«Ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է բանակցությունների փուլը։ Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է. իսկ ինչու՞ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա՝ Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդհանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ։ Ի դեպ՝ ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը։ Նրանք հարձակվել էին Արցախի վրա, Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, բայց նրանք կարողացան Արցախը դուրս թողնել բանակցություններից և ամբողջ աշխարհին հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։ Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջև, հետևաբար՝ բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան։ Իսկ Ադրբեջանը, եթե շատ է ցանկանում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ։ Կամ էլ բանակցությունները կարող են լինել քառակողմ»։
«Հայկական ժամանակ»
1-ը հոկտեմբերի, 2020 թ.
«Ֆուտբոլային դիվանագիտության» համար քիչ էր մնացել Սերժին կառափնարան հանեիք, գիլիոտինի տակ դնեիք: Հիմա խոսվում է Թուրքիայի հետ ուղիղ բանակցությունների մասին և այն էլ` Արցախի մասով, փոխելով հայկական կողմին անչափ ձեռնտու ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, տուրք տալով ազերիական կամքին: Ձեռքբերման փոշիացում: Ճիշտ այնպես, ինչպես փոշիացվեց սահմանային մոնիթորինգի` Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև պայմանավորվածությունների հզոր ձեռքբերումը:
Քար լռություն է: Ձայն բարբառոյ յանապատի։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.1. Ի դեպ, ձևաչափի փոփոխման մասին այսօր խոսվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի նախորդ օրվա փակ նիստի անչափ գրագետ որոշումից հետո, այն է` Ղարաբաղյան խնդրով շարունակելու է զբաղվել բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ն...
Իսկ հայոց օրվա իշխողն ու նրա պրոպագանդան, խառատյանական ոճով, գիր է դարձնում իր իսկ «գազեթում»... ֆորմատի փոփոխությունը` հրապարակ նետելով ուղիղ բանակցությունը… Թուրքիո հետ:
Հ.Գ.2. Բա որ այդպես էր, էս մատղաշ զոհերն ու էս տառապանքն ինչի՞ «մասին» են։ Ինչի՞ համար են:
Հ.Գ.3. Մորատորիում է, ավելին չեմ ուզում գրել: