ՈՒշադիր կարդացեք, թե ինչ են հայտարարել Բաքվում. Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին, բայց, անշուշտ, իրենց պայմաններով:
Մինչ Բաքվի առաջադրած պայմանները ներկայացնելը, մի քանի պարզ, շատ պարզ հարց տանք. իրականում խաղաղության պայմանագիր կնքելու, խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող պետության զինված ուժերը գրեթե ամենօրյա պարբերականությամբ կրակու՞մ են այն երկրի զինծառայողների վրա, որի հետ ուզում է խաղաղության պայմանագիր կնքել:
Տարածու՞մ են կեղծ տեղեկություններ (Հայաստանի
ՊՆ- ն գրեթե ամեն օր հերքում է դրանք) Հայաստանի ԶՈՒ կողմից սահմանագոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ՝ այդպիսով ակնհայտորեն տեղեկատվական, քարոզչական ու քաղաքական հենք նախապատրաստելով առաջիկա ագրեսիայի համար:
Վերջին շրջանում անգամներով ավելացնու՞մ է ռազմական բեռների ներկրումներն Իսրայելից և Թուրքիայից (հիշենք, որ նույնը կատարվում էր 44- օրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ):
Երեկ էլ (17.09.2023-irates.am) ժամը 18։20- ի սահմաններում ադրբեջանական զինուժը հայկական երկրորդ պետության՝ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է խախտել հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈՒ 23- 2 կայանք: Տեղեկացնելով այս մասին, ԱՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր, և որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17- ին՝ ժամը
17։45-ի սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ»,- նշված է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ:
Դրա նախօրեին Մարտակերտի ղեկավար Միշա Գյուրջյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր. «Հակառակորդի կողմից տեղաշարժը շատ է։ Զինտեխնիկա են բերում…»:
Գյուրջյանը հավելել էր նաև, որ թշնամին դիրքավորված է։
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն ավելի վաղ, սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը նույնպես, ՊԲ տեղեկացմամբ, Մարտակերտի շրջանում խախտել էին հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Թշնամու կողմից Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով զինվորական անձնակազմի, ռազմական տեխնիկայի և հարձակողական սպառազինության տեղաշարժերին և կուտակումներին հանգամանորեն կարող եք ծանոթանալ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումից:
Հիմա ծանոթանանք Հայաստանի հետ իրենց պայմաններով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի իշխանությունների ցանկության հետ:
Ինչպես ՏԱՍՍ-ին անցյալ շաբաթավերջին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, այդ պայմանագիրը կնքելու համար Բաքուն Երևանին կոչ է անում արձանագրել հարևան հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը (այսինքն՝ արձանագրել գրավոր կերպով, քանի որ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը բանավոր կարգով արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանում Հայաստանի Անկախության հռչակագրի ու Սահմանադրության խախտմամբ ներառելով նաև Արցախի Հանրապետությունը):
«Մենք մինչ օրս հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև այս տարեվերջ և կոչ ենք անում հայկական քաղաքական ղեկավարությանը կատարել գլխավոր քայլը՝ պաշտոնապես, իր ստորագրությամբ խաղաղության պայմանագրի տակ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ՝ մեր հանրապետության Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանը, և պարտավորվել ապագայում զերծ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտելուց», – ասել է Հաջիևը:
Թե ինչ է նշանակում Հայաստանից Բաքվի պահանջը՝ «պարտավորվել ապագայում զերծ մնալ մեր երկրի ներքին գործերին միջամտելուց», Ադրբեջանի ղեկավարությունն ինչ է հասկանում իր երկրի ներքին գործեր ասելով, հենց այն նուրբ հարցն է, որն առաջիկայում կարող է պայթուցիչի դեր ունենալ ու հանգեցնել մեծ պատերազմի:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ