38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքականության մեջ էլ, ինչպես երկրաչափության, եռանկյունին շրջանագիծ չէ

Քաղաքականության մեջ էլ, ինչպես երկրաչափության, եռանկյունին շրջանագիծ չէ
25.08.2009 | 00:00

91 ՇԱՆՍ ՄԵԿ ԱՇՆԱՆ ՄԵՋ
Մարդուն բնորոշ է օրվա կեսից կարևոր գործը հաջորդ օրվան հետաձգել, թեպետ հիանալի գիտի, որ այսօրվա գործը վաղը չեն անում: Մենք անընդհատ հետաձգելով ենք զբաղված` օրվա, շաբաթվա, տարվա գործը: Օրինակնե՞ր: Հիշեք ձեր առօրյան ու թվարկեք` քանի գործ եք ավարտել, քանիսը թողել կիսավարտ, քանիսը չեք էլ սկսել, բայց պետք էր անել:
Սա` կենցաղային մակարդակում:
Նույն սկզբունքով` աշխատանքային մակարդակում, եթե չկա ժամկետի րոպեներով հաշվարկ:
Նույն սկզբունքն է քաղաքականության մեջ: Ձգել մինչև հնարավորինի սահմանը: Հնարավորինս ձգել:
Բայց ճտերն աշնանն են հաշվում, և ուզես-չուզես գալիս է ոչ միայն քարերը հավաքելու, այլև նետելու անհրաժեշտության ժամանակը:
Ի՞նչ է մեզ խոստանում 2009-ի աշունը:
Հակառակ հուսադրող կամ հուսահատեցնող տարբեր հայտարարություն-պնդումների` գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակվում է` անկման կորը դեռ իջնում ու իջնում է, դադարի փուլը տարբեր երկրներում գուցե եկել է, բայց այդ երկրներից չէ Հայաստանը: Գործազուրկներ, սպառման անկում` միայն մասնակի սեզոնային աշխուժացում գյուղատնտեսական մթերքների առումով, տրանսֆերտների կրճատում, արտադրության համարյա դադար, շինարարական աշխատանքերի կրճատում, այսինքն` կրճատում-դադար-կրճատում, 10 տոկոս, 20 տոկոս... Անվերջ հնչող հավաստիացումներ, թե ճգնաժամը համաշխարհային է ու դրսից է Հայաստանին պարտադրվել: Է, լավ, տարատեսակ գրիպներն էլ Հայաստանից չեն սկսվում, ուրեմն, եթե հիվանդներ լինեն, ուղարկենք` որտեղ վարակվե՞լ են, որ այնտեղ բուժվեն: Նույնն է բանկային համակարգում. բանկերը վարկեր տալիս են այնպիսի տոկոսադրույքներով, որ չտային, ավելի հեշտ կլիներ: Զանգվածային արտագաղթը կանխում է միայն հարկադրված ներգաղթը: Հայաստանը շարունակում է մնալ ճգնաժամի շրջագծում: Այսինքն` տնտեսական ու ֆինանսական չլուծված խնդիրները հանգեցնում են սոցիալական վիճակի սրման: Սոցիալական խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են, բայց հնարավորությունների սահմաններում ու խոսքային մակարդակում: Հնարավորությունները սպառվում են կենսաթոշակներն ու նպաստները վճարելով: Հակաճգնաժամային ծրագրերը մշակվում են ու նաև կատարվում, բայց կամ վատ են կատարվում, կամ բավարար չեն:
Քանի ամիս է` ասում ենք. «Գնդակը Թուրքիայի դաշտում է», ու մեզ լավ ենք զգում` մենք, իբր, անելիք չունենք: Մենք մեր անելիքն արեցինք` «Հրազդան» մարզադաշտը նորոգեցինք, ֆուտբոլի խաղը տանուլ տվեցինք հավաքականի մակարդակով ու պատասխան խաղին առանձնապես չենք էլ սպասում: Մարզական առումով: Գուցե նաև` քաղաքական: Համենայն դեպս` իրական հարթության մեջ: Մենք նախապայման չենք դնում, Թուրքիան է դնում, թող ինքն էլ մտածի: Իրականում, սակայն, մեզ միայն թվում է, թե գնդակը Թուրքիայի դաշտում է, Թուրքիան վաղուց վերադարձրել է գնդակը` թուրք-հայկական սահմանի բացումն էլ, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էլ կապելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ: Տրամաբանական է` իրենց տեսակետից. սահմանը ինչ պատճառաբանությանբ փակվել է, այն պատճառաբանությամբ էլ պիտի բացվի: Մեր տեսակետից էլ տրամաբանական է նախապայման չընդունելը: Բայց դա արդեն զավեշտ է` սեփական դարպասը գնդակ ընդունելուց հետո դադարեցնում ես ֆուտբոլը ու սկսում ես պինգ պոնգ խաղալ` իբր շարունակում ես ֆուտբոլային դիվանագիտությունը:
Շատ, շատ ավելի կարևոր խնդիրներ ունի Թուրքիան այս աշուն լուծելու` էներգակիրների հարց, թուրք-ռուսական հարաբերությունների հետագա ջերմացման, թե նույն մակարդակում պահպանման, թուրք-ամերիկյան հարաբերությունների ու Եվրամիության հետ փոխհարաբերությունների, Ադրբեջանի հետ բարեկամության, ներքին խնդիրները չհաշված: Բոլոր թվարկված ու չթվարկված խնդիրների շրջագծում թուրք-հայկական հարաբերությունները կան` հարևանից չես փախչի, լավը լինի, թե վատը: Եվ այս շրջագծում միայն թվում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը օրախնդիր ու անհետաձգելի է դառնում Թուրքիայի համար, իրականում հակառակն է` ինչ-որ հարցերում «այո», ինչ-որ հարցերում «ոչ» ասելով ու ժամանակ ձգելով` Թուրքիան հիանալի հնարավորություն ունի այս աշուն ոչինչ էլ չանելու այդ հարաբերությունների որևէ շարժի համար, որովհետև դա իր կենսական անհրաժեշտությունը չէ այս պահին, իսկ երբ դառնա, քայլեր կարվեն: Հարցերը սովորաբար լուծվում են ըստ դրանց առաջադրման հաջորդականության: ՈՒ ընդհանրապես` հայերին վերաբերող հարցերի լուծման համար թող հայերն էլ ջանքեր գործադրեն, կամ նրանք, ովքեր հայերին առնչվող նպատակներ ունեն: Համենայն դեպս, մինչև 2010-ի ապրիլի 24-ը ութ ամիս կա, իսկ քաղաքականության մեջ ժամերն էլ են որոշող ու րոպեներն էլ են որոշիչ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումները ևս այս աշնանը չեն գտնվի, և դա կլինի մեր երջանկությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնել` իրենց գործադրած ջանքերի ու զինադադարը պահպանելու համար: Նրանց իսկապես հաջողվել է համադրել անհամադրելին քաղաքականության մեջ` ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, որ կրակի ու ջրի համադրություն է` մեկ կրակն է ջուրը գոլորշացնում, մեկ ջուրն է կրակը մարում: Բայց համանախագահները ժամանակի մեջ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդամենը երեք խորանարդիկ տեղադրում են ըստ իրենց պատկերացրած հաջորդականության ու` խնդրեմ, հարցի լուծումը կոչվում է մադրիդյան սկզբունք կամ կրակովյան սկզբունք: Բայց դա` տեսականորեն. ոչ մի համանախագահ գործնականում իր մաշկի վրա չի զգալու իր տեսական հայտնագործության հետևանքները: Ոչ մի համանախագահ գործնականում իր մաշկի վրա չի կրելու իր տեսական հայտնագործության հետևանքների պատասխանատվությունը: Որովհետև որոշողն իրենք չեն: Իրենք առաջարկում են` ըստ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների, որոշողը թող որոշի` ընդունել, թե մերժել: Գուցե գտնված լուծումը տեսական հարթության մեջ իրապես գեղեցիկ ու խոստումնալից է, արժանի դափնեպսակն է բազմամյա բանակցությունների, բայց իրականության մեջ մադրիդյան սկզբունքները հայկական կողմի համար ընդամենը նշանակում են պատերազմի ռազմական արդյունքների դիվանագիտական զրոյացում, իրական փոխզիջում` անիրական արդյունքի հնարավորության դիմաց, մեկ լուծումով տասնյակ խնդիրների հարուցում, և, ի վերջո, այդ լուծման հաստատունության խիստ կասկածելիություն: Անընդունելի են մադրիդյան սկզբունքները մեզ համար` որքան էլ կատարելագործվեն ու քննարկվեն: Հանձնելով պատերազմով ձեռք բերված` ազատագրված տարածքները, հայկական կողմը միանգամից կորցնում է իր հաղթաթուղթը, հետագայում իրադարձությունների ընթացքը կարգավորելու իր լծակը` տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին փաստացի նախապատվություն է տրվում ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ, որքան էլ պնդում են հակառակը, այլապես հանրաքվեի գաղափարն այդքան անորոշ ու վիճարկելի չէր լինի` ինչ-որ ժամանակ փախստականների վերադարձից հետո, ինչ-որ համամասնություններով, դեռ անհայտ բովանդակությամբ: Եվ ընդհանրապես` ովքե՞ր են ու որտե՞ղ են այդ փախստականները, որ պիտի վերադառնան ազատագրված տարածքներ, ու ինչո՞ւ պիտի միայն նրանք վերադառնան, Ադրբեջանից բռնագաղթված հայերը վերադառնալու հնարավորություն չե՞ն ստանալու: Այդ ի՞նչ իրավունքների անհավասարություն է փախստականների միջև, բռնագաղթված տարածքներ ադրբեջանցիները համարում են 7 շրջանները, հայկական կողմն էլ` Շահումյանն ու Գետաշենը, Արծվաշենը, թե՞ «իրավունք» չունի... Մի քանի կետով մի քանի տասնյակ հարցեր են ծնվում, ու պատասխանների որոնումը տարիների մեջ է: Այնպես որ, այս աշնանը մի սպասեք Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում որևէ առաջընթաց և ուրախ եղեք, եթե հետընթաց էլ գրանցվի. ասենք` Ադրբեջանը դեմ լինի մադրիդյան սկզբունքներին ու ամեն ինչ պահանջի նորից սկսել:
2008 թ. փետրվարի 29-ը` նահանջ տարվա ձմռան «ավելորդ» մեկ օրը անսպասելիորեն վերաճեց գարնան առաջին օրվա դժբախտության: Տարիուկես անց իրադարձությունների ժամանակագրական պատկերը, պատճառները պարզված չեն, փոխարենը ստեղծվեցին հանձնաժողովներ ու խմբեր, գրվեցին բանաձևեր, եղան տասնյակ քննարկումներ: 2009-ի սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունն ավարտած կհամարի մարտյան իրադարձությունների ուսումնասիրմամբ զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը` խորհրդարանին ներկայացնելով մի զեկույց, որտեղ ձևականորեն հարցերի մեծամասնությունը պատասխանված կթվա, բովանդակային առումով` հանձնաժողովի անդամները կամփոփեն իրենց աշխատանքն ու կփակեն իրենց փառավոր գործունեության հերթական էջը` համարելով, որ փակեցին մարտի 1-ի էջը: Այդպես հարմար է: Այդպես «ճիշտ է» պետության տեսակետից` հանուն պետության անվտանգության ու կայունության, հանուն բարգավաճ հեռանկարի:
1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո էլ ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով էր ստեղծվել` շատ արդար նպատակներով ու շատ սահմանափակ լիազորություններով, և այդ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության արդյունքն էլ ավելին չէր, քան հոկտեմբերի 28-ին հայտնի էր բոլորին: 2009 թ. լրանում է ահաբեկչության 10 տարին` 10 տարի առաջ մայիսից հոկտեմբեր, մի քանի ամիս Հայաստանը շանս ուներ բոլորովին այլ երկիր դառնալու: Շանսը գնդակահարվեց` 10 տարին բավարար ժամանակ չէր ավելին իմանալու, քան գիտեինք հոկտեմբերի 28-ին: Իսկ ասում են` Հայաստանը փոքր երկիր է մեծ գաղտնիքներ ունենալու համար: Փաստորեն, այնքան էլ փոքր չէ երկիրը, կամ այնքան էլ մեծ չէ գաղտնիքը...
Իհարկե, մեծ ու փոքր տասնյակ իրադարձություններ կլինեն աշնան 91 օրերին, բայց իր անխուսափելի ու կանխատեսելի հարցերի եռանկյունում փակված` Հայաստանը փակ շրջանակը բացի վերածելու որոնումների մեջ կլինի` «չհասկանալով», որ քաղաքականության մեջ էլ, ինչպես երկրաչափության, եռանկյունին շրջանագիծ չէ: Այդպես էլ կապրենք` իրար խառնած իրականն ու երևակայականը, հավանականն ու անհավանականը, հնարավորն ու արգելվածը:
ՈՒ մի 10 տարի հետո միայն կհասկանանք` շանս տրված էր, օգտագործողը չկար:
Հայկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ