Թուրքական ուժերը տարհանել են սիրիական Իդլիբի ապաէսկալացիոն գոտում տեղակայված իրենց խոշորագույն ռազմաբազան: Զինվորական անձնակազմով և տեխնիկայով շարասյուներ են նկատվել Համա նահանգի հյուսիսային «Մորեկ» բազայից հեռանալիս: Այդ բազան թուրքական 12 դիտորդական կետերից մեկն է, որոնք ստեղծվել են տարածաշրջանում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու համար:
Վերջին ամիսներին թուրքական բազան շրջապատվել էր սիրիական բանակի կողմից: Այնտեղ գտնվող անձնակազմի անվտանգության երաշխավոր է դարձել Ռուսաստանը: Սիրիական ռազմական աղբյուրի ընդգծմամբ՝ Թուրքիան որոշել է հրաժարվել իր մի քանի դիտորդական կետերից Իդլիբում, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի հետ համաձայնագրի շրջանակներում: