Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Կարող ենք առանց կասկածի և համոզված ասել, որ միջազգային իրավունք կոչվածն այլևս չկա

Կարող ենք առանց կասկածի և համոզված ասել, որ միջազգային իրավունք կոչվածն այլևս չկա
22.03.2024 | 07:53

Միջազգային իրավունք, օրենք, կարգ, խաղի կանոններ կոչվածներն այլևս վաղուց չկան:

Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին ակնառու դրսևորումը ԱՄՆ-ի կողմից Իրաքի գրավումն էր, որը, պարզվեց, անհիմն էր (հիմնավորումը իբր քիմիական զենք ունենալն էր, որ իրականում չկար): Ո՛չ Բուշը, ո՛չ էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց այս անօրինության համար:

Հաջորդ էական իրադարձությունը Ռուսաստանի կողմից Ղրիմը ձեռք գցելն էր, որը կրկին միջազգային իրավունքի, պայմանավորվածությունների և այլնի մեծ խախտում էր: Արևմուտքի հեչ պետքն էլ չէր, ռուսի հետ շարունակում էին բիզնես անել (ի դեպ, հիմա էլ):

Սրան հաջորդեց աշխարհում բոլորի (պետություններ) կողմից անօրինություններ անելու մղումը: Բոլորը տեսան, որ եթե ուժեղ ես, ուրեմն կարելի է: Սրանից նաև ոգևորվեց հարևան Ալիևը՝ գնելով Արցախը գրավելու Արևմուտքի և ռուսների համաձայնությունը:

Այս պահին էլ Իսրայելը տեղահանում և կոտորում է պաղեստինցի արաբներին. Իրենց կարելի է, որովհետև ուժեղ են: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է, բայց չի դադարեցնում սա (ԱՄՆ-ի վետոյով շարունակում են սպանել արաբներին):

Այս անօրինությունների ու բազմակի ստանդարտների շքերթը շարունակվում է տնտեսական դաշտում նույնությամբ: Եվրոպան աչք է փակում սանկցիաների վրա՝ ռուսական գազը Ադրբեջանից առնելով: Ու ինչքան էլ որ գիտեն (մեզանից լավ), որ Նիկոլը դավաճան ավտորիտար պոպուլիստ է, դրան անվանում են ժողովրդավար ղեկավար, որովհետև սա միակն է, որ տարածքներ կհանձնի, բայց չի պատերազմի, չի պայքարի հայի իրավունքի համար, կնշանակի՝ Ադրբեջանից ստացվող վառելիքը, որը ռուսական է, անվտանգ կհասնի իրենց: Հիշեք՝ ինչպես էր անգլիացիների Արմեն Սարգսյանը մեր ԱԺ-ում պատերազմի օրերին հորդորում, որ հանկարծ նավթային ու գազային ենթակառուցվածքի հայերը չխփեն:

ԱՄՆ-ը հորդորում էր Հնդկաստանին չգնել ռուսական նավթը, բայց, սրանով հանդերձ, երբ տեսան իրենց շուկայում վառելիքի գներն աճում են (ռուսների դեմ սանկցիաների պատճառով) շատ հանգիստ հիմա Հնդկաստանից բենզին են գնում (սա հնդիկները արտադրում են ռուսական նավթից):

Սա շատ երկար կարելի է թվարկել, ու այս տնտեսական խարդավանքների մեջ օգտագործվում է նաև Հայաստանը՝ Նիկոլի թողտվությամբ: Վերցրեք նայեք (ըստ կոդերի), թե Հայաստան հիմա ինչ ու ինչ ծավալների ապրանք է մտնում և ուր է գնում այդ ապրանքը: Բաց տեղեկատվություն է, լրագրողները որ ուզեն, շատ բան կարող են հանրությանը ներկայացնել: Սրանով էլ նիկոլները տնտեսական աճ են փչում:

Այսօր էլ տնտեսական դաշտում տեղի է ունենում ամենամեծ խարդավանքներից մեկը: Մինչ ես սա գրում եմ, եվրոպական որոշ պաշտոնյաներ քննարկում են ռուսական սառեցված ակտիվներից ստացված շուրջ 27 միլիարդ եվրո եկամուտը Ուկրաինային ինչ-որ ձևով (ռազմական կամ տնտեսական) տալու հարցը:

Ավելի քան 300 միլիարդ եվրո ռուսական սառեցված ակտիվ է գտնվում Արևմուտքում, շուրջ 190 միլիարդը՝ բելգիական ֆինանսական մի հաստատությունում:

Վերջին 4 տարիների ընթացքում այս ակտիվները 27 միլիարդ եկամուտ են բերել, ու հիմա որոշ խելոքներ, գնալով ընդդեմ միջազգային իրավունքի և կանոնների, քննարկում են սա օգտագործելու հարցը:

Ստացվում է հետևյալը. ռուսը խախտել է միջազգային իրավունքը՝ հարձակվել է հարևան երկրի վրա, նրանից տարածքներ է զավթել, ուրեմն մենք էլ իրավունք ունենք խախտել այդ միջազգային իրավունքը և գողանալ նրա ֆինանսական միջոցները:

Սա կնշանակի, որ ռուսների հետ հարատև պատերազմի են գնալու, ռուսը իր գումարները հետ է ուզելու ու պատեհ առիթով դրա հետևից գնալու է զենքով: Արդյո՞ք եվրոպացի պաշտոնյաները սա չգիտեն: Գիտեն, բայց բոլորը համատարած այնքան են ամեն ինչ ձախողել, որ այլևս թքած ունեն, թե հետո ինչ կլինի՝ շարժվում են այս պահի շահով:

Կարող ենք առանց կասկածի և համոզված ասել, որ միջազգային իրավունք կոչվածն այլևս չկա, դա միայն թույլերի համար է մնացել, հետևաբար, չկա:

Հապա, հարգելի հայրենակիցներ, ինչպե՞ս ենք մենք, դավաճանի բազում ստերից հետո, հավատում դրա խոսքին, որ այս տարածքները հանձնելուց հետո խաղաղություն է լինելու: Այս նույնը ասում էր Արցախի համար, ու հիմա տեսեք, թե ուր հասանք. Ի դեպ, սրա մասին ինքս էլ ասում էի 2020-ի նոյեմբերից սկսած, բայց դե ես ո՞վ եմ, որ իմ ձայնը լսելի լինի, անգրագետ դավաճան պոպուլիստն ու դրան սատարող տարբեր խամաճիկների խոսքն ավելի կշիռ ունի, և դրանք պետք է հանրայնացվեն:

Ի՞նչ հիմքով են հայերը հավատում այս դավաճանին, ո՞վ է տալու սրա ասածների երաշխիքը (միջազգային իրավունք չկա), երբ սա կարող էր անել միայն ուժեղ հայկական բանակը, իսկ դա արդեն չկա, և քանի սա է երկրի ղեկին՝ չի էլ լինի:

Հայի հույսն ի՞նչն է, երբ չկա միջազգային իրավունք, չկա ուժերի հավասարակշռություն մեր տարածաշրջանում, ռուսին էլ թշնամի են հանում, հապա ի՞նչն է ձեր հույսը:

Ախր, փախչելու տեղ էլ չունեք: Ի՞նչ հավատով եք ստախոս ռեժիմի հետ ձեր հույսը կապում:

Հասկանալիորեն, այս տեքստը լայն զանգվածներին է ուղղված:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ