Թուրքի հինն ու նորը չի լինում: 100 տարի անց էլ նա նույն վայրագն ու բորենին է: Ո՛չ «քաղաքակիրթ» Եվրոպայի, ո՛չ էլ համայն մարդկության կոչն ու հորդորն արյան ծարավի ենիչերիին չի փոխելու: Հաղթանակը, իհարկե, մերն է լինելու, բայց վստահ չեմ, որ անգամ այս մղձավանջի ավարտից հետո բոլորս ենք գիտակցելու, որ բարի ու հումանիստ թուրք չեն լինում: Այսօր, երբ թվում է՝ բոլորս մեկ ենք, վաղը, մյուս օրը ճոխ ու առատ սեղանների շուրջ հավաքվելիս մոռանալու ենք՝ ինչի միջով անցանք, դաս քաղեցի՞նք գլխներովս անցածից: Աշխարհն իր դարդուցավին է, ու որևէ մեկին չի հետաքրքրում՝ կա՞նք, ապրու՞մ ենք, թե՞ կենաց-մահու կռիվ մղում հենց մեր տանը: Ո՛չ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, ո՛չ տարբեր կողմերից հնչող պաթոսախեղդ հայտարարությունները, ո՛չ էլ տարատեսակ հումանիտար օգնություններն առ ոչինչ են, եթե չենք հասկացել մի պարզ բան՝ վայ-դրկիցի վաղեմի ու մշտական երազանքը մեզ աշխարհի երեսից վերացնելն է: Հրանտ Մաթևոսյանի տողերը յուրաքանչյուր հայ ականջին օղ պիտի անի. «Բա հազար տարի ապրես թշնամուդ հետ կողք կողքի ու չհասկանա՞ս, որ նա քեզ մորթելու է, ու հոշոտվես հենց քո դռա՞նը: Բա քո հաշվին երկիր սարքի, երկիր հզորացնի, իր նեղ աչքերը կլորացնի, քո հաշվին իր ցեղը գեղեցկացնի, դուք էլ մատաղի գառան պես պատրաստ կանգնե՞ք: Ով ուզում է թող զորանա, զավակս, բայց ինչու՞ իմ ու քո հաշվին, իր սուրը թող իր ոսկորի վրա սրի, ինչու՞ իմ ու քո»:
Պայմանական զինադադարը գլխներիս տակ դրած փափուկ բարձ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մտածում ենք, թե հանուն խաղաղության արժե՞ հրաժարվել փամփուշտներից ու դրանցից զարդեր պատրաստել: Թուրքական ապրանքներից օգտվելու մասին, համաձայն եմ, պետք էր շատ ավելի վաղ մտածել՝ ձևավորելով աշխարհաքաղաքական իրավիճակից բխող տնտեսական անվտանգության համակարգ։ Ցավոք, դա չի արվել, ավելին՝ նման հարց չի էլ քննարկվել, ու հիմա, եթե չլիներ պատերազմը, մեզնից շատերը չէին էլ մտածի, թե թուրքական ապրանք կամ սննդամթերք գնելով ուժեղացնում ենք թշնամու բանակը: Շատ եմ ուզում հավատալ, որ հարաբերական խաղաղության պայմաններում էլ մեր հագուկապից, կենցաղից ու հանգստի մեկնելու ծրագրից իսպառ դուրս կմղվի «թուրքական գործոնը»։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ