38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կամուրջները, պարիսպներն ու ԱԿԱՆապատված հասարակությունը

Կամուրջները, պարիսպներն ու ԱԿԱՆապատված հասարակությունը
20.05.2024 | 06:55

Աշխարհը բաղկացած է կամուրջներ ու պարիսպներ շինողներից։ Հա՛, մի՛ զարմացեք. եթե նայեք ձեր կյանքին, կտեսնեք, որ դուք էլ, վերցրած ձեր մուրճը, առավոտից երեկո շինում եք, մեկին ընդառաջ՝ կամուրջ, մյուսին դեռ չհասած՝ պարիսպ։

Կամուրջը առաջ է մղում, պարիսպը՝ կանգնեցնում։ Կամուրջը մոտեցնում է, պարիսպը՝ հեռացնում։ Կամուրջը միաբանում է, պարիսպը՝ առանձնացնում։

Տարիներ շարունակ մենք կամրջվելու փոխարեն պարսպացանք, դասակարգվեցինք, առանձնացանք, շերտավորվեցինք, սևացանք ու սպիտակեցինք․․․

«Հային մենակ ձգեցեք վտանգների փոթորիկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել, և վերջապես, թշնամուն թողած՝ միմյանց միսը ուտել»,- դեռ 1,5 դար առաջ հենց այսպես էր բնութագրում մեզ Րաֆֆին։ Ու ի՞նչ է փոխվել այսօր:

Բզկտված հային բաժանեցինք տարբեր մասերի՝ սփյուռքահայ, արցախցի, երևանցի, գյուղացի (սրանցից յուրաքանչյուրն էլ ունի իր ներքին բաժանումները), բաժանեցինք՝ ոչ թե ընդգծելու յուրաքանչյուրի առանձնահատկությունն ու ուժեղ, դրական կողմը, այլ քննադատելու, մրցակցելու, հանուն մեկը մյուսին պախարակելու, մինչև անգամ հեգնելու ու ծիծաղելու։

Հավատը կյանքի ու արյան գնով ժառանգություն ստացած հավատացյալին էլ կտոր-կտոր արինք՝ իսկական հավատացյալ, կեղծ հավատացյալ, ամեն մեկի կողքին մի «ական» դրեցինք ու սկսեցինք ԱԿԱՆապատել իրար՝ առաքելԱԿԱՆ, ավետարանԱԿԱՆ, մկրտԱԿԱՆ․․․ ու դա արեցինք՝ էլի իրար պախարակելու համար, պայքարելու միմյանց, ոչ թե` անհավատության դեմ, պարսպվելու՝ մեկս մյուսին թշնամի սեպելով։

ԱԿԱՆապատեցինք քաղաքական դաշտը՝ ամեն մեկի կողքին էլի մի «ական» դրեցինք ու սկսեցինք պայքարել իրար դեմ, ոչ թե` ընդհանուր թշնամու։ Ամենաօրհասական պահին էլ ՀԱՅ մարդու կողքին կանգնելու համար պիտի իմանաս, թե ինքը ինչԱԿԱՆ է, նոր որոշես՝ կանգնել կողքին, թե` ոչ, ու սկսեցինք էլի իրար դասակարգել ու ԱԿԱՆապատել։

Մեր խնդիրը հենց ԱԿԱՆ-ներն են, միմյանց հետ փոխհարաբերվելիս ոչ թե կենտրոնացումը ընդհանրությունների վրա, այլ տարբերությունների, ամենուր «միայն մենք ենք ճիշտը», «միայն մենք ունենք փրկության բանալին», «միայն մեր շուրջ պիտի համախմբվեն մյուսները», «միայն ես եմ լավը» այս ու նմանատիպ կեղծ լոզունգներն են, որ շարունակում են քանդել կամուրջները, շինել պարիսպներ ու ԱԿԱՆապատել:

Էլ ի՞նչ մարտահրավերներ են պետք, որ հասկանանք՝ իրար ձեռք բռնելու, երբեմն նաև իրար հանդուրժելու ժամանակներ են՝ հանուն Հայի ու Հայրենիքի։ Ու հենց համընդհանուր բռունցքվելու արդյունքում էլ վատը, բացասականն ու ապազգայինը կամ կվերափոխվի, կամ ուղղակի կանէանա:

Ես հավատում եմ միաբանության ուժին։

Իսկ այսօր՝ միակը, ճշմարիտը, հեղինակավորը լինելու կեղծ մրցավազում մենք տանուլ ենք տալիս ամենակարևորը՝ ՍԵՐԸ՝ մեր կողքինի, մյուս հայի հանդեպ, որ գուցե մի քիչ ուրիշ է, մի քիչ տարբեր, բայց՝ մարդ, բայց՝ հայ․․․ ու արդարացնելու համար ինքներս մեզ սկսում ենք քանդել կամուրջները, շինել պարիսպներ ու ԱԿԱՆապատվել:

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 4150

Մեկնաբանություններ