Վերջին տասնամյակի ընթացքում, Հայաստանը ողողվել է բազմաթիվ կազմակերպություններով, որոնք իրենց գործունեության հիմնական ուղղությունը հայտարարել են պայքարը, այսպես կոչված, «ընտանեկան բռնության» դեմ:
Փաստենք, որ բռնությունը արարք է, որն իրականացնողը, անկախ իր անձնական հատկանիշներից, կատարման վայրից և բռնության ենթարկած անձից, պետք է պատժվի: ՈՒստի «ընտանեկան բռնության» դեմ իրական պայքարը նախ պետք է կոչվի «պայքար բռնությունների դեմ, որոնք կարող են տեղի ունենալ նաև ընտանիքներում»: Սակայն, չգիտես ինչու, այդպիսի պայքար Հայաստանում չի ծավալվում, փոխարենը իրականացվում է «ընտանեկան բռնության դեմ» պայքար, որը, բնականաբար, հարցը տանում է այլ ուղղությամբ:
«Ընտանեկան բռնության դեմ» պայքարն իրականում ուղղված է մարդկանց մոտ ստեղծելու այնպիսի պատրանք, թե իբր ընտանիքը բռնության որջ է, իսկ ցանկացած ամուսին` բռնարար: Սա վառ ապացույցն է այն բանի, որ արևմտյան ՀԿ-ները Հայաստանում սկսում են պատերազմ ՀԱՅ ընտանիքների դեմ: Պետք է լինել ողջամիտ և ինքնակամ չհայտնվել թշնամու պատրաստած թակարդում:
Մի շարք կազմակերպություններ, որոնք պայքարում են «ընտանեկան բռնությունների» դեմ, Ազգային ժողով, որպես առաջարկ ներկայացրել են, այսպես կոչված, «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքի նախագիծ:
Սույն նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ.
«Ընտանիքի անդամներ են համարվում նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք (փաստացի ամուսնություն) և զուգընկերները (զուգընկեր է համարվում այն անձը, ով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միևնույն անձի հետ)»:
Ոչ ավելի, ոչ պակաս և հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ընտանիքի անդամների վերաբերյալ այսպիսի հեղափոխական մոտեցում է ցուցաբերվում: Փաստորեն այս օրենքը ընդունելով ամրագրում և իրավական կարգավիճակ ենք տալիս համասեռամոլ ընտանիքներին, խթանելով միասեռական ամուսնությունների գոյությանը և աճին: Եվ այս անհեթեթ կետերը բազմաթիվ են:
Հայաստանն ունի փոփոխությունների կարիք ամենատարբեր ոլորտներում, սակայն քննարկման առարկա է դարձել միակ ամուր միավորը՝ ԸՆՏԱՆԻՔԸ: Հետևություններ անելը բարդ չէ, և մենք ամեն կերպ հանրությանը կմատուցենք այն ճշմարտությունը, որ շատ շուտով Հայաստանում նույնպես կգործեն այնպիսի օրենքներ, որոնք թույլ կտան պետական մարմինների աշխատակիցներին որոշել թե ինչպես պետք է դաստիարակեք, սիրեք և դիմեք ձեր երեխաներին, հակառակ դեպքում նրանք կհեռացվեն ընտանիքներից, դառնալով ապաստարանի բնակիչ կամ որևէ համասեռամոլ ընտանիքի զավակ: Քանի դեռ ուշ չէ՛, քանի դեռ «օրենքները» քննարկման փուլում են և ամեն բան դեռ կարելի է փոխել: Եղեք զգոն և պաշտպանեք ձեր առողջ ընտանիքի իրավունքները:
Մենք պատրա՛ստ ենք օգնելու ՀԱՅ ընտանիքին և հայ զավակների առողջ մթնոլորտում մեծանալու իրավունքի պահպանմանը:
«Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպություն, նախագահ՝ Մելինե Յավրյան