Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում գործող «Նոր զարթոնք», «Առերեսման հարթակ» հասարակական կազմակերպությունները, Մարդու իրավունքների միության խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը, «Անադոլու մշակույթի ու հետազոտությունների միություն» կազմակերպությունը և այլ կառույցներ մամուլի ասուլիս են տվել՝ տեղեկացնում է Etha գործակալությունը: «2015-ի ապրիլի 24-ին հավաքվելու ենք հրապարակներում,- «Ճանաչիր, ներողություն խնդրիր, հատուցիր» խորագրով մամուլի ասուլիսում ասել է մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Էրեն Քեսքինը:- Հարյուր տարի առաջ այս տարածքներում տեղի ունեցածն անբուժելի, անդառնալի, աններելի հանցանք է»:
«1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում նաև ասորիների ու հույների, Փոքր Ասիայի քրիստոնյա այլ ժողովուրդների դեմ համակարգված ոչնչացման քաղաքականություն է իրականացվել, նրանց տնտեսությունը պատմական ու մշակութային ժառանգության հետ միասին ոչնչացվել է»,- ասել է նա: Քեսքինը նշել է, որ 2015-ի ապրիլի 24-ին Ստամբուլում և Դիարբեքիրում Ցեղասպանությունը հիշատակելու, 100-ամյա ժխտմանը վերջ տալու համար միջոցառումներ են կազմակերպվելու, նպատակը Ցեղասպանությունը ճանաչել տալը, ներողություն խնդրելն ու հատուցելն է լինելու: Ստամբուլում միջոցառումները մեկնարկելու են ապրիլի 24-ի առավոտյան՝ բանտի մոտ, որտեղ պահվել են հայ մտավորականները, և Հայդարփաշա կայարանի մոտ, որտեղից աքսորվել են: Ավելի ուշ քայլերթ է տեղի ունենալու, իսկ հետո հարգանքի տուրք է մատուցվելու Բաթմանում զինծառայության ընթացքում սպանված Սևակ Բալըքչըի հիշատակին: Համաժամանակյա միջոցառումներ են լինելու նաև Դիարբեքիրում: