Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Նախագահը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին
16.05.2015 | 22:27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին: Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի քանի ծառայողներ արժանացել են ՀՀ պետական պարգևների, շնորհվել են բարձրագույն կոչումներ: Սերժ Սարգսյանը հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է պետական պարգևները, շնորհավորել և նոր հաջողություններ մաղթել պարգևատրվածներին:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ


Հարգելի ոստիկաններ,
Ինչպես հիշում եք, այս տարի ձեր մասնագիտական տոնը համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ամենաինտենսիվ փուլի հետ և հասկանալի պատճառներով` առաջին հերթին ձեր բոլորի գերծանրաբեռնվածության պատճառով, հնարավոր չեղավ հավուր պատշաճի նշել այս տոնը: ՈՒստի, այսօր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ձեր ծառայությունն առանձնահատուկ է և դժվարին: Դուք իսկապես բարդ, բայց նաև շնորհակալ և պատվաբեր աշխատանք եք կատարում: Միաժամանակ պետք է խոստովանել, որ մեր հասարակության մեջ, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, ոստիկանների գործողությունների հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբեմն մենք վկան ենք դառնում ոստիկանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորումների: Սա բխում է ձեր առաքելության յուրահատկությունից, որին պետք է հակադրեք ձեր սառնասրտությունը, համբերությունը և մասնագիտական բարձր որակները:
Ձեր ծառայությունը բարդ է նաև մեկ այլ պատճառով: Ոստիկանական համակարգը մշտապես գտնվում է բարեփոխումների գործընթացի մեջ, որն իր հերթին նոր խնդիրներ է հարուցում և, անշուշտ, նոր լուծումների անհրաժեշտություն կա: Այդ բարեփոխումները դրական արդյունքներ են տալիս, և այսօր, իրոք, այդ արդյունքները երևում են: Ես հավատում եմ, որ դրանք վաղն ավելի տեսանելի են լինելու:
Բոլորիդ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեծամասշտաբ միջոցառումների նախապատրաստման և անցկացման փուլերում ձեր կատարած հսկայական և շատ կարևոր աշխատանքի համար, տեսանելի, բայց շատ հաճախ նաև ոչ տեսանելի աշխատանքի համար: Կեցցե՛ք բոլորդ: Շատ շնորհակալ եմ:
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ ձեզ երջանկություն անձնական կյանքում, հաջողություններ ձեր պատասխանատու աշխատանքում, ձեր ընտանիքներին՝ հաջողություն, բարեկեցություն և խաղաղություն: Համոզված եմ, որ ձեր նվիրվածությունը գործին, սկզբունքայնությունը և արհեստավարժությունը ոչ միայն շարունակելու են բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հեղինակությունը և օրինապահության մակարդակը մեր երկրում, այլև դառնալու են ժողովրդավարական պետության ու ազատ հասարակության կարևոր բաղկացուցիչներ: Բոլոր այս հարցերի մասին մենք դեռևս մանրամասն կխոսենք: Ես ծրագրում եմ աշնանը նորից հյուրընկալվել ձեզ, բայց այդ անգամ մենք արդեն աշխատանքային քննարկումներ ենք ունենալու, որտեղ խոսելու ենք այն մասին, թե ուր է հասել ոստիկանությունը իր բարեփոխումների ճանապարհին և ինչ արդյունավետությամբ է շարունակելու բարեփոխումները:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ