Կոնֆուցիոսն ասել է` ամոթ է անցումային շրջանում հարուստ լինելը։ Եվ եթե մեջբերենք Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի քաղաքի բոլոր նշանավոր այրերի (Իսահակյանից մինչև Շիրազ) և հռչակավոր կատակաբանների (Պոլոզ Մուկուչից մինչև ընկեր Մարգո) աս ու խոսը` նվիրված իր աղքատ և հիվանդ դրկիցի հարևանությամբ խրախճանքներ սարքող թուլայամիտ հաստաքսակատերերին, ապա, վստահ եղեք, որ Գյումրուց մինչև Երևան չեն բավարարի այդ ասույթները հավերժացնող ազդատախտակները։
Կումայրի-Գյումրիում էինք 2017-ի հունիսի 30-ին։ Օրը ուրբաթ էր, աշխատանքային և բավականին արևոտ։ Աղետալի երկրաշարժի 30-րդ հոգեմաշ տարելիցը կլրանա ընդամենը ամիսներ անց, ձմեռնամուտի հետ։ Սակայն ձմեռային Կումայրի-Գյումրին առանձին քննարկման նյութ է, այսօր ամառ է, և փորձենք ըմբռնել, թե, այնուամենայնիվ, ի՞նչ է կատարվում երբեմնի արժանապատվության և հումորի հանգրվան այս հնամենի բնակավայրում։ Մեր լրագրողական շրջայցը համեմված է լուսանկարներով, մեկը մեկից «առինքնող» և մեկը մեկից «հուզալից»։
Մեզ Գյումրի հասցնող միկրոավտոբուսը կանգ առավ քաղաքային ավտոկայանում։ Վար իջնելու համար, հավանաբար, պետք էր վարդագույն ակնոց դնել, ավտոկայանի հրապարակը տարբեր փոսերի և երբեմնի ասֆալտի անողորմ հուշն է։ Սա քաղաքի գլխավոր ավտոկայանն է։ Այստեղից էլ սկսվում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը` Ստեփան Շահումյան փողոց-մայրուղին։
Տեղաբնակները սիրալիր հուշեցին, որ այս փողոցն ուղեկցում-հասցնում է Գյումրու քաղաքապետարան։ Անկեղծ ասած, մի պահ շվարել էինք, զի թվում էր, որ գտնվում ենք հետպատերազմական շրջանի ֆիլմի նկարահանման հրապարակում, աջից ու ձախից մայթերն ուղղակի բռնազավթված էին արդյունաբերական ապրանքներով, անիվներ, գյուղատնտեսական գործիքներ, հագուստ, հնավաճառի գունեղ ապրանք, խորհրդային տարիների ժանգոտած ավտոպահեստամասեր։ Մի խոսքով` ինչ անցնի մտքովդ, եթե քիչ թե շատ վառ երևակայության տեր ես և պատկերացնում ես, որ ուղղակի գտնվում ես արդյունաբերական ապրանքների, հնոտու և այլ տեսականու մանրամեծածախ տոնավաճառում, քաղաքից հեռու, անմարդաբնակ մի վայրում։
Հետպատերազմյան շրջանի ֆիլմի նկարահանման տպավորությունը ծնվեց զինվորական համազգեստ վաճառող կրպակի առջև։ Ովքեր էին զինվորական համազգեստի գնորդները, ինձ հասու չէր։ Բայց ուշագրավ էր նշյալ կրպակի առջև ինչ-որ փակ ամանում պատրաստվող ուտեստը, հավանաբար լուլաքաբաբ էր, բուրմունքը դա էր հաստատում։
Շահումյան փողոցը խաչմերուկվում է Ալեքսանդրապոլի փողոցի հետ, ուր տեղակայված է պերճաշուք «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը։ Հակադրությունն ազդեցիկ է, քաղաքը քայլ առ քայլ հիշեցնում է տեղ-տեղ թունդ շպարված, սակայն օրվա հացը մուրացիկությամբ հայթայթող երբեմնի հարգևոր մի տիկնոջ։
Մանրածախ առևտրի շարքում աչքս շոյեց այս քաղաքի նկարագիրն ամբողջացնող մի դրվագ` քարագործ վարպետների անկյունը։ Կարմիր տուֆից կերտված ոչ ծավալուն, սակայն մոնումենտալ հնչողություն ունեցող հարթաքանդակը հանգրվանել էր արհեստանոցի դռան մոտ։ 1988-ի դեկտեմբերի 7-ին հիմնահատակ փլուզված դպրոցի եղերական հիշատակը պահպանող, այսօր մի քարակտոր է այն, ամենևին ոչ հուշակոթող։
Այո, արմատական հակադրությունների քաղաք է Կումայրի-Գյումրին։ Ահա շքեղ մի քանի շենք են աչքդ շոյում (եթե սա շոյանք է, ոչ թե ճանկռտոց), և «Մսի պասաժի» այս սյուրռեալիստական պատկերը։
Առհասարակ Կումայրի-Գյումրին ֆանտասմագորիկ իրավիճակների և սյուրռեալիստական պատկերների մի հավաքականություն է։ Ժամանակի զգացողությունը կորցնում ես ինքնաբերաբար, հետերկրաշարժյան 30 տարիները արժանապատվության և շնորհների բնօրրան այս հնամենի քաղաքում մի քանի աշխույժ քայլ են կատարում դեպի քաղաքակրթություն (տե՛ս շքեղ առանձնատների և հյուրանոցների բոցկլտումներն այս ու այնտեղ սեփական ինքնության), հետո երկա՜ր կանգնում, մտորում են` կորցրած հյուսիսն ու հարավը (հազարավոր վարպետ ձեռքեր վաղո՜ւց ի վեր շենացնում են ռուսական և այլ քաղաքներ ու շեներ, միտք ու հոգի են դնում յուրաքանչյուր արարքում, հոգին ծվատված, միտքը ալեկոծուն, խիստ տնակյաց, ավանդապաշտ կումայրեցին երկիր է կերտում երկրից, հայրենիքից և քաղաքից տիեզերաչափ հեռուներում), և վերջապես շրջադարձվում, հետ են մղվում դեպի եղեռնագործ ժաժքի ժամանակները... Տնակային ավանները 3-րդ հանրապետության 2-րդ խոշոր (մշակութային նշանակությամբ` նաև առաջին) բնակավայրի գլխավոր «ներկայացուցչական մարմիններն» են։ Գլխավոր տնակային ավանը ավտոկայանից քիչ այն կողմում է, հանրահայտ «Սոֆիկի բաղերում»։ Բայց «էլիտար տնակներ» կան այս ու այնտեղ։ Այս բնորոշումը, ինչ խոսք, ծնվեց ինքնաբերաբար, երբ ակամա հյուրընկալվեցինք երկհարկանի մի վագոն-տնակում, որը քիչ թե շատ հարդարված էր, և պատվով էր դիմակայում առնետների գրոհներին։ Սակայն Կումայրի-Գյումրու ներկա զարթոնքի անբռնազբոս առհավատչյա վագոն-տնակների իրապաշտական նկարագրությունը թողնելով գործընկերոջս` Ռուզան Խաչատրյանի ուշիմ քննությանը, շարունակեմ «զբոսաշրջվել»։ (Մի՛ լքիր ինձ, հարգելի ընթերցող, դեռ զվարճալի բաներ կան քեզ պատմելու)։
Կումայրի-Գյումրու նշանավոր քաղաքացին` Պոլոզ Մուկուչը, Ալեքսանդրապոլի բնակիչ էր։ Նրա բանահյուսական երգիծանքը քաղաքի ուղեկիցն է արդեն մեկ դար։ Քաղաքը սիրում և գնահատում էր իր կատակաբան-հերոսին։ Եվ հավերժացրել է նրան ահա այս ներկայանալի հուշարձանով։ Հուշարձանի թիկունքում քաղաքի գլխավոր ջրավազանն է։ Եթե ջրավազանում կապուտաչյա ջուրը ծփար ու կոհակվեր և քնարական հանգստի հրավիրեր բնակիչներին, ապա, վստահաբար, կխախտվեր քաղաքի ներկա գրեթե գրոտեսկային համայնապատկերը։ Եվ սա հաշվի առնելով` քաղաքային իշխանությունները (այն է` քաղաքապետը, վերջինիս թիկնազոր-աշխատակազմը և քաղաքային ավագանին) հիմնավորապես ջրազրկել են հսկա ջրավազանը, այն վերածել են համաքաղաքային աղբավայրի, և այս ամենը Կումայրի-Գյումրու փառահեղ, միաժամանակ խստակյաց եկեղեցիների հայացքի ներքո է, նրանց հոգեպարար միջավայրում։
Այս քաղաքում աղբամաններ պետք է փնտրել երկար ժամանակ։ Երևանի համեմատությամբ Կումայրի-Գյումրու զբոսայգիներն ու ծառուղիները անտերության են մատնված։ Քիչ թե շատ խնամված է միայն սրճարանների շրջակայքը։
Ինչ խոսք, անհնար է հասնել հայրաքաղաք և անտեսել Կումայրի պատմամշակութային արգելոցը։ Ես շրջանցեցի Վարդանանց կենտրոնական հրապարակը և քաղաքապետարանը ու սրտատրոփ հասա արգելոց։ Հասա, ավելի ստույգ` հաղթահարեցի քանդուքարափ և անմայթ փողոցները։ Առհասարակ մայթերը քաղաքում կամ ինքնաբուխ, այն է` չկանոնակարգված շուկաներ են, կամ ուղղակի անհայտ բացակայող են։ Շիրազի և Վարպետաց փողոցներ։ Վագոն-տնակներ, ցոլցլուն առանձնատներ, երկրաշարժի հուշագիր շինություններ և անմարդաբնակության կեղեքիչ զգացողություն։ Այս իրողությունը, կասկած չկա, քաղաքային իշխանությունների համար միանգամայն տանելի, և ավելին` ընդունելի իրավիճակ է, պատվիրակությունները կգան-կգնան, զանազան հիմնադրամները դրամահավաքներ կկազմակերպեն և ինչ-ինչ խնդիրներ կլուծեն, իսկ քաղաքի կառավարիչ ատյանը առինքնող նվիրումով աղ է լցնում քաղաքաբնակների բաց վերքերի վրա, հավատավոր հացկատակությամբ ստորացնելով այր ու կին, ծեր ու մանուկ, նրանց պարբերաբար ուղղորդելով դեպի քաղաքակիրթ համակենտրոնացման ճամբարներ, այսինքն` դեպի սոցիալական բաղնիքներ։
Քաղաքապետարանը շքեղ, այս ճաշակակիրթ քաղաքի համար, թերևս, անտեղի դեկորատիվ պերճանքով կառուցված շինություն է։ Քաղաքապետարանին հարակից տարածքն ամայի էր, չնայած օրը ուրբաթ էր, աշխատանքային։ Ճաքոտած ասֆալտի վրա, ճիշտ քաղաքապետի պատուհանի ներքո ձկնավաճառի «վաճառակետ» էր։ Քիչ այն կողմ` վիճակախաղի շարժական կրպակը։
Այո, այս երբեմնի խաս քաղաքում երկոտանի խավարասերներն են դրության տերը, ժողովրդավարությունը հասել է իր բարձրակետին, ժողովուրդը վար է իջնում ժամ առ ժամ։ Ինձ ուղղակի ցնցեցին գյումրեցիների հյուրընկալ բարությունը, մեղմ, թեկուզ և արդեն թախծաշաղախ հումորը և համակերպությունը ճակատագրի հարվածների հանդեպ։ Զրուցեցի մի քանիսի հետ։ Փորձեցի կռահել, այնուամենայնիվ, թե ինչ է զգում այսօր բնակիչը, յուրաքանչյուրը մեկական համբերանքի չիբուխ սրտում անթեղած։ Ամենատարբեր մարդկանց պատասխաններում կարմիր թելի պես մի ցավ էր տրոփում` անտարբերությունը` քաղաքային և մարզային, ինչու չէ, նաև հանրապետության իշխանությունների։
«Մենք իրանց համար չկանք, իրանք էլ մեր համար»։ Սա է Կումայրի-Գյումրի քաղաքի գնահատականը քաղաքային իշխանությունների գոյությանը, 2017-ի ամռանը, աղետալի երկրաշարժից գրեթե 30 տարի անց։
Քաղաքում այսօր մշտապես բնակվում է 90 հազար մարդ։ Այստեղ արտագաղթի ցուցանիշն ամենաբարձրն է երկրում։ Քաղաքում ձայներ չկան, շշուկներ են լսվում միայն։ Այստեղ ժամանակը հետադարձ շրջապտույտի մեջ է։ Իսկ հիշում եմ այն երանելի ժամանակները, երբ Լենինական այցելելով շատերի պես հետդարձի ժամանակ ձեռք էի բերում լենինականյան հռչակավոր ապխտած երշիկը։ Ի դեպ, նշյալ երշիկը կոնյակի և մրգային սուջուխ-ալանիի հետ Հայաստանի ընտրյալ այցեքարտն էր ողջ ԽՍՀՄ-ում։ Ավտոկայանում երկար մտորեցի, թե, այնուամենայնիվ, ի՞նչ գնեմ և հասցնեմ Երևան։
Ոչինչ չգտա։ Քաղաքի «գաստրոնոմիական դեմքը» «Գյումրի» մակնիշի գարեջուրն է։ Իսկ այն Երևանում ամենուր է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Երևան-Գյումրի-Երևան