38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նոր քաղաքակրթական բանաձևում՝ հզորության, իմաստության և բարության համադրմամբ

Նոր քաղաքակրթական բանաձևում՝ հզորության, իմաստության և բարության համադրմամբ
20.08.2023 | 20:02

Սիրելի՛ հայրենակիցներ, ազատատե՛նչ հայեր, մեր միակ փրկությունը ուժի վրա հիմնված նոր մտածողությամբ և ազգային բովանդակությամբ պետության ձևավորումն է։ Սովետական Միությունը ազատ երկիր էր, որովհետև այնտեղ մարդը ոչ մի ազատություն չուներ։ Խնդրում եմ չխոսել երշիկից, կրթությունից կամ մի քանի լավ բաներից․ այդ ամենը բավարար էր բռնապետությունը պահելու համար, սակայն պարզվեց՝ դա էլ անզոր դուրս եկավ և քիչ է առնչվում մեր ազգին։

Հիմա՝ մեր խնդիրների մասին։ Երբ մենք մոռացանք մեր դերն աշխարհում և մեր ճակատագիրը կապեցինք զանազան կառույցների հետ՝ նվիրվելով այդ ուժերի գաղափարների ջատագովությանը, վատնելով մեր ողջ գիտական ներուժը, ստացանք միայն աքսոր ու կացնահարություն բանտերում, ինչի հետևանքով գրեթե սպառեցինք մեր ընտրասերուցքը։ Ցավոք, նույն անպտուղ մոտեցումն ենք որդեգրել նաև հիմա, միայն սրա-նրա ջրաղացին ենք ջուր լցնում։ Բոլորը խոսում են աշխարհի նոր բաժանումից, նոր միավորումներից, բայց ոչ ոք չի խոսում այդ նույն աշխարհում մեր տեղի ու դերի մասին։ Ախր ինչքա՞ն կարող ենք կամակատար լինել, սին հույսեր փայփայել ու անիմաստ նամակներ գրել։ Հիշե՛ք՝ երբ Նախիջևանը հայաթափվում էր, սովետի հայտնի հայ պաշտոնյաները ոչ մի ձայն չհանեցին։ Նույնը տեղի ունեցավ անկախացումից հետո՝ շարունակվեց մեր մշակույթի եղեռնական բնաջնջումը։ Քանի՞ հոգի մտահոգվեց, իսկ եթե մտահոգվեցին, ի՞նչ արեցին, ի՞նչ լուրջ քայլ ձեռնարկեցին։ Անգամ ինքներս մեզ հարց չտվեցինք, թե ինչու այդպես կազմակերպված բնաջնջում են մեր հետքերը, չգիտակցեցինք, որ այդտե՛ղ է թաքնված մեր զորության գաղտնիքը։

Պարզաբանեմ միտքս։ Դեռ հարյուր և ավելի տարի առաջ անվերապահորեն ընդունված էր մեր տեղն ու դերն աշխարհում, և ոչ մի կասկած չկար այդ դերակատարման վերաբերյալ։ Փաստերի մասին չխոսենք․ դրանք սփռված են աշխարհով մեկ՝ սկսած մեր բնավայրերից, թանգարաններից, վերջացրած անհատական հավաքածուներով, ինչքան էլ դրանք օտարեն, վերացնեն կամ թաքցնեն։

Այսօր մեր խնդիրը հավաքական ուժի կիրառման շնորհիվ մեր տեղն ու դերը, մեր ինքնությունը, մեր հարատևման իրավունքը վերականգնելն է։ Եվ դրանից է կախված մեր հեռանկարը։ Գոյություն ունի մի պարզ կանոն՝ ամենահասարակ խանութում էլ, եթե չունես կոնկրետ ուզելիք ու տալու բան, ոչինչ չես ստանա։ Էլ ուր մնաց քաղաքականության մեջ։ Երբ հավաքվել են աշխարհի հզորները, իսկ դու չունես հստակ պահանջ և այդ պահանջին համարժեք ասելիք, իրավունք ունե՞ս ինչ-որ բան ակնկալելու։ Վերջապես պարտավոր ենք դուրս գալ խեղճի ու կեղծ ցանկությունների պատրանքից, մեկ է՝ ոչինչ չենք ստանալու։

Այո՛, ես պնդում եմ և հավատում եմ, որ մենք կարո՛ղ ենք աշխարհի հզորների հետ խոսել։ Այո՛, մենք ունենք ուզելու և տալու բան, և անհնար է, որ այդ ամենը դատարկ հնչյուն լինի, եթե ասվում է հզորության, իմաստության և բարության միասնական ուժով։ Սա՛ է լինելու մեր հաջողության բանաձևը։ Ի դեպ, միայնակ և առանձին խմբերով չենք հաջողելու, ուստի օրվա հրամայական է բոլոր ռեսուրսները միավորելն ու միասնական կազմակերպված ուժ ձևավորելը։ Այդժամ միայն, զորանալով մեր տիեզերածին էպոսով ու աստվածատուր հավատով, կարող կլինենք պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը։

Հ.Գ․ Այս բովանդակության ծիրում խաղաղությունն անխուսափելի է, սակայն բանակցություն բռնակալի, մարդասպանի և ցեղասպանի հետ չի՛ կարող լինել, քանզի նրա տեղը բանտում է կամ դժոխքում, եթե ինքնասպան եղավ։ Սա՝ ի գիտություն մեր կեղծ խաղաղարարների և դրանց ջատագովների ողջ աշխարհում։ Վստահ եմ՝ այլևս թույլ չե՛նք տալու նոր ցեղասպանություն և հայրենազրկություն, հատկապես՝ ձեր ասած ազատ դարում։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3638

Մեկնաբանություններ