Կյանքիս գրքի բազմաթիվ գլուխներ ավարտվեցին, փակվեցին: Պարապ կյանք՝ զավակ չունեցա, մի տուն չսարքեցի: Լավ էր, գոնե մի քանի ծառ տնկեցի, նաև մեր տոհմածառն է իմ ձեռքի գործը: Թիկունքիս մնացին 48 աշխատանքային և ուսանողական տարիները՝ Հայաստանում, Բաքվում, Վիսբադենում ստացած գիտելիքներով և կենսափորձով:
Երբևէ կմտածեի՞, թե կյանքի ճանապարհը ինձ ո՞ւր է տանելու: Ո՛չ, մանավանդ որ 1981-ի ավտովթարից հրաշքով ողջ մնացի:
«Մի գավաթ սուրճը փոխեց նրա կյանքը». այսպես էր վերնագրել գերմանացի լրագրողուհին ինձ հետ արված հարցազրույցը «Wiesbadener Kurier» օրաթերթում:
Դա տարիներ առաջ էր:
Այսօր հավաքվել էին Վիսբադենի քաղաքային գրադարանի գործընկերներս՝ ինձ պաշտոնապես կենսաթոշակի ճանապարհելու: Շնորհակալական վավերագիր ստացա ավագ քաղաքագլխի անունից՝ աշխատանքին նվիրվածության համար: Եթե Գեղարոտում՝ աշխատանքային գործունեությունս սկսելու պահին, մեկը մարգարեաբար ասեր, որ ես կյանքիս գործը կավարտեմ Գերմանիայում, կմտածեի` խենթ է, ու բոլոր մարգարեությունները՝ սուտ: Կերազեի՞ Գյոթե, Հեսսե, Ռիլկե, Նովալիս բնագրից կարդալու մասին:
Զարմանալի զուգադիպությամբ՝ տանը և գործընկերներս ինձ գերմանացի էին ասում: Ինձ հաճո չէր դա, մանավանդ որ մեծ հորեղբայրս և հինգ ազգականներս զոհվել էին Գերմանիայում: Ինչո՞ւ գերմանացի, նրա համար, որ ճշտապա՞հ էի ու կարգապա՞հ, և մերոնց համար գուցե այդ հատկանիշների «վառ օրինակ» էին գերմանացինե՞րը: Լուսահոգի հայրս ասում էր. «Գնա, գնա, բալա ջան, դու ես կառուցելու սովետը»՝ մեկ րոպե չէի հանդուրժում գործից ուշանալը: Ի՞նչ իմանամ Աստծո բանը, ականջները բաց էին՝ կատարեց մերոնց կամքը:
...Ա՜խ, այս ճակատագիր-խելքագիրը: Որոշել էինք երեք տարի հետո վերադառնալ հայրենիք: Ավա՜ղ, ընդամենը երկու տարի տևեց մեր ընտանեկան երջանկությունը, իսկ վերադարձս ձգձգվում է: Եթե այդքան շուտ պիտի զրկեր նրանից, ինչո՞ւ նրան բերեց, հասցրեց իմ ծննդավայր՝ մեր տուն, ինչո՞ւ ինձ հասցրեց այստեղ, և մեկով ավելացրեց ճակատագրով տարագրվածների բանակը։
Մի օր Աստված կասի, որ անգութ վարվեց հետս:
Վերջ՝ կյանքիս գրքի այս գլուխներին, բայց այս աշխարհում առաքելությունս դեռ չեմ ավարտել՝ ինձ են սպասում մեր Տոհմն ու Տոհմածառը:
Սիրելի Հրաչյա Մաթևոսյանը մի նամակում նշել էր.
-Լիզա ջան, դու ձեր տոհմի ծաղկողն ես, դու ձեր տոհմի ամրոցն ու ամբարն ես:
Տոհմը ծաղկեցնելու համար արժեր աշխարհ գալ:
Լիզա
ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ