38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փրկության համար պայքարը շարունակվում է

Փրկության համար  պայքարը շարունակվում է
27.05.2014 | 00:46

Ինչպես արդեն տեղեկացրել են աշխարհի առաջատար լրատվական գործակալությունները, մայիսի 15-ին Սուդանի դատարաններից մեկը 27-ամյա հղի կնոջը դատապարտել է մահվան` քրիստոնեությունից չհրաժարվելու պատճառով: Դատապարտյալի հետ ճաղերի հետևում է նաև նրա մեկուկես տարեկան որդին: Երեխային թույլ չեն տալիս մնալ հոր մոտ, քանի որ հայրը նույնպես քրիստոնյա է, սակայն ԱՄՆ-ի քաղաքացի:
Դատապարտյալ Մարիամ Իբրահիմի հայրը եղել է մահմեդական և լքել է ընտանիքն այն ժամանակ, երբ Մարիամն ընդամենը վեց տարեկան էր: Մայրը, որ Եթովպիայի ուղղափառ եկեղեցու հավատացյալ է, դստերը դաստիարակել է որպես ճշմարիտ քրիստոնյա:
Պարզվում է` Սուդանի օրենքների համաձայն, եթե հայրը դավանում է իսլամ, երեխաներն էլ պետք է լինեն մահմեդական: Այդ պատճառով Սուդանի իշխանությունները Մարիամին համարում են կրոնադավ և չորս օր ժամանակ են տվել, որ նա դառնա դեպի իսլամ: Սակայն Մարիամը չի հրաժարվել քրիստոնեությունից:
Տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նիդեռլանդների դեսպանությունները, խոր մտահոգություն են արտահայտել կայացված դատավճռի կապակցությամբ` հորդորելով Սուդանի կառավարությանը հարգել կրոնական ազատությունը:
Մայիսի 22-ին Մարիամ Իբրահիմի փաստաբանը տեղեկացրել է, որ ստացել է սպառնալիքներով լեցուն զանգեր, որպեսզի չշարունակի վիճարկել մեղադրյալի մահվան դատավճիռը: Այնուամենայնիվ, քրիստոնյա կնոջ կյանքի փրկության համար պայքարը շարունակվում է:
Մայիսի 20-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աշխատակից, «Իրատես de facto»-ի հոգևոր բաժնի հեղինակ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ խնդրանքով դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին` միջոցներ ձեռնարկելու Սուդանում մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջը փրկելու համար: Պատասխանը չուշացավ: Մայիսի 23-ին արդեն ԵՀԽ-ն պաշտոնական նամակով դիմեց Սուդանի նախագահին` արտահայտելով իր խորին մտահոգությունը և հորդորելով, որ նախագահն իր լիազորություններն օգտագործի պաշտպանելու համար իր հավատի մեջ հաստատուն և հավատարիմ մնացած քրիստոնյա հղի կնոջը, քանի որ Սուդանի սահմանադրության 38-րդ հոդվածը թույլ է տալիս կրոնական պատկանելության ազատություն և ազատ դավանել այն կրոնը, որն անհատը կամենում է: ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Օլավ Տվեյտը նշել է, որ նմանատիպ քայլերը խոչընդոտում են համագործակցությանը քրիստոնյաների և մահմեդականների միջև, խանգարում ամբողջ աշխարհում ի նպաստ խաղաղության և արդարության միասնաբար գործելուն: Նաև հույս է հայտնել, որ Սուդանի նախագահը կօգտագործի իր իշխանությունը` բեկանելու անարդար որոշումը Մարիամ Իբրահիմի հանդեպ` ազատելով նրան պատժից ու բանտարկությունից:
Ասել է` 21-րդ դարում ևս շարունակվում են հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, սակայն, ինչպես վկայում է մահապատժի դատապարտված այս քրիստոնյա կնոջ խիզախությունը, քրիստոնեությունը երբեք չի նահանջում: Իսկ Մարիամ Իբրահիմի նման նվիրյալները մշտապես պատրաստ են պաշտպանելու իրենց հավատը և իրենց կյանքը զոհելու հանուն քրիստոնեության:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2962

Մեկնաբանություններ