Այսպիսով, նախկին «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ISIL)՝ «Իսլամական պետություն» (IS) վահաբիստական խմբավորման արմատական զինյալները, վերջապես, բարձրաձայնեցին իրենց իրական նպատակների մասին։ Ինչպես սեպտեմբերի 2-ին հաղորդեց «Ալ-Արաբիա» համաարաբական արբանյակային հեռուստաալիքը, նորահայտ ֆաշիստները համացանցում հրապարակել են մի տեսանյութ, որտեղ սպառնում են պատերազմ սկսել Կովկասում։ Տեսագրությունում գրոհայիններից մեկը սիրիական Ռաքքայի նահանգի Թաբաքի շրջանի իրենց զավթած ռազմական օդանավակայանի տարածքում, խոսելով կործանիչի խցիկից, հայտարարում է, որ գրոհայինները մտադիր են «Ալլահի ողորմածությամբ» «ազատագրել» Չեչնիան ու Կովկասը։ Տեսագրությունն ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ։ Բացի այդ, գրոհայինները Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին սպառնացել են օդային պատերազմ սկսել սիրիական կառավարական զորքերի դեմ։
Թաբաքում գտնվող սիրիական ռազմական բազան ծայրահեղականները գրավել են օգոստոսի վերջին, ինչի շնորհիվ նրանց ձեռքում են հայտնվել ծանր հրետանի, տանկեր և ինքնաթիռներ։ Ինչպես կարող էր դա պատահել, եթե դեռ օգոստոսի 24-ին սիրիացիները հաջողությամբ հետ էին մղել վահաբականներին, ոչնչացնելով ավելի քան 100 զինյալի (ճիշտ է, իրենք էլ 25 զոհ էին տվել), դժվար է ասել։ Բայց հիմա պետք է սպասել բռնության նոր սաստկացում ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, որոնց օկուպացված մասերում IS-ի խմբավորումները դեռ հունիսի 29-ին հայտարարել էին «Իսլամական խալիֆայության» ստեղծման մասին։ Հուլիսին IS-ի վահաբականները սպառնում էին «մտնել» միայն Թուրքիա և... շիական Ադրբեջան։ Ապա սկսեցին սպառնալ «արյան հեղեղով ողողել» Եվրոպան ու ԱՄՆ-ը։ Իսկ հիմա, առանց Ռուսաստանի անունը տալու, փաստորեն, պատերազմ են հայտարարել նրան և Անդրկովկասի բոլոր անկախ պետություններին։
Կասկածից վեր է, որ IS-ի իսկական տերերը, նրանց խամաճիկներն ու աշխարհում ազդեցության գործիքները հիմա գոհությամբ ձեռքներն են շփում։ Կարող են ուրախության ճիչեր արձակել նաև այդ տակֆիրիստական հանցավոր կազմակերպության իսկական տերերի «հինգերորդ շարասյուները» ամենատարբեր մայրաքաղաքներում, այդ թվում, ինչ մեղքս թաքցնեմ, հենց Մոսկվայում։ Եվ այս պարագայում «ամերիկյան ձևով» աշխարհը ոչնչացնելու գաղափարի ջատագովների ազգային պատկանելությունն էական դեր չի խաղում։ Ի դեպ, ՌԴ-ում սպառնալիքը լսել են, արձագանք էլ կա, ճիշտ է, առայժմ երկրի ոչ առաջին դեմքերից։ «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա, ում խելքին փչել է սպառնալ Ռուսաստանին և տալ մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, կոչնչացվի այնտեղ, որտեղ նա այդ բանն արել է։ Մենք չենք սպասի, մինչ նա նստի ինքնաթիռի ղեկի մոտ։ Նա կգնա այնտեղ, ուր նեխում են իր ահաբեկիչ եղբայրները»,- գրել է Չեչնիայի ինքնավարության նախագահ Ռամզան Կադիրովը սեպտեմբերի 3-ին «Instagram»-ի իր էջում։ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Միխայիլ Մարգելովը նշել է, որ «Ռուսաստանի հասցեին IS-ի սպառնալիքները միաժամանակ սպառնալիք են նաև Եվրոպային», որտեղ խալիֆության կողմնակիցները բավական շատ են, և Եվրամիությանը խորհուրդ է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն մտածել հենց իրենց ապագայի մասին։
Եվ այստեղ հարց է առաջանում. իսկ այդ ի՞նչ ահաբեկչական «ինտերնացիոնալ» է հավաքվել և կռվում IS-ի սև դրոշի ներքո։ Դատելով նույն Մարգելովի խոսքերից, աշխարհի առաջատար տերությունները հիանալի գիտեն, որ Սիրիայում և Իրաքում իրենց ֆաշիստական վարքագծով առանձնացող գրոհայինների մինչև 80 տոկոսը օտարերկրյա վարձկան է։ Թող որ նրանք իրենց հորջորջեն «Ալլահի ռազմիկ» կամավորներ, միևնույն է, աշխարհը տեսնում է, որ դրանք ֆաշիստներ են։ Անգլիական ոստիկանության ղեկավարը սարսափով խոստովանում է, որ IS-ի շարքերում ավելի քան 500 մեծբրիտանացի կա։ Ամերիկացի երկու լրագրողների վայրագորեն սպանող դիմակավոր մարդիկ էլ անգլերենի լոնդոնյան մաքրագույն «քոքնի» բարբառով են խոսում։ Հիմա սպառնում են գլխատել նաև անգլիացի մի լրագրողի։ Բայց խնդիրն այն է, որ Մերձավոր Արևելքում միայն բրիտանացիներով չի սահմանափակվում ֆաշիստ վարձկանների հարցը։ Տարբեր տարիների, սկսած 2012 թվականից, Սիրիայում և Իրաքում կռվող զինյալների շարքում իրենց քաղաքացիների առկայությունն են խոստովանել Բելգիան, Դանիան, Նիդերլանդները։ Հայտնի է իսլամականների կողմում կռվող Գերմանիայի 400, Իտալիայի մոտ 50, Ֆրանսիայի մոտ 700, Կանադայի 130, Ավստրիայի 100 վարձկան քաղաքացիների մասին, Իրաքում և Սիրիայում սպանվել է իսլամականների կողմից կռվող 15 ավստրալացի։ Թուրքիայից ծայրահեղականների կողմում կռվում են ոչ միայն վարձկաններ, այլև թուրքական կանոնավոր բանակի «պաշտոնաթող» զինվորականներ. 750-3000 թիվ է նշվում։
Բայց... այնտեղ կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև ադրբեջանցի վարձկանների մասին, որոնցից շատերին սպանեցին Հյուսիսիային Սիրիայում մեր Քեսաբի համար մղված մարտերում։ Միջին Ասիայի երկրներից, օրինակ, տարբեր տարիների խոսվել է ՈՒզբեկստանի 700-800, Տաջիկստանի 200 քաղաքացիների մասին, ապա և ՈՒկրաինայի երբեմնի քաղաքացի ղրիմցի թաթարների մասին, հիմա խոսվում է նաև Չինաստանի քաղաքացիների մասին (ույղուրներ)։ Բայց կան նաև բացահայտ ռուսաստանցիներ՝ Կովկասի ինքնավար հանրապետություններից։ ՈՒմ դուրը չի գալիս, թող նեղություն կրի յոթ րոպե ժամանակ ծախսել և դիտել այս տեսահոլովակը։ Դրանից դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ ազգության են իրար հետ ռուսերեն խոսող անձինք։ Նաև, ի դեպ, անհնար է հասկանալ՝ դրանք հենց IS-ի՞ գրոհայիններ են, թե՞ մեկ այլ ահաբեկչական բանդայի, ասենք, «Ալ-Քաիդայի» զուտ սիրիական թևի, «Ջեբհաթ-ան-նուսրա» խմբավորման։ Եվ, ուրեմն Ռուսաստանի քանի՞ քաղաքացի է հիմա Սիրիայում և Իրաքում ֆաշիստություն անում իսլամականների ահաբեկչական կազմակերպությունների շարքերում, ովքե՞ր են նրանք։ Այսպես, 2014-ի հունիսին ՌԴ ԱԴԾ առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիռնովը հայտարարեց, թե Սիրիայում 300-400 ռուսաստանցի վարձկան կա։ Իսկ եթե ավելացնենք նաև ղրիմցի թաթարների՞ն։ Այնտեղ հաստատ մի հազար, նույնիսկ երկու հազար հոգի կա. չէ՞ որ ՈՒկրաինայի իշխանությունները չէին խոչընդոտում Ղրիմում «Հիզբ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության աշխատանքին։
Ահա և, վերջապես, սենսացիան, և այն էլ ինչպիսի՜... Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի կոնգրեսական Մայք Ռոջերսն ամերիկյան առաջատար հեռուստաալիքներից մեկին խոստովանեց՝ IS-ի շարքում ԱՄՆ-ի հարյուրավոր, գուցե և հազարավոր քաղաքացիներ կան։ Պարոն Ռոջերսը գիտի՝ ինչ է ասում. նա ԱՄՆ-ի Կոնգրեսի Հետախուզության կոմիտեից է։ ԿՀՎ-ի տվյալներով, հիմա միայն Սիրիայում գործում է մոտ 1500 ահաբեկչական խմբավորում, ընդ որում, նրանց մեջ մեծ տոկոս են կազմում ամերիկացիներն ու եվրոպացիները։ Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ երկրում գործող ահաբեկիչների ու բանդիտների մեջ օտարերկրացիները 80 տոկոսից ավելի են։ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավար Ջեյմս Քոմին լրագրողներին հայտնել է, որ մեծացել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի այն քաղաքացիների հոսքը, ովքեր ուզում են կռվել սիրիական ընդդիմության կողմում. «Տասնյակ ամերիկացիներ են անդամագրվում Սիրիայում կռվող զինյալների խմբերին... Միաժամանակ նկատելի է նաև Եվրամիության երկրների հազարավոր քաղաքացիների հոսք տարածաշրջան»։ Հենց Սիրիայում և Իրաքում ծայրահեղական խմբավորումների շարքում կռվող ամերիկացի և եվրոպացի վարձկաններն են պատասխանատու դաժան սպանությունների համար։ Ընդ որում, նրանք հաճախ գրոհում են ոչ թե նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի, այլ խռովարարների ու խաղաղ բնակչության վրա, բրիտանական «The Times»-ին պատմել է, այսպես կոչված, ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» հրամանատարներից մեկը՝ գեներալ Աբդուլլա ալ Բաշիրը։ Ինչպես պնդում է գրոհայինների հրամանատարը, եվրոպացի ծայրահեղականները կազմում են «Ալ-Քաիդայից» պոկված IS արմատական խմբավորման օտարերկրյա անձնակազմի հիմնական մասը։
PBS հեռուստաալիքի ներկայացրած «Սիրիա. գրոհայինների սպառազինումը» վավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես են Քաթարում մի գաղտնի բազայում ամերիկացիները վարժեցնում ընդդիմության զինված ուժերին։ Մարտիկներին, մասնավորապես, սովորեցնում են «ինչպես սպանել մարտից հետո դեռևս ողջ մնացած վիրավոր զինվորներին»։ Ամերիկացի զինվորականները Քաթարում վարժեցնում են սիրիական գրոհայիններին՝ նրանց սովորեցնելով առանձնակի դաժանություն դրսևորել գրոհների ժամանակ։ Ժապավենում նաև ցուցադրված են սիրիական գրոհայինների հետ լրագրող Մուհամեդ Ալիի բազմաթիվ հարցազրույցներ։ Զինյալները պատմում են, որ իրենք Թուրքիայում գաղտնի հանդիպում են իրենց «ամերիկյան հովանավորներին», նրանցից զենք, զինվորական հանդերձանք ստանում, ապա մեկնում են Քաթար՝ հատուկ բազայում վարժանքներ անցնելու համար։ Ի դեպ, իսկ ո՞վ է զենք մատակարարում ապօրինի կազմավորումներին և դրանով իսկ բորբոքում քաղաքացիական պատերազմի կրակը։ Ահա վերջին հաղորդագրություններից մեկը միայն։ Սիրիացի ապստամբներն ամերիկյան արտադրության հակատանկային հրթիռային համալիրներ են ստանում սիրիական բանակի դեմ կռվող ուժերին աջակցության ծրագրի շրջանակներում, գրում է «USA Today» պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։ «Սկզբում նրանք կփորձարկեն այն (զենքը), իսկ հետո կնայեն, թե ինչպես կգնան գործերը (մինչև մատակարարումներն ավելացնելը)»,- հրատարակությանը հայտարարել է ամերիկյան կառավարության մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը ծանոթ է ծրագրի բովանդակությանը։ Ընդ որում, ինչն է հետաքրքիր. ԱՄՆ-ից Սիրիայում և Իրաքում իսլամականների կողմում կռվում են բնավ էլ ոչ միայն մահմեդականներ։ Այսպես, 2013 թ. Սիրիայում զոհվել է իսլամականների կողմից կռվող ԱՄՆ-ի քաղաքացի Դուգլաս Մակքեյնը, և դա հաստատել է նույնիսկ Սպիտակ տունը։
Վահաբականների «գործունեության» համար ԱՄՆ-ի և ամբողջությամբ վերցրած Արևմուտքի լիակատար պատասխանատվության մասին ամենից կոշտ վերջերս հայտարարեց, իհարկե, Իրանը, որն առնվազն հունիսից մի տասն անգամ արդեն հերքել է ամերիկացիների այն սուտը, թե իբր Թեհրանն Իրաքում «համագործակցում» է ԱՄՆ-ի հետ IS խմբավորման դեմ պայքարի գործում։ Ընդ որում, բոլոր մակարդակներում՝ սկսած ԱԳՆ-ից և վերջացրած գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիով, ներառյալ նաև նախագահ Հասան Ռուհանին։ Օգոստոսի 23-ին կիսապաշտոնական «The Tehran Times» թերթը տեղեկության արտահոսք տվեց «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն (ISIL). տարածաշրջանային անկախ խաղացո՞ղ, թե՞ ԿՀՎ-Մոսադի հոգեզավակ» վերնագրով հոդվածում։ Ես հավաստիացնում եմ ընթերցողներին՝ այս հոդվածն ամենալուրջ ուշադրության է արժանի։ Եվ ահա թե ինչու։ Իրանցի հեղինակները գրում են, որ «Իսլամական խալիֆայություն» հռչակած, նաև որպես DAESH հայտնի ISIL-ի կողմից Իրաքում տարածքների ձեռքբերումը, ինչը, իբր, կանխատեսած չեն եղել արևմտյան տերությունները, հանգեցնում է այն հարցին, թե ո՞վ է կանգնած «Ալ-Քաիդայի» «շրջանավարտների» թիկունքին։ ՈՒսյալ այրերն շտապեցին մեղադրել Սաուդյան Արաբիային, բայց այլ տեղեկատվական աղբյուրներ մատնանշում են Քաթարն ու Թուրքիան՝ որպես «տակֆիրիստական ահաբեկիչներին ոչ պետական դերակատարի դիպլոմ տալու» գլխավոր մեղավորների։ Երրորդները պնդում են, թե ISIL-ը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հոգեզավակն է, և նախապատրաստությունն արվել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և իսրայելական Մոսադի կողմից։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ