահմանափակումներն ուժի մեջ են, իհարկե, դա բերում է նաև հետևանքների՝ սկսած, օրինակ՝ գնաճից, արտարժույթի ինֆլյացիայով վերջացրած, բայց նաև կա մեթոդաբանության տարբերություն։ Նախ՝ Վրաստանի առողջապահական համակարգը, և հատկապես՝ հակահամաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով։ Այսինքն՝ մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը»։ ՈՒ հավելում, որ Վրաստանում «Կա նաև մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք իրենք հաշվարկում են՝ որպես թեստ։ Ես 100 տոկոս, իհարկե, ինֆորմացիա չունեմ և դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, բայց հնարավոր է, որ, օրինակ՝ Վրաստանի արած 40 000 թեստերը PCR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ հավաստի և վստահելի չեն։ Երկրորդը՝ այն քաղաքացիներն են, որոնք թեստավորվում են՝ ըստ ցուցումների, օրինակ՝ արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք, հնարավոր է՝ ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվել են, թե՞ ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացիր։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ և չեմ էլ ուզում ունենալ, դա մեր խնդիրը չէ»։ Շարունակությունը նույն ոգով: Ինքնին հասկանալի է, որ նախարարը, դատելով թվերից, հիմք չունի նման եզրակացությունների, և նրա գնահատականը ինքներդ որոշեք, թե ինչի ապոթեոզ է: Բացի այդ՝ միանգամայն առողջ ու սթափ գիտակցությամբ՝ սադրում է միջազգային սկանդալ: Իսկ որևէ մեկը ուշադրություն դարձրե՞ց, որ հայ հանճարեղ նախարարը ելույթ էր ունենում ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ: Եվ ինչպե՞ս են ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ նախագահն ու անդամները գնահատել նրա «գյուտերը»: Ես չգիտեմ, դատելով հրապարակային առարկությունների բացակայությունից, համաձայն են եղել, ուրեմն մենք ունենք ՀԱՆՐԱՅԻՆ ԱՊՈԹԵՈԶ: Ինքներդ որոշեք ինչի՝ հանճարեղության ապոթեոզը գլուխգործոցն է, տխմարությանը՝ քաոսը: Այստեղ առաջին գործողությունն ավարտվում է: Երկրորդ արարում վրացիներն են, որ, մեղմ ասած, ՀՀ առողջապահության նախարարին ուղարկում են այնտեղ, որտեղ… Ի տարբերություն նրա՝ փաստերով, թվերով, հիմնավոր: Եվ ամենադիպուկը խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտրիաձեն, որ ֆեյսբուքում հայերեն գրել է. «Արսեն, չե՞ք ամաչում»: Երկրորդ արարն ավարտվում է տեղեկատվությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներողություն է խնդրել: «Հայկական կողմը ափսոսում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճիշտ չմեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրացի գործընկերներին», «Իմեդիի» եթերում հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին:
ՈՒշադրություն դարձրեք՝ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ: Զալքալիանիի խոսքով «Բնականաբար, հենց ԶԼՄ-ներից ստացանք նման հայտարարությունների մասին տեղեկատվությունը, անհապաղ արձագանք եղավ դիվանագիտական խողովակների միջոցով: Իհարկե, մեղմ ասած, դա շատ անտեղի էր հարևան և բարեկամական երկրի հանդեպ, այդ թվում, պաշտոնատար անձանց կողմից, այնպիսի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, ինչպիսին առողջապահության նախարարն է»: Զալքալիանին ասել է. «Քիչ առաջ ինձ հետ կապվեցին Երևանում մեր դեսպանությունից։ Նրանք տեղեկացրին, որ Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգել են դեսպանություն։ Զանգել է ԱՄ միջազգային հարաբերությունների վարչության պետը և առողջապահության նախարարի անունից ափսոսանք հայտնել, որ իր հայտարարությունը, որը ոչ ճիշտ է մեկնաբանվել, վշտացրել է վրացի գործընկերներին»,- ասել է նա։ Հայկական կողմն ընդգծում է, որ «իրենց առողջապահության նախարարի ասածները, որ հրապարակել են ԶԼՄ-ները, ոչ ճիշտ են մեկնաբանվել»։ Վրաստանի ԱԳ նախարարը գտնում է, որ տեղեկությունը անպայման պետք է վերստուգվի։ «Բնական է, տրամաբանական է, որ դա չպետք է նրանց դիրքորոշումը լինի, քանի որ չի կարելի պաշտպանված ու անվտանգ զգալ, եթե շուրջդ լուրջ խնդիրներ են։ Մենք իսկապես տեսնում ենք, որ Հայաստանում վարակվածների թվի դինամիկան աճում է։ Հայաստանի իշխանություններն իրենք են դա խոստովանում։ Այն դեպքում, երբ Վրաստանում իրավիճակը դրական է»,- հայտարարել է նա։ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ COVID-19-ի դեմ պայքարում Վրաստանի ջանքերը բարձր են գնահատում միջազգային գործընկերները, այդ թվում՝ ԱՀԿ-ն: «Ես ուզում եմ հավատալ, որ դա եղել է ԶԼՄ-ների ոչ ճիշտ մեկնաբանություն, և այդ մտահոգությունը, որ արտահայտել է Հայաստանի առողջապահության նախարարը դեսպանություն արված զանգով, անկեղծ է»,- հավելել է նա։ Արար երրորդ՝ կոնֆլիկտը հարթված է: Գործող անձինք արտասանում են վերջին մոնոլոգները: Հա՞ որ: Իրականում ԶԼՄ-ները չեն հրապարակել, իմա՝ վերաշարադրել Արսեն Թորոսյանի հանճարեղ մտքերը: ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ են հրապարակել, և այդ պարագայում ապավինել լրագրողների խեղաթյուրմանը, մեղմ ասած, ևս մեկ ապոթեոզ է: Այսինքն՝ Վրաստանում չի գտնվելու ՄԵԿ մարդ, որ ի վիճակի է հայերենից վրացերեն թարգմանել Արսեն Թորոսյանի ուղիղ խոսքը: ՈՒ սա ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՊՈԹԵՈԶ է: Փաստացի՝ վարագույրը դեռ չի իջել ու ֆինալի ծափերը չեն հնչել: Միակ ՖԻՆԱԼՆ այս պարագայում Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունն է: Ոչ միջազգային սկանդալի պատճառով ու հետևանքով: Այլ՝ կորոնավարակի հակազդման քայլերի տապալման: Մեր հրաշալի նախարարը կարեցածն արեց, որ.
1. Հայաստանում կորոնավիրուսը հնարավորինս արագ ու շատ տարածվի:
2. Հայաստանի քաղաքացիները հնարավորինս ապակողմնորոշված լինեն:
3. Հայաստանից կորոնավիրուսը հնարավորինս ուշ հեռանա:
Իհարկե, այդ քայլերի մեջ էլ կա տրամաբանություն՝ որքան շատ մարդ վարակվի, այնքան արագ կձևավորվի բնական իմունիտետ: Բայց դա պայքարի ամենաանմարդկային մարտավարությունն է, ոչ մի բժիշկ, եթե Հիպոկրատի երդում է տվել, իրավունք չունի ընտրելու, եթե կան այլ մարտավարություններ:
Կորոնավիրուսի տարածման կես տարում ՀՀ առողջապահության նախարարը չհասկացավ, որ բնակչության թեստավորումը ոչ թե հանուն թեստավորվողի հոգու խաղաղության է, այլ առողջ մարդկանց: Իմա՝ վարակվածներին գտնելու ու առողջներից մեկուսացնելու: ՈՒ որովհետև անգամ դա չհասկացավ, ասիմպտոմ մեկուսացվածներին բերեցին Հանրապետության հրապարակ ու ասացին՝ ազատ եք, գնացեք, ում ուզում եք՝ վարակեք, ճանապարհին էլ՝ տաքսիստներին, անցորդներին, ով պատահի: Հարցը մեկն է՝ հանուն կորոնավարակից մահաթվի կրճատման, վարակակիրների թվի կրճատման, օր առաջ Արսեն Թորոսյանը պետք է հրաժարական տա: Նա ԼԻՈՎԻՆ տապալել է աշխատանքը ու ԲՈԼՈՐՈՎԻՆ չի կարողանում կատարել պաշտոնական պարտականությունները: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Արսեն Թորոսյանը կշարունակի պաշտոնավարել՝ այս տրամաբանությամբ պիտի պաշտոնանկվի փոխվարչապետ ու պարետ Տիգրան Ավինյանը, որ իբր պիտի ապահովեր կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպական կողմը: Թե այս ընթացքում փառահեղ պարետն ԻՆՉ է կազմակերպել, ամեն օր տեղեկանում ենք նրա մամլո քարտուղար վարչապետից, բայց նա երբեք չի ասի՝ ինչու՞, օրինակ, երեկ Վրաստանում վարակի ՄԵԿ և մահվան ԶՐՈ դեպք է եղել, Հայաստանում՝ վարակի՝ 452, մահվան՝ 12: Նույնիսկ կորոնավիրուսի դեպքում Վրաստանը գնում է Եվրոպայի ճանապարհով, Հայաստանը կրկնում է Ռուսաստանին:
Փաստացի՝ այս կառավարության օրոք ֆանտաստիկայի ժանրից է կորոնավիրուսի դեմ արդյունավետ քաղաքականությունը. առողջապահության նախարարը դիակների դաշտեր է խոստանում, պարետը առավելագույնը ինչ-որ կազմակերպությունների գործեր է կասեցնում: Վարչապետը հայտարարում է՝ կարանտին՝ առանց կարանտինի, որ հնչում է գեղեցիկ, իսկ դեֆակտո վերածվում է հավաքների և մի քանի ոլորտների աշխատանքի արգելմանը, որ անհեթեթ է մարդկանց առողջության պահպանության տեսակետից ու հոդաբաշխ բացատրություն չի ստանում: Ֆինիտա: Լա կոմեդիա, թե լա տրագեդիա՝ ինքներդ որոշեք:
Անահիի ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. -Անցյալ շաբաթ զարմանալիորեն սկանդալ դարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած բանկետը: Ֆեյսբուքահայությունը չգիտես ինչու վրդովված էր, որ իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուսի համավարակն անտեսելով` չեն պահպանում վարակի տարածումը կանխարգելող կանոնները, սոցիալական հեռավորություն, չեն կրում դիմակներ և ձեռնոցներ:
Իրականում զարմանալին ոչ թե դա պիտի լիներ, այլ բանկետն ընդհանրապես: Թեկուզ՝ բացօթյա: Եթե, իհարկե, հարգում ես պաշտոնյայի քո խոսքն ու քո քաղաքացուն: Բայց իրական սկանդալը դա չէր, այլ բուն պաշտոնակալության արարողության ժամանակ Արցախի նախագահի հայտարությունը՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին ասել է Լեոնիդ Ազգալդյանը, հետագա կրկնությունները խնդրահարույց են Իսկ երբ Արցախի նորընտիր նախագահն է ասում, հնչում է իբրև հրաժարականի խոսք: Բայց մեզ համար մատչելին բանկետ քննադատելն էր, դա է հասարակական գիտակցության մակարդակը: Իմա՝ ապոթեոզը շարունակվում է, կուլմինացիան ձգվում է, իսկ ֆինալ չկա, ու դա արդեն աբսուրդի թատրոն է՝ Գոդոյին սպասելիս:
Իսկ այդ ընթացքում Հյուսիսային պողոտայում Արտո Չաքմաչյանի «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու համար կառավարությունը տրամադրում է 37 մլն դրամ, երբ Արսեն Թորսյանը ֆեյսբուքում գրում է. «Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված են 154-ը, ազատ են ընդամենը 32-ը»: Եվ վարչապետը հարցնում է՝ շահարկումներ չե՞ն լինի, ԿԳՄՍ սուպերնախարարը պատասխանում է՝ ոչ: Լույս իջնի 2019-ի հոկտեմբերի 1-ին վախճանված Արտո Չաքմաքչյանի հոգուն, հիմա դրա՞ ժամանակն է: Իսկ ինչու՞ 2018-ի հոկտեմբերի 1-ին վախճանված Շառլ Ազնավուրին ի հիշատակ օդանավակայանը չի վերանվանվում Շառլ Ազնավուրի անվան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Ողջ լերուք: Չկորոնավարակվեք, քանի դեռ Արսեն Թորոսյանը նախարար, Տիգրան Ավինյանը պարետ է, համարյա անխուսափելի է, բայց դուք խուսափեք: Դուք արժանի եք ֆինալը տեսնելու: Դուք դեռ պետք է ծափահարեք: Ճգնաժամային կառավարման ղեկը ձեր ձեռքին է՝ ինքնակառավարվեք ու ինքնափրկվեք: Ձեզնից է կախված՝ այս կոնկրետ պատմությունը կոմեդիա, թե տրագեդիա է լինելու, և ում համար երբ ու ինչպես է ավարտվելու: Ընդհանրապես ու մասնավորապես: Ապրեք երկար ու առողջ:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ