Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կասեցնել Հայաստանում ԼԳԲՏ-ների համաժողովը, եթե իսկապես քրիստոնյա է

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կասեցնել Հայաստանում ԼԳԲՏ-ների համաժողովը, եթե իսկապես քրիստոնյա է
26.10.2018 | 01:59

Հայաստանում, հենց հայոց քաղաքամայր Երևանում ս. թ. նոյեմբերի 15-18-ին, ինչպես արդեն հայտնի է, նախատեսված է անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ (համասեռամոլ), բիսեքսուալ, տրանսվեստիտ) «քրիստոնյաների» միջազգային համաժողով, այսինքն, իրականացնել սրբապղծություն:

Հայաստանից կազմակերպմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերող «Նոր սերունդ» ՀԿ-ն դեռ գաղտնի է պահում համաժողովի անցկացման վայրը: Նախնական տեղեկությունների համաձայն, համաժողովին մասնակցելու հայտ ներկայացրած, արտերկրից Հայաստան գալու պատրաստվողների թիվը մեծ է, ինչը, եթե, իհարկե, ճիշտ է, զարմանալի չէ, քանի որ նրանց քանակը, ի տարբերություն Հայաստանի, Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր բավական մեծ է:
Ի սկզբանե ընդգծենք, որ սոդոմական մեղքի մեջ գտնվողների կողմից իրենց քրիստոնյա հորջորջելը կատարյալ ծաղրուծանակ, վիրավորանք ու մարտահրավեր է աշխարհի բոլոր քրիստոնյաների նկատմամբ, քանի որ ԼԳԲՏ-ները չեն կարող լինել քրիստոնյա, իսկ քրիստոնյան չի կարող լինել լեսբուհի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսվեստիտ: Դա սկզբունքորեն բացառված է, քրիստոնյան և այլասերվածությունը միմյանց հակադիր են ինչպես նյութը և հականյութը: Հակառակ կարծիքը պարզապես Աստվածաշնչի, քրիստոնեության չիմացության, այդ առումով տգիտության արտահայտություն է, եթե, իհարկե, տվյալ կարծիքի հեղինակն այն չի արտահայտում սադրիչ նպատակներով` իրականությունը շատ լավ իմանալով հանդերձ:
Կարծում ենք, պատահական չէ վերոնշյալ համաժողովի անցկացումը հիմա, «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն կա՛մ արտաքին ուժերի, մասնավորապես՝ Արևմուտքի համապատասխան կենտրոնների կողմից այստեղ սադրանքի նպատակ ունի, կա՛մ մեր հասարակության գերակշիռ մեծամասնության դիմադրողականության աստիճանը ստուգելու՝ առաջիկայում ընտրվելիք ՀՀ Ազգային ժողովին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և ԼԳԲՏ-ների «իրավունքներն» ամրագրող ազգակործան օրենքների ընդունումը պարտադրելուց առաջ:


Չափազանց ուշագրավ է Հայաստանում՝ աշխարհում քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրում, հիշյալ համաժողովն անցկացնելու առնչությամբ Նիկոլ Փաշինյանի (ինչպես վարչապետի պաշտոնում, այնպես էլ հիմա, երբ վարչապետի պաշտոնակատար է) և այժմյան կառավարության չեզոք, հանդուրժողական վերաբերմունքը, նրանց կողմից հնարավոր սադրանքը, համենայն դեպս, բոլոր քրիստոնյաներին ուղղված վիրավորանքը չկանխելը, չկասեցնելը: Ա՛յն դեպքում, երբ մարդու իրավունքները հարգելով հանդերձ, կարող էին պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանն իր քրիստոնյա քաղաքացիների կրոնական զգացմունքները չվիրավորելու, հասարակական ընդվզման տեղիք չտալու և այլ նկատառումներով դե՛մ է այդ համաժողովը մեր երկրում անցկացնելուն, իսկ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են այդ նպատակով գալու այստեղ, հայտարարել անցանկալի անձ (եթե բազմազբաղ լինելու պատճառով դա իրենց մտքով չի անցել, դեռ ուշ չէ, կարող են հանդես գալ այդպիսի հայտարարությամբ):


Պարոն Փաշինյանը, որն, ի դեպ, մի առիթով էլ իրեն քրիստոնյա է հայտարարել, մեծարել Քրիստոսին ու նրա ուսմունքը, վերջերս էլ հայտարարել իր և իր ընտանիքի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ լինելու մասին, հասարակությանը հուզող տարբեր հարցերի շուրջ «լայվով» հաճախակի, ակտիվորեն հանդես գալով հանդերձ, այս կենսահույզ, մեր հասարակությանն այժմ առավել հուզող հարցերից մեկի շուրջ, մեղմ ասած, զարմանալի լռություն էր պահպանում մինչև հոկտեմբերի 24-ը: Ինչու՞, հարցեր չե՞ն առաջանում։ Ընդ որում, հիշյալ խայտառակ համաժողովի առիթով հոկտեմբերի 24-ին էլ դժվար թե խոսեր, եթե չլիներ Ազգային ժողովի ամբիոնից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ նույն օրն իրեն ուղղված խնդրանքը, որ չթույլատրի Երևանում նոյեմբերի 15-18-ին նույնասեռականների համաժողովի անցկացումը։
ՈՒշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ չնայած պատգամավորի բարձրացրած հարցին, որն անվարան կարելի է համարել գրեթե ողջ հայ ժողովրդի բարձրացրած հարցը (բացառությամբ նրանց համեմատ չնչին քանակ կազմողների ու նրանց «իրավունքների» պաշտպանների), ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի ապագա թեկնածու Նիկոլ Փաշինյանը որևէ խոստում չտվեց կամ հայտարարություն չարեց վերոնշյալ համաժողովը չթույլատրելու վերաբերյալ:


Ավելին. ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, համաժողովի կազմակերպիչները մասնակցության հրավերներ են ուղարկել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատար` Մխիթար Հայրապետյանին և Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ Իր «Աննա Հակոբյանը՝ ԼԳԲՏ-ների պաշտպա՞ն. նա ևս հրավիրված պաշտոնյաների ցանկում է» վերտառությամբ հոդվածում NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը հոկտեմբերի 23-ին հրապարակային հարցման կարգով շարադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջն ուղղված հետևյալ հարցերը.
«Հարց առաջին. տիկի՛ն Աննա Հակոբյան, պատրաստվու՞մ եք արդյոք մասնակցելու ԼԳԲՏ-ների ֆորումին։
Հարց երկրորդ. ինչպե՞ս եք կարողանալու այդուհետ նայել այն սևազգեստ մայրերին, որոնց բոլորովին վերջերս խորհուրդ տվեցիք սևերը փոխարինել սպիտակով։
Հարց երրորդ. արդյոք Ձեզ մասնակցության հրավեր ուղարկելը չի՞ փաստում այս ֆորումին պետական մակարդակով աջակցելու մասին։
Հարց չորրորդ. ի՞նչ է մտածում առհասարակ այս ֆորումի մասին նախկին լրագրող Աննա Հակոբյանը»։


Վերը մեջբերված հարցմանը Աննա Հակոբյանի պատասխանը, ինչպես տեղեկացանք NEWSPRESS.am լրատվական կայքի հիմնադիր-տնօրենից, ինքը դեռ չի ստացել: ՈՒշագրավ և հիշարժան են Արիանա Հովսեփյանի ոչ միայն հարցումը, այլև հոդվածում նրա արտահայտած նկատառումները վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ ու սկզբունքների վերաբերյալ.
«Ի դեպ, նախկին լրագրողի մասին. հավանաբար նրա հետ շփված լրագրողները նկատած կլինեն, որ իրենց նախկին գործընկերը վերջերս չի կարողանում իրեն ուղղված հարցերին պատասխանել՝ դիմացինի աչքերի մեջ նայելով. անկասկած է՝ լրագրողից վարչապետի տիկին անցման ընթացքում մի շարք որակներ են կորել, սկզբունքներ փոխվել։
Սկզբունքների մասին ևս մեկ կարևոր նկատառում. պարզվում է՝ քրիստոնեական արժեքներից նահանջ ենք արձանագրել, և ազգապահպանման խնդիրն այլևս էական չէ, հակառակ դեպքում, ինչպե՞ս հասկանանք չբերություն ծնող պատվաստման պաշտպանությամբ հանդես եկող՝ վարչապետի տիկնոջ հայտարարությունը, ըստ որի, իր երեխաները կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ։
Փաստորեն, չբերությանը դեմ չէ, համասեռամոլների տարածմանն ու նրանց համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ ևս»։


Անդրադառնանք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքին.
«Ես ուզում եմ ձեր և մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի կարևոր խնդրի վրա. մենք ունենք ազգային անվտանգության մի մեծ սպառնալիք, որի մասին այսօր ցանկալի կլինի հիշատակել: Լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 15-18-ին Երևանում անցկացվելու է համասեռամոլության սիրահարների, համասեռամոլների, նրանց ջատագովների համաժողով, որին պետք է հաջորդի ինչ-որ քայլարշավ։ Այո, Դուք շատ ճիշտ եք, մեր պետականության և ազգային անվտանգության համար սպառնալիք է հանդիսանում տնտեսական մենաշնորհը, սպառնալիք է քաղաքական մենաշնորհը, այո, շատ ճիշտ եք, մենք ունենք ոչ անվտանգ սահմաններ, բայց, իմ խորին համոզմամբ, մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է»։
Գևորգ Պետրոսյանը խնդրեց, հորդորեց, որ բոլորն իրենց ուժերը համախմբեն՝ մեր ավանդական բարքերի դեմ ոտնձգություն թույլ չտալու համար: Նշելով, որ ինքը նույնպես ողջունում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, որը, իհարկե, դեռ ավարտված չէ, և, ընդհանրապես, ցանկացած հեղափոխություն, քանի որ այն մարդկանց մեջ նորի, եղածից լավի ակնկալություն է առաջացնում, պատգամավորն ասաց.
«Բայց կա մի հեղափոխություն, հարգելի պարոն Փաշինյան, որից անձամբ ես վտանգ եմ տեսնում, կա մի հեղափոխություն, որը ես երբեք չեմ ուզենա, որ Հայաստանում արձանագրվի: Դա հեղափոխությունն է մեր ավանդական ընտանիքների ավանդական բարքերում: Նորից եմ խնդրում, հորդորում, որ մենք բոլորս համատեղենք մեր ուժերը և իրականացնենք մեզանից կախված ամեն օրինական և թույլատրելի հնարավորը՝ մեր ընտանիքներին այդ ազգակործան, այդ պետականակործան գործընթացից ապահովագրելու ուղղությամբ»։


Տեղեկացնենք, որ Գևորգ Պետրոսյանը որպես հայ տղամարդ, մասնակցելու է ԼԳԲՏ-ների համաժողովի դեմ քաղաքացիական բողոքի միջոցառումներին:
«Որպես հայ տղամարդ եմ մասնակցելու, որ սկզբունքորեն դեմ եմ, որ համասեռամոլությունը թափանցի ավանդական ընտանիք,- հավաստել է պատգամավորը:- Ես դա ասել եմ, պնդում եմ և գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում: Եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես տեղ ունենամ Հայաստանում, տեղ ունենամ պետական ապարատում»։
Ի՞նչ, շատե՞րն են գրոհելու։ Տեսեք, թե նախկին ու ներկա իշխանությունները Հայաստանն արդեն ուր են հասցրել, որ ոմանք լկտիաբար կարող են գրոհել նույնիսկ այլասերվածության քարոզչության դեմ հանդես եկող Ազգային ժողովի պատգամավորի ուղղությամբ: Դե, եթե այդպես է, ուրեմն եկել է ոմանց կոտոշները հիմքից կոտրելու ժամանակը, ինչը բոլոր հայ տղամարդիկ անվարան կանեն, ու թող սա ի գիտություն լինի վերևներում բոլոր համապատասխան մարմիններին ու պաշտոնյաներին:


Հայաստանին, հայերին, հայի բնույթին ԼԳԲՏ համայնքի կողմից իրականացվող քարոզչության սպառնալիքը լուրջ համարելով, Գևորգ Պետրոսյանն ասաց.
«Այսօր ունենք ծնելության վատ ցուցանիշներ, մենք այսօր ունենք ժողովրդագրական շատ վատ իրավիճակ, մենք այսօր պատերազմող երկիր ենք, շատ հետաքրքիր է՝ արական սեռի երկու ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ, որն ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը: Ձեզ անձամբ հայտնի՞ է այդպիսի միջոց, ես որքան գիտեմ, այդպիսի միջոց հայտնի չէ»:
Ընդգծելով, որ խնդիրը մեր ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքն է, պատգամավորն ասաց. «Ես աջակցելու եմ այդ շարժմանը, ժողովրդական շարժման մեջ եմ լինելու, որովհետև ես կտրուկ դեմ եմ այդ գաղափարախոսությանը»:
Ազգային ժողովի շարքային պատգամավորն այս ամենը հասկանում, այս ամենի մասին բարձրաձայնում, վտանգը տեսնում ու դրա մասին ահազանգում, տագնապի զանգ է խփում, իսկ մի քանի օր առաջ դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, այժմ վարչապետի պաշտոնակատար և առաջիկայում ընտրվելիք վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որքան էլ «զարմանալի է», նույնը չի՞ հասկանում։ Նշված և այլ վտանգները՝ մեր հոգու, մարմնի և ազգային անվտանգության նկատմամբ եղած սպառնալիքները չի՞ տեսնում։ Չի՞ տեսնում, թե ինչ-ինչ միտումով, նկատառումներով կամ ԼԳԲՏ-ականներին հովանավորող, նրանց սրբապիղծ և ազգակործան ընթացքի համար ճանապարհ հարթող Արևմուտքի համապատասխան կենտրոնների առջև «թավշյա հեղափոխության» դիմաց ինչ-ինչ պարտավորություններ ունենալով, չի ուզում տեսնել։ Այստեղ ավելորդ չենք համարում հիշեցնել պաշտոնը թողնելուց առաջ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Միլսի ցինիկ խոստովանությունը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը (նույնն է, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտը կամ կառավարությունը) տասնյակ տարիների ընթացքում նպատակաուղղված աջակցել է հայկական հասարակության որոշակի խմբերի և Հայաստանի կառավարության որոշակի ներկայացուցիչների։


Անդրադառնալով ԼԳԲՏ-ականների խնդրին ու նրանց համաժողովի առնչությամբ պատգամավորի բարձրացրած հարցին, Փաշինյանն ակնհայտորեն ցույց տվեց խնդրի առնչությամբ կա՛մ իր գրեթե կատարյալ չիմացությունը, ինչպես ինքն էր ասում, իրավիճակին չտիրապետելը, կա՛մ նեղն ընկած դեպքում դեմագոգիայի հնարքին դիմելը: Բայց, եթե այդպես է, ապա ներկա իրավիճակում, մանավա՛նդ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ վերոնշյալ խնդրի առնչությամբ դեմագոգիան հազիվ թե օգնի նրան. Փաշինյանին դժվար թե հաջողվի խույս տալ բուն խնդրի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն արտահայտելուց, Գևորգ Պետրոսյանի և այլոց կողմից հրապարակային դաշտում բարձրացված հարցերին «այո» կամ «ոչ» ասելուց: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հիշյալ համաժողովը չթույլատրելուն, ցանկացած գեյ-շքերթի կամ քայլերթի միջոցով, ԶԼՄ-ներով, փողոցներում սոցիալական գովազդներով և այլ կերպ այլասերվածության քարոզչությունն արգելելուն, միասեռականների՝ միմյանց հետ ամուսնության պաշտոնական գրանցումը, ԼԳԲՏ-ներից որևէ մեկի կողմից երեխայի որդեգրումը, դպրոցներում մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելն օրենսդրորեն բացառելուն:


Թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը որոշակի ի՞նչ ասաց Ազգային ժողովի ամբիոնից, հասարակական դաշտում այն ի՞նչ արձագանքներ ունեցավ և այլն, կանդրադառնանք առաջիկա հրապարակմամբ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ