Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալներով՝ ամբողջ աշխարհում տարեկան շուրջ մեկ մլն մարդ ինքնասպան է լինում, մոտ 10-20 միլիոնն էլ այդ քայլին դիմելիս ստանում է ամենատարբեր վնասվածքներ: ԱՀԿ գնահատականներով՝ վերոնշյալ թվերն ավելի մեծ են, քան պատերազմների և բռնությունների կիրառման ժամանակ սպանվողների ու վիրավորների թիվը, և միտումներն այնպիսին են, որ 2020-ականներին ինքնասպանությունների պատճառով մահերի ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, կհասնի 1,5 միլիոնի:
Ինքնասպանությունների թվով առաջին տեղում են Արևելյան Եվրոպայի զարգացած երկրները՝ Լիտվան, Էստոնիան, Հունգարիան։ Այնուհետև Չինաստանն է, որտեղ ինքնասպան է լինում տարեկան ավելի քան 195 հազար մարդ, Հնդկաստանը (մոտ 90 հազար), Ռուսաստանը (50 հազար) և Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան (տարեկան 30-հազարական մարդ):
Ամենացածր ցուցանիշներ ունեցողները Լատինական Ամերիկան, մահմեդական և ասիական երկրներն են, իսկ Աֆրիկայում այդ ուղղությամբ վիճակագրական տվյալներ պարզապես չկան:
«Ո՞ր պահին է մարդը դիմում ինքնասպանության». այս հարցով սկսեցինք մեր զրույցը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան ԱԼԵՔՍԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:
-Այն պահին, երբ գտնվում է անելանելի վիճակում, չունի այդ վիճակից դուրս գալու ելք և իր միակ փրկությունը համարում է ինքնասպանությունը:
Լինում են նաև դեպքեր, երբ անբուժելի հիվանդն է այդ քայլին դիմում` վախենալով հիվանդության տառապանքների հեռանկարից, չցանկանալով նաև բեռ դառնալ մտերիմների համար:
-Ընկճված և անելանելի վիճակում հայտնված մարդկանց գիտակցության մեջ հատկապես ո՞ր տարիքում է առաջանում ինքնասպանության գաղափարը:
-Մեծ մասամբ 15-34 տարեկանների (այս տարիքի անձանց մահվան հիմնական պատճառներից մեկն ինքնասպանությունն է), քանի որ այդ տարիքում մարդիկ չափից դուրս զգացմունքային են, բռնկուն, ինքնասեր և հաճախ են հակադրվում ծնողներին ու շրջապատին: Այդ տարիքում են ավելանում անձնական ցանկությունները, ագրեսիվությունը, որոնք երբեմն մղում են սեփական կյանքի հանդեպ հանցանք կատարելու միջոցով պատժելու դիմացիններին:
Կան նաև երիտասարդներ, ովքեր, ինքնասպանության փորձը բեմականացնելուց բացի, այն պարբերաբար կրկնում են որպես արդյունավետ վարքային ռազմավարություն: Նրանց մեծ մասը հիմնականում ցանկանում է ոչ թե մեռնել, այլ պարզապես լսելի դարձնել իր խնդիրները, այս կերպ ուշադրություն հրավիրելով սեփական անձի վրա` ապավինություն գտնել:
Այս ձևը հոգեբաններն անվանում են ցուցադրական ինքնասպանություն, որը նաև շանտաժի և ահաբեկման յուրահատուկ մեթոդ է։ Այդ փորձերը կարող են շարունակվել, քանի դեռ տվյալ անձը հոգատարության և ուշադրության կարիք ունի: Հասուն տարիքում նույն հեշտությամբ այդ խաղի մեջ չեն մտնում:
-Ինքնասպանության փորձի առավել շատ ո՞ր սեռի ներկայացուցիչներն են դիմում. կանա՞յք, թե՞ տղամարդիկ։
-Կանայք, քանի որ նրանց ռիսկային տարիքն ավելի վաղ է սկսվում: Չնայած կանայք ինքնասպանության փորձ են անում 3-4 անգամ ավելի շատ, սակայն տղամարդկանց իրականացրած ինքնասպանությունները, ըստ ԱՀԿ վիճակագրական տվյալների, երեք անգամ շատ են:
-Ի՞նչ կասեք ինքնասպանության ձևերի ընտրման մասին:
-Ինքնասպանության ձևերը տարբեր տարիքներում, տարբեր սեռերի մոտ տարբեր բնույթ ունեն: ԱՀԿ-ն նշել է ինքնասպանության իրագործման 83 տարբերակ: Դրանցից ամենաշատը պարանի միջոցով կախվելն է, կամուրջներից, բարձրահարկ շենքերից ցած նետվելը:
Տարածված են նաև թույնով, տրանսպորտային միջոցների տակ նետվելու ինքնասպանության ձևերը: Ջրային օբյեկտների տարածքներում ապրողները հաճախ ինքնասպան են լինում ջրում խեղդվելով: Մուսուլմանական երկրներում և Չինաստանում ազդեցիկ ձև է ինքնայրումը, իսկ ԱՄՆ-ում` այդ պահին հրազենին դիմելը, որը բացատրվում է զենքերի հասանելիությամբ:
-Ի՞նչ կասեք բանակում կատարվող ինքնասպանությունների մասին:
-Բանակը հասարակության մի մասն է, և այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, բնորոշ է նաև բանակին: Բանակում կատարվող ինքնասպանությունները երբեմն կարող են լինել քաղաքացիական կյանքում դրսևորած վարքի արդյունք: Այսինքն՝ խնդիր ունեցող տղան գնում է բանակ, խնդիրն այնտեղ չի լուծվում, ու բանակում նա իրականացնում է ինքնասպանությունը: Չի բացառվում, որ ինքնասպանության մղող պատճառը ծնվի նաև ծառայության ընթացքում:
-Ինչպիսի՞ վարք է ցուցաբերում հետագայում ինքնասպանությունից փրկված մարդը:
-Ինքնասպանության դիմողները, որոնց փորձը ժամանակին կանխվել է, մեծ մասամբ արդեն այդ քայլին չեն դիմում, դրանից հետո ի հայտ եկած վերածնման զգացողության, կյանքին ու իրերի դրությանը այլ կերպ նայելու շնորհիվ:
-Ինչպե՞ս կարելի է բացահայտել վհատված, ինքնասպանության մտքի հետ հաշտված մարդկանց և օգնել:
-ՈՒշադիր լինելով շրջապատի մարդկանց, նրանց վարքագծի, ծանր ապրումների, տրամադրության հանդեպ` պահի տակ հասկանալ-գնահատելով մարդու հոգեվիճակը, ցուցաբերելով հոգատարություն ու աջակցություն, որոնք մարդուն ընկճախտից դուրս բերելու առաջին նախապայմաններն են:
Բացի դրանից, անհրաժեշտ է իրականացնել նաև պետական հովանավորությամբ գործող համապատասխան ծրագրեր, որոնց շրջանակներում արհեստավարժ հոգեբանները կուղղորդեն տվյալ անձնավորությանը` կանխարգելելով նաև նրա վտանգավոր գործողությունը:
-Ինքնասպանության ձգտող մարդկանց մեջ մի՞թե այդքան մեծ է մեռնելու ցանկությունը, որ ապրել այլևս չեն ուզում:
-ՈՒզում են: Եվ ճիշտ չէ, որ ինքնասպանության ձգտող մարդիկ չեն ցանկանում ապրել: Նրանք շատ են ցանկանում, բայց արդեն չեն կարող: Այսինքն՝ դա այն է, երբ մարդն ուզում է չապրել, սակայն չի նշանակում, որ չի ցանկանում ապրել:
Բոլորն էլ մինչև վերջին վայրկյանը հույսը չեն կորցնում. գրում են հրաժեշտի նամակներ, հույս ունենալով, թե ինչ-որ մեկը մի քիչ շուտ կհայտնվի ու կկարդա։
Ինքնասպանությունն ուղղակի վերջին հնարավորությունն է՝ մարդկանց որևէ բան հասկացնելու: Նրանք այդ պահին նման են երեխայի. «Կմահանամ, կտեսնեմ, թե ինչպես կփոշմանեն…»:
Սրանով հանդերձ, այնուամենայնիվ, մենք իրավունք չունենք քննադատելու ինքնասպանին, այլ պետք է քննադատել ինքնասպանությունը` փորձելով օգնել և կարեկցել ինքնասպանին:
-Հնարավո՞ր է կազմել ինքնասպանության վերացման դեղատոմս, որով հնարավոր լինի վերացնել ծանր, սևեռուն մտքերը, ընկճվածությունն ու ճնշվածությունը:
-Ոչ: Ինքնասպանություն երևույթը, որը բնորոշ է միայն մարդուն, երբեք չի վերանա, չնայած ճիշտ կազմակերպված գործընթացի ազդեցությամբ այդ դեպքերի թիվը կարելի է նվազեցնել: Երևույթը, որը համամարդկային խնդիր է, գտնվում է փիլիսոփաների, սոցիոլոգների, բժիշկների, արվեստի ու գրականության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Այն պետք է գիտական խոր մակարդակով ուսումնասիրել, ոչ թե սիրողական: Այդ մասին պետք է խոսի միայն մասնագետը:
Ներկայացնելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նշեմ, որ 2009 թվականին ՀՀ-ում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է կատարել 498, 2010-ին՝ 592, 2011-ին՝ 647 մարդ: Այդ թվերը գնալով ավելացել են՝ 2012 թվականին հասնելով 740-ի, իսկ 2013-ին` 768 մարդու: Միայն այս տարվա հունվար-հունիսին ինքնասպանության է դիմել 323 մարդ:
Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
Հ. Գ.- ԱՀԿ տվյալների համաձայն, չնայած Հայաստանն ինքնասպանությունների թվով գտնվում է նախավերջին տեղում, սակայն վերջին հինգ տարում ինքնասպանությունների թվի աճ այնուամենայնիվ կա, և այդ ցուցանիշները շատ բարձր են համարվում արտագաղթի պատճառով օրեցօր դատարկվող, փոքրաթիվ բնակչությամբ մեր երկրի համար:
Հայաստանում ավելի ծանր սոցիալական պայմաններ էլ են եղել, բայց ինքնասպանության մասին այսօր մտածում են ավելի շատ, քան նախորդ տարիներին: Հիմնական պատճառը երկրում տիրող արտագաղթն է, տնտեսական, քաղաքական լարվածությունը, աղքատությունը, գործազրկությունը, բանակում ծառայության ժամանակ սիրած տղայի կորուստը, ընտանեկան փոխհարաբերությունները, աշխատանքային խնդիրները (մասամբ էլ ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումն ու խաղամոլությունը): Նշված գործոններն են առաջին հերթին ազդում մարդու ներաշխարհի և ինքնազգացողության վրա` նրան հասցնելով այնպիսի հոգեվիճակի, որից դուրս գալու այլ ելք նա չի գտնում, քան ինքնասպանության դիմելն է:
Այսօր գործազուրկ, օրվա հացի խնդիր լուծող մարդն առավել շատ հոգատարության և ուշադրության կարիք ունի, քան նախորդ տարիներին: Ոչ մի տեխնիկական նվաճում չի կարող կարդալ-հասկանալ նրա մարդկային հոգին ու էությունը և օգնել նրան ապրելու: Անհրաժեշտ է մարդկային մշտական հոգածություն, կարեկցանք, օժանդակություն, որպեսզի ընկճված ու ճնշված մարդը կարողանա դուրս գալ հոգեբանական ծանր իրավիճակներից: Իսկ եթե ոչ, ապա նորից կիջնի մարդկային հոգին պարուրող խավար ու գորշ «գիշերը», և հազարավոր մարդիկ այլևս չեն ցանկանա ապրել։