ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կմ խորության վրա: Ըստ հաղորդագրության՝ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում ուղերթին:
«ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ: Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»,- ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում: