Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում‚ ձմեռային սպասարկման աշխատանքներ է կատարում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Կազմակերպության ներկայացուցիչ Աշոտ Ռևազյանը տեղեկացնում է‚ որ ընկերությունը կուտակել է անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական աղ‚ ավազ։ Անցած 2 տարիներին ձմռանն օգտագործվել է մոտ 200 տոննա աղ և ազավ։ Ներկա պահին ընկերությունն ամբարել է մոտ 100 տոննա‚ անհրաժեշտ մյուս քանակությունը ձեռք է բերվում ընթացքում։
Պարոն Ռևազյանը նշում է‚ որ «Սինոհիդրո Քորփորեյշնի» ներկայացուցիչները 24-ժամյա հերթապահություն են իրականացնում‚ ունեն ձմեռային սպասարկումն ապահովող անհրաժեշտ տեխնիկա-սարքավորումներ։ Նա նաև տեղեկացնում է‚ որ մշտական կապի մեջ են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ. նախապես տեղեկանում են եղանակային պայմանների‚ սպասվող տեղումների մասին և նախապես պատրաստվում ձնամաքրման ու ճանապարհի մշակման աշխատանքներին։
Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածները ձմեռային սպասարկման տեսակետից բավականին բարդ տարածքներ են. ձմեռը խստաշունչ է‚ բուքը հաճախակի է այստեղ‚ քամին ձյունը սարերից բերում-փակում է ճանապարհի երթևեկելի մասը‚ ինչը բարդացնում է ձմեռային սպասարկման իրականացումը։