Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-2

Զելենսկու գլուխը շուտով կարող է պոկվել-2
28.03.2024 | 14:02

Եթե հաստատվի ահաբեկչությանը ՈՒկրաինայի ղեկավարության մեղսակցությունը և երկրում չգտնվի Կինժալից փրկող բունկեր

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը շուտով անցում կկատարի որակապես նոր փուլի, ՌԴ-ի դեմ իր թշնամիների պատերազմը՝ նույնպես… Աշխարհում ավելի մեծ փորձություններ են սպասվում, քան եղել են մինչ այժմ: Հայաստանն աշխարհից դուրս չէ, այդ փորձությունները, ցավոք, վերաբերելու են նաև մեզ

Եթե հիշում եք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հաջորդ օրը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում հայտարարեց, որ ահաբեկչություն իրականացնողների համար ուկրաինական կողմից «պատուհան» են պատրաստել սահմանը հատելու համար:

«Նրանք փորձել են թաքնվել և շարժվել դեպի ՈՒկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար ուկրաինական կողմից պատուհան է պատրաստվել պետական սահմանը հատելու համար»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի հայտարարության հենց նույն օրը՝ մարտի 23- ին, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էյդրիեն ՈՒոթսոնը հապշտապ հանդես է եկել այն պնդմամբ, որ ՈՒկրաինան կապ չունի մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ:

«Reuters» գործակալությունը մեջբերել է ՈՒոթսոնի խոսքը. «Այդ հարձակման ամբողջ պատասխանատվությունը կրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Չի եղել ՈՒկրաինայի որևէ մասնակցություն»:

Ցանկացած ողջախոհ մարդու գլխում, բնականաբար, հարց է առաջանում՝ ահաբեկչությունից ընդամենը 1 օր հետո ՈՒոթսոնը կամ ամերիկյան կողմն օվկիանոսից այն կողմ այդ ինչպե՞ս իմացավ, որ չի եղել ՈՒկրաինայի որևէ մասնակցություն, ինչպես ասում են, եղունգ նայելո՞վ…

Պուտինն իմացավ, որ ահաբեկիչների համար ուկրաինական կողմից պատուհան է պատրաստվել պետական սահմանը հատելու համար, որովհետև, ի տարբերություն ԱՄՆ- ի, ահաբեկչությունը հենց Ռուսաստանում է կատարվել, ահաբեկիչներին հենց Ռուսաստանում են ձերբակալել, հարցաքննել, քննությունը ոչ թե ԱՄՆ-ի, այլ հենց Ռուսաստանի համապատասխան մարմիններն են իրականացնում, ահաբեկիչները փորձել են ՈՒկրաինա ճողոպրել Բրյանսկով, որտեղ, ՈՒկրաինային սահմանակից ողջ տարածքում ակտիվորեն գործում են Ռուսական բանակը, ռուսական ռազմական հետախուզությունը՝ Գլխավոր հետախուզական վարչությունը (2010 թ.-ից պաշտոնական անվանումը՝ ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր վարչություն), Անվտանգության դաշնային ծառայությունը և այլ հատուկ ծառայություններ:

ՈՒկրաինայի հատուկ ծառայությունները կարող էին ահաբեկչությունը կազմակերպել «Իսլամական պետության» միջոցով կամ ուղղակի ահաբեկչությունը պատվիրել նրան: Ի վերջո, կարող էին նաև «Իսլամական պետության» հետ նախապես պայմանավորվել, որ «Իսլամական պետությունն» իր վրա վերցնի իրենց կողմից կազմակերպվող ահաբեկչությունը դրա կատարումից հետո, իհարկե, ոչ հենց այնպես, այլ մի հսկայական գումարի կամ ԻՊ- ի համար կարևոր զինատեսակների փոխանցման դիմաց, ինչպիսին, օրինակ, կարող է լինել ԱՄՆ-ից տասնյակ հազարներով ՈՒկրաինայի ստացած «Սթինգեր» դյուրակիր զենիթա- հրթիռային համալիրների կամ հակատանկային կառավարվող հրթիռների մի պատկառելի խմբաքանակը:

Բացի վերոնշյալից, այլոց կողմից կազմակերպված ու կատարված ահաբեկչությունն իր վրա վերցնելու ԻՊ-ի մյուս շահագրգռությունը կարող էր լինել իր հեղինակության բարձրացումը որպես աշխարհի նույնիսկ հզոր պետություններում նման խոշոր ահաբեկչություններ կազմակերպել-իրականացնելու կարողություն ունեցող ուժ (քննությունն առաջիկայում կպարզի, թե իրականում ինչ է կատարվել):

Ամերիկյան կողմը շտապել է ահաբեկչության հարցում Կիևին անմեղ ներկայացնել, որովհետև լիովին հասկանալի է, թե քննության արդյունքում նախնական տեղեկությունների հաստատումից հետո ինչ է սպասվում Զելենսկուն, նրա վարչակարգին, ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես ահաբեկիչներ: ՈՒղղակի ոչնչացում, ինչի մասին օրերս շատ բացահայտ ասել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

ՌԴ- ի կողմից հատուկ ռազմական գործողությունը հակաահաբեկչական գործողության վերածելը նշանակելու է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ին ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքին այնքան ձեռնտու պատերազմի արագ ավարտ, ՈՒկրաինայի լիակատար պարտություն՝ անվերապահ կապիտուլյացիա, Զելենսկու վարչակարգի հետևում կանգնած և ՌԴ-ի դեմ ՈՒկրաինայի միջոցով պատերազմող, ՈՒկրաինան որպես Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գործիք օգտագործող Արևմուտքի բոլոր ծրագրերի տապալում:

Ավելին, բացառված չէ, որ Կիևի կողմից ահաբեկչության կազմակերպման կամ պատվիրման վարկածի կամ կազմակերպմանը մեղսակցության հաստատումից հետո կամ զուգահեռ պարզվի նաև, որ արյունալի ոճրագործության հետևում կանգնած է նաև նույն ԱՄՆ-ը կամ Արևմուտքը, ինչի վերաբերյալ արդեն ոչ միայն բավական թափանցիկ ակնարկներ կան ռուսական կողմից, այլև շատ խոսուն տեղեկություններ հենց նույն Արևմուտքից: Այս ամենին, սակայն, անդրադառնանք հերթով, նախ այն մասին, թե ինչ է ասել Մեդվեդևը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը մարտի 22-ի երեկոյան, ահաբեկչությունից կարճ ժամանակ անց տելեգրամյան իր ալիքում կատարած գրառմամբ մասնավորապես հայտարարել է.

«Ահաբեկիչները հասկանում են միայն պատասխան ահաբեկչությունը։ Ոչ մի դատաստան ու հետաքննություն չի օգնի, եթե ուժին չի հակադրվում ուժը, իսկ մահերին՝ ահաբեկիչների տոտալ մահապատիժները և նրանց ընտանիքների դեմ բռնաճնշումները։ Համաշխարհային փորձ:

Եթե պարզվի, որ նրանք Կիևի վարչակարգի ահաբեկիչներն են, նրանց և նրանց գաղափարական ոգեշնչողների հետ այլ կերպ վարվելն անհնար է։ Նրանք բոլորը պետք է գտնվեն և անխնա ոչնչացվեն որպես ահաբեկիչներ: Ներառյալ՝ պետության պաշտոնատար անձինք՝ նման չարագործություն կատարած։

Մահ մահվան դիմաց»:

Մարտի 24-ին Մեդվեդևը նույն ալիքում «Երկնքի արքայությունը բոլոր անմեղ սպանվածներին» վերտառության ներքո գրել է .

«Մենք վրեժխնդիր կլինենք յուրաքանչյուրի համար: Եվ բոլորը, ովքեր մասնակից են՝ անկախ ծագման երկրից և կարգավիճակից, այսուհետ մեր օրինական և գլխավոր թիրախն են:

Սպասեք, տականքներ»:

Հաջորդ օրը Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում գրել է .

«Բոլորն ինձ հարցնում են: Ինչ անել:

Նրանց բռնել են։ Կեցցեն բոլոր նրանք, ովքեր բռնել են:

Նրանց պետք է սպանե՞լ։ Պետք է: Եվ դա կլինի:

Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր մասնակիցներին: Բոլորին: Ով վճարել է, ով կարեկցել է (ահաբեկիչներին.- Ա.Հ), ով օգնել է: Սպանել բոլորին»:

Եթե նկատի ունենանք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, թեկուզ փոքր-ինչ չափազանցրած, հաճախ արտահայտում է հենց Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, մասնավորապես՝ այն, ինչ Պուտինը չէր ցանկանա անձամբ ասել, ապա, դատելով ամենից, ռուսական արջը ոչ միայն արթնացել է (դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ), այլև արդեն գազազել:

ՌԴ նախագահը, իր հերթին, խոստացել է «արդար և անխուսափելի պատիժ» ահաբեկչության բոլոր կատարողների, կազմակերպիչների և պատվիրատուների համար։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ