Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Սփյուռքում հայ ավանդական կուսակցություններն այլևս անելիք չունեն»

«Սփյուռքում հայ ավանդական  կուսակցություններն այլևս անելիք չունեն»
05.05.2015 | 00:07

Օրերս աշխատանքային քառօրյա այցով Հայաստանում էր լոնդոնաբնակ գրող, սփյուռքահայ նշանավոր գործիչ ԱՍԱՏՈՒՐ ԳՅՈՒԶԵԼՅԱՆԸ, ում հետ կայացած մեր հանդիպումով ստացանք մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

Ասատուր Գյուզելյանը ծնվել է 1932 թ. մայիսի 14-ին Կիլիկիայի Սովուկ Օլուկ գյուղում, ուսանել Հալեպի Կիլիկյան վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, եղել սփյուռքահայ հայտնի մանկավարժ Սիմոն Սիմոնյանի աշակերտը, լիբանանահայ գրող Վահրամ Մավյանի ընկերը, Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանցի նպաստընկալ սանը, արժանացել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գնահատանքին: Ցեղասպանության արհավիրքների ականատես ծնողների զավակն անցել է կյանքի դժվարին ճանապարհ՝ ապրելով ու արարելով Սփյուռքի մի շարք համայնքներում:
-Պարոն Գյուզելյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա մակարդակը: Ցեղասպանությունից ու պահանջատիրությունից զատ, ուրիշ ի՞նչ կենսական կապեր կան մայր hայրենիքի և դրսաշխարհի հայության միջև:
-Հայաստանի և Սփյուռքի միջև առկա կապերը բազմաթիվ են և բազմազան, հատկապես սփյուռքի նախարարության հիմնումից հետո: Անդրադառնալով անցյալին՝ հարկ է նշել, որ նախքան 1964 թ.՝ սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը, նշյալ ասպարեզում լուրջ գործունեություն է ծավալել Էջմիածինը: Հատկանշական է հատկապես Վազգեն Ա վեհափառի դերակատարությունը: Ամենայն Հայոց կաթողիկոսին հաջողվեց Ալեք Մանուկյանին և մյուս բարերարներին անքակտելի կապերով միավորել Հայաստանի հետ: Սփյուռքում մեծ ճանաչում ունեցող բարերարները չէին ցանկանում իրենց նվիրատվություններին քաղաքական երանգ հաղորդել, այդ իսկ պատճառով նախընտրում էին գործել Էջմիածնի խողովակով: 1991 թ. Հայաստանի անկախացումից հետո մայր հայրենիքի և Սփյուռքի կապերը թևակոխեցին նոր շրջափուլ, թեկուզ սկզբում կանոնավորված չէին: Չնայած դրան, բնական է, որ արտասահմանի հայերի համար ՀՀ անկախացումը մեծ նշանակություն ուներ, անկախացում, որը ԽՍՀՄ փլուզման արդյունք էր:
Սփյուռք-Հայրենիք կապերի զորացման մեջ շատ կարևոր է Հայ բարեգործական ընդհանուր միության դերը հատկապես վերջին տասնհինգ-քսան տարիներին, երբ Բարեգործականը իր ուշադրությունը սևեռեց անկախ Հայաստանի վրա: Ինքս ՀԲԸՄ Լոնդոնի գրասենյակի հոգաբարձության անդամ եմ և գիտեմ, որ ՀԲԸՄ-ն նախընտրությունը տալիս է Հայաստանին: Այս ուղեգիծը նշմարելի էր նաև սիրիական պատերազմի պատճառով Հայաստանում հաստատված սիրիահայերի պարագայում: Բնականաբար, Սփյուռքում գործում են նաև այլ կազմակերպություններ, որոնք նույնպես որոշակիորեն նպաստում են Հայաստանի զարգացմանը, սակայն ՀԲԸՄ-ն, լինելով Սփյուռքի ամենամեծ բարեսիրական կազմակերպությունը, մեծ նշանակություն է տալիս Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին:
Նախկինում բազմիցս նշել եմ, որ Սփյուռքում անչափ կարևոր է վիճելի հարցերը զանազանել անվիճելի հարցերից և համախմբվել անվիճելի հարցերի շուրջ: Ներկայումս վիճելի հարց չկա, քանզի սփյուռքյան ճամբարների առճակատման գլխավոր թիրախը՝ Խորհրդային Հայաստանը, այլևս գոյություն չունի: Ելնելով այդ հանգամանքից՝ համոզված եմ, որ Սփյուռքում հայ ավանդական կուսակցություններն այլևս անելիք չունեն: Նրանց գործն ավելի շատ անկախացած հայրենիքում է: Ժամանակն է, որ ձերբազատվենք կուսակցական մտածողությունից և որպես հայ պետականության մասնիկներ` համախմբվենք՝ գործելով ի նպաստ պետության: Դժբախտաբար, սփյուռքյան մի շարք համայնքներ տարբեր պատճառներով զգալիորեն թուլացել են: Այդ երևույթը հստակ դրսևորվում է Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում: Բայց հակառակ դրան, ակտիվություն են դրսևորում, օրինակ, կանադահայ և ամերիկահայ համայնքները:
Ըստ իս, այսօր մեր գերխնդիրն է հայրենիքի պահպանումը, զորացումը և ուժեղացումը:
-Ներկայումս Սփյուռքում հայ ավանդական կուսակցությունների նմանությամբ մրցակցություն առկա՞ է հայ հարանվան եկեղեցիների միջև:
-Բարեբախտաբար, ոչ: Այդ մրցակցությունն առկա էր նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների միջև: Օրինակ, 1950-ականներին Անթիլիասի և Էջմիածնի հարաբերությունները զոհ գնացին ամերիկյան քաղաքականությանը: Խոսքը վերաբերում է 1955 թ. եկեղեցական տագնապին: Այդ ժամանակ շրջանառվում էր և՛ ամերիկյան, և՛ խորհրդային, և՛ թուրքական փողը, որի գլխավոր նպատակն էր սփյուռքահայ իրականության ձևախեղումը: Պատկան մարմինները աչալուրջ չգտնվեցին, և վերոնշյալ ուժերը որոշակիորեն հասան իրենց նպատակներին:
Ներկայումս հարաբերությունները կարգավորված են թե՛ հարանվան եկեղեցիների, թե՛ նվիրապետական աթոռների միջև:
-Ո՞րն է տարբերությունը 1920-ականներին ծնունդ առած Սփյուռքի և ներկայիս Սփյուռքի միջև: Ըստ Ձեզ, շուրջ մեկդարյա պատմության ընթացքում կերպափոխվե՞լ են Սփյուռքն ու սփյուռքահայերը: Կա՞ հույս, որ ապագայում Սփյուռքում կծնվեն ու կարարեն Թորոս Թորանյաններ, Բյուզանդ Եղիայաններ, Վահե Վահյաններ՝ պայքարելով ուծացման դեմ:
-Ձեր նշած նախկին և ներկա սփյուռքները տարբերվում են նրանով, որ 20-րդ դարասկզբին Մեծ եղեռնի «մնացորդացը» դրսևորեց ուժեղ կամք: Ցեղասպանությունից փրկվածների ենթագիտակցության մեջ կար վրեժի զգացում, հարատևման նպատակով ամեն ինչ տալու պատրաստակամություն: Սփյուռքը գոյավորող սերունդը ոգևորություն առաջացրեց արտասահմանում: Բեյրութը, Հալեպը, Փարիզը, Բոստոնը դարձան նախաեղեռնյան Կ. Պոլսի պատառիկներ: Իսկ ներկայիս Սփյուռքը, ինչպես ամբողջ աշխարհը, իր պատմությունը կերտում է տեխնիկական և տեխնոլոգիական զարգացման շրջանակներում, վերոնշյալ կամքը և անհատների զգայական մակարդակը իրենց տեղը զիջել են նյութական մակարդակին:
-Ինչպես Լևոն Զեքիյանն է նշում, 1920-ականների համար սփյուռքյան գոյավիճակին բնորոշ էին եկեղեցի, դպրոց, մամուլ, մշակույթ առանցքները: Ներկայումս հայապահպանության շրջանակներում այս ցանկն ավելացե՞լ է նոր առանցքներով, թե՞ Սփյուռքը շարունակում է ապրել Ազգային սահմանադրության շրջանակներում:
-Ինչպես արդեն նշեցի, 1920-1930-ականներին սփյուռքահայ սերունդը նախապատվություն էր տալիս զգայական նյութերին: Ներկայումս իրավիճակը փոխվել է, քանզի մեծ մասը մտածում է իր ապագան կերտելու, բարեկեցիկ կյանքով ապրելու մասին՝ ավելի շատ նախընտրելով բժշկի, ինժեների մասնագիտությունները: Այդ իսկ պատճառով ներկայումս չեն նշմարվում նախկին գրողների և արվեստագետների սերնդին հատուկ որակներ:


Կարո ԺԱՄԽԱՐՅԱՆ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գիտավերլուծական կենտրոնի փորձագետ

Հ. Գ.- Ասատուր Գյուզելյանի գործունեությանը վերաբերող դրվագներն ամփոփված են Ալբերտ Փարսադանյանի «Հարատևող բարեկամություն» և իր հեղինակած «Կը խօսին նամակները» աշխատանքներում, հուսանք` պարոն Գյուզելյանի հրապարակման արժանի և սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող հուշերը, նամակներն ու փաստաթղթերը ևս կհրապարակվեն` հարստացնելով Սփյուռքի պատմությունը նոր և արժեքավոր նյութերով:

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ