Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մոռացեք երեխայի իրավունքի մասին, նման բան գոյություն չունի, չկա բարոյականության օրենք

Մոռացեք երեխայի իրավունքի մասին, նման բան գոյություն չունի, չկա բարոյականության օրենք
25.01.2019 | 12:21

Օր օրի ուժեղացող եվրոպասիրության ֆոնի վրա մեր հայրենյաց երկրում առաջ են գալիս բարոյաիրավական խնդիրներ, որոնց գոյությունը հասարակությանը կարող է կանգնեցնել որոշակի կանխատեսելի վտանգների առջև: Բանն այն է, որ իր հետ մերձեցման անգամ ցանկություն հայտնող պետությանը Եվրոպան բառացիորեն պարտադրում է իր անզուգական, հատկապես բարոյական «արժեքները», որոնցից շատերից, թող կոպիտ չհնչի, այլասերվածության հոտ է փչում: Եվ իրավաբարոյական հարցերում արդյո՞ք մեզ համար օրինակ կարող է ծառայել ավանդական արժեքների մերժումով ինքնակործանման ուղին բռնած մայր ցամաքը:


Նորերս Երևանում առնչվեցի մի իրողության, որը մարդկայնորեն ճնշող տպավորություն գործեց: Բոլոր առումներով հասարակ մի ընտանիքի գլուխը՝ ամուսինը, մեկնել է եվրոպական մի երկիր իբր աշխատելու նպատակով և արդեն երրորդ տարին է չի վերադառնում, տանը թողնելով կնոջն ու անչափահաս երեխային, ցույց չտալով ոչ մի նյութական աջակցություն: Կինը հարկադրված ամուսնալուծվել է և պարտք վերցնելով ու վարձելով փաստաբան, դատարանի միջոցով փորձել է գոնե բնակտարածք ձեռք բերել երեխայի համար: Եվ հենց այստեղ իրավական իրողություններից հեռու պարզ կինը բախվել է անսասան մի օրենքի՝ սեփականատիրոջ իրավունքը բացարձակ է՝ անքակտելի, անխոցելի, անքննարկելի (խնդրում եմ ներողամիտ լինել որակումներիս համար` ես իրավաբան չեմ): Այսինքն, բնակարանի սեփականատերն ու առավել ևս տվյալ դեպքում այն ժառանգություն ստացած անձը բացարձակ իրավունք ունի այդ անշարժ գույքը սեփական հայեցողությամբ տնօրինելու հարցում: Կուզենա՞ մի մասը հատկացնել իր երեխային, կհատկացնի, չի՞ ուզենա, նրան կզրկի այդ կենարար հատվածից: Երկու անգամ դատարանը վճիռ է կայացրել և երկու անգամ էլ անչափահաս երեխան փաստացի հայտնվել է անօթևանի կարգավիճակում: Հոր կամքով: Օրինականորեն: Տասներկուամյա աղջնակն ընդամենը «արժանացել է» 25 հազար դրամ արժողությամբ ալիմենտի: ՈՒրիշ ոչինչ:


Սեփականության անխախտելիության այս օրենքը համարվում է եվրոպական-կապիտալիստական քաղաքակրթության մեծագույն նվաճումներից մեկը և ամենայն հավանականությամբ այն Հայաստանում ընդունվել է որպես Եվրոպային հաճոյանալու ցուցադրական դրսևորում (դե՜, մենք էլ ենք եվրոպական ժողովուրդ), այս հարցում լիովին անտեսելով մեր ավանդական արժեքները: Մի՞թե պարզ չէ, որ ազգի գլխին ծանրացած նորժամանակյա բազմաթիվ սպառնալիքների հենքի վրա մեր գոյատևման գլխավոր պայմաններից մեկը մնում է ավանդական ընտանիքի պահպանությունն ու այս անգամ և ընդհանրապես երեխայի ապրելու շահերի պաշտպանությունը: Լավ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ծնողները կարող են ամուսնալուծվել, բայց ի՜նչ մեղք ունի այստեղ անչափահաս երեխան, որը բնակարանի սեփականատիրոջ «օրինական» կամայականությամբ բառի բուն իմաստով հայտնվում է, ինչպես ասվեց, փողոցում: Եվ դատարանն էլ ընդունում է իր կատարյալ անկարողությունն այդ տխրահռչակ օրենքի առջև: Ավելին, այս կոնկրետ սեփականատերը առանց որևէ դատական արգելքի, որ նույնքան անհասկանալի է, միջնորդավորված վաճառում է բնակարանը իր հեռավոր ազգականներից մեկին և կնոջն ու աղջկան զրկում նույնիսկ գրանցումից: Մի կողմ դնենք կնոջը: Իսկ ու՞ր չքվեց երեխայի իրավունքների պաշտպանության վսեմ պատգամը, որն անընդհատ տարփողվում է քաղաքագետների ու չինովնիկների, զանազան իրավապաշտպանների ելույթներում, լրատվամիջոցներում: Ի՞նչ է ստացվում. սեփականատերը կարող է լինել թմրամոլ, խաղամոլ, արվամոլ, հարբեցող, թերահաս, արկածախնդիր, հանցագործ, անբարոյական, սադիստ և չգիտես էլ ինչ, բայց դրանք չեն խանգարում, որ նրա անչափահաս երեխան բոլոր պարագաներում մնա իրավազուրկ՝ այս կոնկրետ դեպքում նաև նրան բնակտարածք հատկացնելու հարցում:


Խնդրի կապակցությամբ խորհրդակցեցի մի քանի փաստաբանների հետ: Ապշել էի՝ բոլորը նույն անողոք փաստն էին հաստատում. այս հարցում մոռացեք երեխայի իրավունքի մասին, նման բան գոյություն չունի, չկա բարոյականության օրենք: Ավելին, երեխայի իրավունքների պաշտպանության մի ընկերության ոչ շարքային աշխատակցուհիներից մեկը «ներքին կարգով» պատմեց, որ ինքն էլ անձամբ հայտնվել է նույնատիպ իրավիճակում և «մեշոկով» փող ծախսելուց հետո դատարանի վճռով «շահել է» ընդամենը... 15 հազար դրամ ալիմենտ: Ի՜նչ բնակարան, ի՜նչ բնակտարածք, ի՜նչ անչափահաս երեխա: Ավելի արտառոց փաստ դժվար է պատկերացնել:
Իմ այն տարակուսանքին, թե դատավորներն ինչպես են հանդուրժում սեփականատիրոջ նման դաժանությունը, նույն պատասխանն եմ ստանում՝ դա բարոյական-զգացմունքային հարց է, ոչ իրավական: Իհարկե, եթե հայրն է զուրկ խղճի խայթից, ի՜նչ կարող ես ակնկալել դատավորից, արմատական փոփոխությունների կարիք զգացող հայրենի դատական համակարգից:
Պառլամենտական նախընտրական պայքարի ընթացքում մեղադրանքներ էին հնչում Երևանում արվամոլահավաք անցկացնելու դեմ հաստատակամություն չդրսևորելու մեջ, որ վտանգվում են ավանդական հայ ընտանիքի հիմքերը և այլն: Բայց արդյոք անթերի՞ է անչափահաս երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը, երբ անօթևան են մնում անմեղ մանուկները: Թե՞ սա չի վերաբերում հայ ընտանիքին: Խեղված հոգեվիճակով երեխայի համար դժվար չի՞ լինի հավակնել Հայաստանի հպարտ քաղաքացի դառնալու նվիրական հեռանկարին: Ի վերջո, Հայաստանում ո՞վ է պատասխանատվություն կրում այդ անապաստան երեխաների համար: Թե՞ խեղճը խեղճ էլ պիտի մնա:


«Իրատես» թերթի խմբագրության անունից դիմում ենք Հայաստանի նորընտիր խորհրդարանին, արդարադատության, դատական իշխանությունների, համապատասխան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետևյալ հարցապնդումով՝ ի՞նչքանով է տվյալ օրենսդրական ակտը հարիր մեր իրականությանը, ի՞նչքանով է այն համապատասխանում անչափահաս երեխայի իրական իրավունքներին: Եթե հօգուտ երեխայի փոփոխություն մտցվի այդ «եվրոպական» օրենքի մեջ, Հայաստանը կհայտնվի ասիական կամ աֆրիկյան երկրների շարքու՞մ:


Իսկ միգուցե Հայաստանի նոր իշխանությունները, նորակազմ խորհրդարանը նոր մոտեցում ցուցաբերեն, այս անգամ պաշտպան կանգնելով թույլին և իրավազուրկին:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ