38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Փորձում են կոտրել հասարակության կարծրատիպերը

Փորձում են կոտրել  հասարակության կարծրատիպերը
27.05.2014 | 11:26

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193 հազար 836 մարդ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կանայք և աղջիկները:
Թեև Հայաստանում իրականացվում են տարբեր ծրագրեր` ուղղված հաշմանդամների կրթական, զբաղվածության, առողջապահական իրավունքների պաշտպանությանը, սակայն հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության, հղիության, ծննդաբերության իրավունքների մասին քիչ է բարձրաձայնվում:
«Հատուկ կարիքներով կանանց «Ագաթ» կենտրոն» հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական առողջությանն առնչվող տարբեր ծրագրեր է իրականացնում:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ ՌՈԶԱ ԱՎԱԳՅԱՆԸ նշում է, որ հաշմանդամություն ունեցող կանայք առողջապահական ծառայություններից օգտվելիս հաճախ հանդիպում են արգելքների և խոչընդոտների. օրինակ, չկան բրայլյան այբուբենով առողջապահական տեղեկատուներ կամ ձայնագրված սկավառակներ, որոնց միջոցով բժշկական տեղեկատվությունը հասանելի կլինի նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց։ Խուլ և թույլ լսողություն ունեցող կանանց համար չկան ժեստերի լեզվի թարգմանություն ապահովող մասնագետներ, տեղաշարժողական խնդիրներ ունեցող կանանց համար խոչընդոտ է անվասայլակների համար նախատեսված թեքահարթակների բացակայությունը: Մեկ այլ խնդիր է նաև այն, որ բժիշկներն ու առողջապահական ոլորտի աշխատողները սովորաբար չունեն համապատասխան պատրաստվածություն և վերապատրաստում, որպեսզի ճիշտ և գրագետ բուժծառայություն մատուցեն հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին:
Բուժաշխատողների թյուր պատկերացումները հաշմանդամության վերաբերյալ ավելացնում են անհարմարություններն ու դժվարությունները հաշմանդամություն ունեցող կանանց համար` բուժօգնություն ստանալու գործընթացում:
«Հատուկ կարիքներով կանանց «Ագաթ» կենտրոնը» ստեղծվել է Գյումրիում: ՀԿ-ի միջոցով մասնագետները հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության մասին դասընթացներ են անցկացնում: Ըստ Ռոզա Ավագյանի` հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության, հղիության, ծննդաբերության իրավունքների մասին քիչ է բարձրաձայնվում. «Սեմինարների ընթացքում շատ են լինում դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող կանայք նշում են, որ վախենում են հղիանալուց: Մենք բացատրում ենք, որ սայլակից օգտվող կինը կարող է երեխա ունենալ, ներկայացնում ենք նրա վարքի առանձնահատկությունները, որպեսզի բարդություններ չունենա հղիության ընթացքում, խոսում ենք երեխայի խնամքի մասին»:
Հաշմանդամություն ունեցող կինը կարող է ինքնուրույն խնամել իր երեխային, և պարտադիր չէ, որ նրա կողքին մեկը լինի: Պարզապես պետք է այդ ամենին ծանոթացնել: Այդ նպատակով «Ագաթ» ՀԿ-ն անգլերենից թարգմանել և տպագրել է «Առողջ լինելու իմ իրավունքը» առողջապահական ձեռնարկը` նախատեսված հաշմանդամություն ունեցող կանանց համար: Գիրքը հաշմանդամություն ունեցողներին տրամադրում է մանրամասն տեղեկություններ, գործնական խորհուրդներ առողջ ապրելակերպի, անձնական հիգիենայի կանոնների պահպանման, նորածնի խնամքի և կնոջ առողջությանը վերաբերող այլ կարևոր հարցերի մասին: ՀԿ-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ձեռնարկը փորձաքննություն է անցել նաև հայաստանյան մասնագետների կողմից (թերապևտ, հոգեբան, գինեկոլոգ, սեքսապաթոլոգ): Նրանք նշում են նաև, որ իրենց նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական կյանքի և վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը Հայաստանում, կոտրել հասարակության կարծրատիպերն ու նախապաշարումները հաշմանդամություն ունեցող կանանց դերի մասին` որպես կին և մայր:
«Ագաթ» ՀԿ-ին անդամագրված է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60 կին: Ռոզա Ավագյանը նշում է, որ իրենք հիմնականում աշխատում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանանց հետ, թեև որոշակի ծրագրեր իրականացնում են նաև թույլ մտավոր հաշմանդամություն ունեցողների համար. «Դասընթացների միջոցով փորձում ենք փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Հանրությունն առաջին հերթին պետք է տեսնի անձին և ոչ թե նրա հաշմանդամությունը: Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող անձինք բարդույթներ շատ ունեն: Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկությունը, որպեսզի հասկանան, որ իրենք նույնպես այս հասարակության լիարժեք անդամ են և ոչնչով չեն տարբերվում մյուսներից»: Մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ իրենք աշխատում են նաև տղամարդկանց հետ` բացատրելու, որ հաշմանդամություն ունեցող կինն էլ կարող է ընտանիքի շատ լավ կին ու մայր լինել:
ՀԿ-ն աշխատում է նաև բժիշկների ու բժշկական կրթական հաստատությունների ուսանողների հետ` վերջիններիս ներկայացնելով հաշմանդամություն ունեցող կանանց առանձնահատկությունները, խորհուրդներ տալիս` ինչպես դիմել, օգնություն առաջարկել, ինչ տերմինաբանություն օգտագործել, որ վերջիններս չվիրավորվեն:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ