Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ «ՄԻ-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին եղել է չափազանց մոտ: ՈՒղղաթիռը խոցելուց հետո հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ բացել դեպքի վայրի ուղղությամբ:
Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ուղղաթիռի խոցման դեպք չէր արձանագրվել: Փորձագետները նշում են, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը սրվում է, կամ գլուխ են բարձրացնում Ալիևներին մրցակից կլանները, Ադրբեջանի նախագահը դիմում է նման քայլերի՝ ներքաղաքական դաշտը հակահայկականության շուրջ միավորելու համար։
Հետախույզ, հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎՆ ուղղաթիռը խոցելու դեպքը կապում է Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարի Բաքվում գտնվելու հանգամանքի հետ։ «Թուրքական բարձրաստիճան սպան երևի եկել էր Բաքու՝ պարզելու, թե ոնց իր սպաներին հայերը խփեցին դիվերսանտների թվում։ Ձերբակալված մյուս դիվերսանտներն էլի թուրք գեներալի սպաներն են եղել, որոնք Թուրքիայում պարապել են նրա մոտ։ Սա ադրբեջանցիների կողմից ցուցադրական քայլ էր՝ թուրք հրամանատարին հաճոյանալու համար։ Այլ բացատրություն երևի թե չկա։ Այս պահին հսկայական հայկական զորամիավորում է կուտակված սահմանագծին, ու թուրքը չէր գնա կոնֆրոնտացիայի այն դեպքում, երբ այդ զորամիավորումն ի վիճակի է մինչև Բաքու հասնելու»,- նշեց Վովա Վարդանովը։
Ըստ մեր զրուցակցի՝ մեր պատասխանը պետք է լինի միայն դիրքեր վերցնելը. «Պետք է իսպառ վերացվի այն կետը, որտեղից նրանք կրակել են, և ոչ միայն այդ, այլև կողքի պոստերը։ Սարսափ, միայն սարսափ թուրքի մեջ մտցնելով՝ կարող ենք անվտանգ երկինք ունենալ հայկական հանրապետությունների վերևն ու ապահովել մարդկանց անվտանգությունը»։
Մեր այն դիտարկմանը, թե այդ ամենը չի՞ հանգեցնի արդյոք լայնածավալ պատերազմի, Վովա Վարդանովը պատասխանեց՝ եթե ես լինեի, կսկսեի պատերազմ. «Սահմանի վրա 30-հազարանոց խմբավորում ունենք, հանգիստ կարող ենք Բաքու հասնել։ Մինչև Կուր գետի աջ ափը՝ Վրաստանի սահմանը, մաքրենք։ Դրանից լավ հնարավորությո՞ւն։ Թեև համոզված եմ, որ մենք այդ քայլին չենք դիմի։ Բայց ինչ-որ հողակտոր վերահսկողության տակ վերցնել պետք է։ Նրանք հողի վրա են լավ լացում, ու հողի կտորի կորուստը մեծ ազդեցություն կարող է թողնել նրանց վրա։ Պատերազմի ժամանակ տասնյակ հազարավոր զոհեր են տվել, վեջները չի։ Նշանակում է, մարդկային կորուստը նրանց համար ցավոտ չէ։ Հող, հող վերցնել է պետք։ Հնարավորին չափ ոչնչացնել կրակող և կողքի մի քանի հենակետերը, եթե չոչնացնել, դարձնել սարսափի զոնա՝ հետևի մասն ականապատելով, որ անգամ պետքարան գնալիս սատկեն»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ