Տարիներ առաջ էր. պայմանավորված ժամին այցելեցի Նորքի ծերանոց տնօրենի հետ հարցազրույցի: Շենք մտնելիս կողքի կորպուսում նկատեցի մի խումբ ծերերի և աննկատ մոտեցա նրանց, որովհետև խիստ վերհսկողություն իրականացնող աշխատակիցները հատկապես լրագրողներին չէին թույլատրում հանդիպել ծերանոցի բնակիչների հետ: Զրուցակիցներս անգամ չկռահեցին իմ ինքնությունը և անկաշկանդ «բաց արեցին» սրտները: Ես հետաքրքվեցի, թե այդ օրը ինչ են կերել. առանց երկմտելու պատասխանեցին` խաշած ձավար։ Ապա հարցրեցի, թե ինչպես են այդտեղ իրենց զգում, և նրանցից մեկն ասաց. «Ա’յ, է՜ն թռչունին տեսնո՞ւմ ես, - ցույց տվեց ցանկապատին նստած թռչնակին, - մեզնից լավ է ապրում: Գերու պես ենք այստեղ, ո՞նց պիտի լինենք»:
Թեև բավականին ժամանակ է անցել, բայց մինչ օրս հիշում եմ նրանց հետ իմ զրույցի մանրամասները, և որ ծերանոցի տնօրենը մնաց ինձ սպասելով, իսկ ես շտապեցի խմբագրություն, թերթի «դեղին էջին» հանձնելու օրվա սենսացիան, որը կարդալուց հետո անշուշտ ընթերցողն իր հերթական գնահատականը պետք է տար` «էս լրագրողները ո՜նց են սիրում լուն ուղտ շինել»: Այս տողերը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրին, ծերանոցի ղեկավարությունն իր շքախմբով շտապեց «պատիվ պահանջելու», պատժելու ինձ` «զրպարտողիս»: Բայց իզուր, քանզի ամեն բառն արդարացված էր: Այդ դեպքից հետո, ես լիովին համոզվեցի, որ անիմաստ է փորձել նման կառույցներից որևէ բան ճշտել, մանավանդ, եթե հարցը վերաբերվում է նման հաստատություններում գտնվող շահառուների ապրելակերպին և սոցիալական խնդիրներին: Համոզվեցի, որ պաշտոնյայի պատասխանը սահմանափակվելու է այնքանով, որքանով թույլ է տալիս նրա «իրավասությունը», այն է` «ծերանոցների բնակիչները ստանում են անհրաժեշտ ամեն բան» և վերջ:
Իսկ ինչպե՞ս են ապրում այսօր Հայաստանի տուն-ինտերնատներում բնակվող շուրջ 1230 ծերերը: Նշենք, որ այսօր տարեցներին շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրումը իրականացվում է հանրապետության 8 տուն-ինտերնատներում, 4-ը` նախարարության ենթակայության ներքո, մյուս 4-ը` ոչ պետական: Տարեցտարի էլ ավելի դժվարացող սոցիալ-տնետեսական պայմաններում պետք է որ պարզ լինի նաև այս հարցի պատասխանը: Ի դեպ, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Տեսնես որքանո՞վ են այս կառույցների ղեկավարները հետևում տարեցների հիմնահարցերին առնչվող օրենսդրությանը: Այո’, պետությունն է երաշխավորում ցանկացած կառույցի որակը, հուսալիությունն ու կայունությունը, պետությունն է պարտասխանատու դրանց ներսում տեղի ունեցող բոլոր լավ ու վատի համար: Ամեն տարի տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության նոր ծրագրեր են մշակվում: Իսկ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում: