Ովքեր կարդացել են Շիրվանզադեի «Քաոս» վեպը, անշուշտ, հիշում են Սմբատին, ով ամուսնացած էր ռուսազգի աղջկա հետ: Հիշում են նաև, որ Սմբատի հայրը` Մարկոս աղա Ալիմյանը, ողջ կյանքում չհաշտվեց այդ իրողության հետ: Որպես ավանդապաշտ հայ` ամուսնության հարցում նա առաջնորդվում էր «Ճիպոտդ քոլիցդ կտրիր» սկզբունքով:
Իրենց կրոնին ու ավանդներին հավատարիմ հայ ծնողները բոլոր ժամանակներում չեն համակերպվել օտարազգի հարս ունենալու իրողության հետ: Կին ընտրելու իրավունքը տղամարդու մենաշնորհն է եղել միշտ և այդ պատճառով օտարազգի փեսացուներ հազվադեպ են հայտնվել: Հայ աղջիկը միշտ հնազանդ ու կամակատար է եղել, եղել է հայ օջախի հայ պահապանը:
Վաղնջական ժամանակներից մեր ժողովուրդը գերադասել է ներտոհմային ամուսնությունը. եկեղեցին արգելաչափ է սահմանել 7 պորտը, ժողովուրդը՝ 4-5 պորտը՝ ապահովելով սերնդի առողջությունն ու խուսափելով արյունապղծությունից: Արտատոհմային ամուսնությունը թեև ոչ մի օրենքով արգելված չի եղել, սակայն չի էլ խրախուսվել: Մերժողական է եղել ոչ միայն եկեղեցու, այլև հասարակ ժողովրդի համար, որովհետև օտար տոհմից (ազգից) հարս ունենալը նշանակում էր վտանգել ազգային ավանդույթ-սովորույթները: Ժողովրդի ենթագիտակցության մեջ սովորութական իրավունքով փոխանցվում էր ազգապահպանության բնազդը:
Հայ առաքելական եկեղեցին, դատապարտելով ամուսնությունը այլադավանների կամ այլազգիների հետ, այդ երևույթը հայի կամ հայուհու համար գերություն է համարել: Դեռևս միջնադարում հայ իշխաններն ու ֆեոդալները մերձամուսնական կապեր են ստեղծել ոչ միայն միմյանց, այլև օտարազգի մեծամեծների հետ՝ ավելի հաճախ քաղաքական կամ շահադիտական նկատառումներով: Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» վկայում ու տագնապում է, թե գնալով հայ զարմիկները ոտնահարում են սուրբ Ավետարանի ու մանավանդ ազգի սովորույթները, երբ ամուսնանում են այլադավան կամ հեթանոս իշխանազարմերի հետ:
Ցավոք, մեր իրականության մեջ, երբ հեշտությամբ խաթարվում են ազգային չափանիշները և արժեքները արժեզրկվում են, այլ է նաև վերաբերմունքը ազգային մեծագույն արժեքի՝ ընտանիքի նկատմամբ:
Այլ` այսինքն նոր, ժամանակակից, եվրաամերիկյան մտածողությամբ և մոտեցումով: Ասել է թե` հայ տղամարդու կամ հայ կնոջ ամուսնությունը այլադավանի կամ այլազգու հետ այլևս խորթ ու անընդունելի չէ, առավել ևս, չի դիտվում որպես հայապահպանությանն ուղղված վտանգ և գերություն չի համարվում:
ՈՒ թեև խառնամուսնությունների վերաբերյալ չկա պաշտոնական վիճակագրություն, և հատուկ վերլուծություններ չեն կատարվում, բայց երևույթը կա, և ծավալվելու միտումն էլ տեսանելի է, որովհետև ամուսնությունը այլազգիների, օտարերկրացիների հետ, անկախ դավանանքից, տարիքից, այսօր նշանակում է ապահով կյանք, երազած դրախտային երկրներում` քաղաքացիություն:
Մեծ տերությունների, մեծ ազգերի պարագայում՝ ոչինչ, բայց մեր պարագայում, խոստովանենք, կորուստներ ենք տալիս, և փոխվում են մեր տեսակն ու որակը: Եթե տասնամյակներ առաջ տագնապում էինք սփյուռքահայի ազգային պատկանելությունը պահպանելու համար և այդ նպատակով Սովետական Հայաստանը կրթական-մշակութային կապերով անում էր հնարավորն ու նույնիսկ անհնարինը, այսօր, կարծես թե, հայապահպանության խնդիր բուն հայրենիքում ունենք: Եվ այս խնդիրը պայմանավորված է ոչ միայն մայրենի լեզվի, մայր եկեղեցու, ազգային մշակույթի, ավանդույթների հանդեպ ունեցած, մեղմ եմ ասում, անտարբեր ու սառը վերաբերմունքով, այլև ամուսնաընտանեկան հարաբերությունների հանդեպ ունեցած ի միջի այլոց վերաբերմունքով, որովհետև երբեմն, կամ մեծ մասամբ, այլազգիների հետ ամուսնությունը ոչ այնքան սիրո դրսևորում կամ արդյունք է, որքան բարեկեցիկ կյանքի պատկերացում, մանավանդ եթե այդ միությունը երկրից, չեմ ասում փախչելու, դուրս գալու միջոց ու հնարավորություն է ընձեռում:
Սփյուռքում հայի, հայ ընտանիքի հայեցի պահպանումը հայ եկեղեցու գերխնդիրն ու գերնպատակն է եղել և է՛, մինչդեռ Հայաստանում եկեղեցին այդ խնդիրը չունի կամ իր առջև նման նպատակ չի դնում: Թերևս, ինչպես մի ժամանակ աղանդների հարցում էր, վտանգ չի տեսնում, այնուամենայնիվ, Հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքը խառնամուսնությունների հարցում այսօր էլ, թեպետ միանշանակ մերժողական է, սակայն սիրո կամ շահադիտական նկրտումների առջև եկեղեցին ընկրկում է՝ կատարելով պսակադրության արարողություն այն դեպքում, երբ այլադավանը մեռոն է ստանում, այսինքն, փոխում է դավանանքը, դառնում է հայ եկեղեցու անդամ՝ այդ մասին տալով նաև գրավոր հայտարարություն: Այսպես՝ եկեղեցու տեսանկյունից, իսկ քաղաքացիական ակտերի կացության գրանցումը ոչինչ չի պարտավորեցնում այլազգի, առավել ևս` այլադավան հարսնացուին կամ փեսացուին:
Խորհրդային տարիներին մեր տղաները երբեմն, զինվորական ծառայությունն ավարտելով, տուն էին դառնում ռուսաստաններից ընտրած հարսնացուների՝ ռուս, թաթար, լատիշ, ուկրաինուհի ու տարբեր ազգությունների աղջիկների հետ: Նրանք բոլորը անծայրածիր խորհրդային պետության քաղաքացիներ էին, կրոնական դավանանքի խնդիր չկար, եկեղեցին իրավունք չուներ միջամտելու:
Ռուս կամ այլազգի հարսները՝ մտավորական թե այլ աշխատավոր, գյուղից թե քաղաքից, մեկ է, հարմարվում, ընտելանում էին հայ ընտանիքի պայմաններին, պահանջներին, հայ զավակներ էին ծնում ու դաստիարակում: Երեխաները մեծ մասամբ սովորում էին իրենց մոր լեզուն, բայց նրանց մայրենի լեզուն հայերենն էր մնում: Հայ գեներին գումարվում էին ռուս կամ այլ ազգի լավագույն հատկանիշները (հակառակն էլ կարող էր լինել), բայց գերիշխողը հայկականն էր, որովհետև մայրն արդեն խոսում էր հայերեն, եփում-թխում էր հայավարի, շարունակում էր հայ ընտանիքի հայկական ավանդույթները: Ամուսնությունն օրինական գրանցվում էր, օտարազգի հարսնացուն միայնակ մայր չէր դառնում և իրեն միայնակ ու օտար չէր զգում:
Մարդն իրավունք ունի իր կյանքը կապելու ցանկացած մարդու հետ՝ անկախ դավանանքից, քաղաքացիությունից, տարիքից և այլևայլ հանգամանքներից:
Այլազգիների հետ, ցավոք, ավելի շատ հայուհիներն են ամուսնանում, այս երևույթի պատճառները ոչ միայն անձնական են. նախ, որ ամուսնական տարիքի տղաների քանակը մոտ յոթ անգամ պակաս է աղջիկների քանակից, և այս բնական աղետին գումարվում են նաև գործազրկությունը, արտագնա աշխատանքը: Ընտանիքը պահել չկարողանալու վախը արգելանք է դառնում ընտանիք կազմելու համար:
Այո, փեսացուի փնտրտուք կա, և ինչ-որ ձևով իրենց կյանքը դասավորելու համար հայուհիներն ամուսին են փնտրում՝ աշխարհի որ ծայրից էլ լինի, ինչ ազգության ու կրոնի էլ պատկանի:
Մեր բարոյական աշխարհում շատ մեծ տեղաշարժ է կատարվում: Նախկինում նույնիսկ ամուսնալուծությունն էր անբարոյական համարվում, իսկ այսօր սովորական ու օրինաչափ է ընկալվում: Այդպես էլ սովորական են դառնում խառնամուսնությունները, չօրհնված ու չգրանցված ամուսնությունները` նույնպես:
Ժամանակները փոխվում են, փոխվում են պահանջները: Իսկ երբ հասարակարգն է փոխվում, նոր կացութաձևը արմատանում ու փորձում է արմատախիլ անել հինը, ավանդականը, փոխարենը ներմուծելով օտարը, ուրիշինը: ՈՒրիշինը, սակայն, միշտ չէ, որ համահունչ է տվյալ մարդաբանական տեսակի գենետիկ կոդերին, առաքելությանը, ներքին առանձնահատկություններին ու հոգևոր մղումներին:
Այսօր, բնականաբար, ամուսնաընտանեկան բնագավառում էլ «բարեփոխումներ» են ընթանում:
Հայ աղջիկներն ամուսնանում-հեռանում են երկրից: Մայրական կողմից հայի արյունով երեխան իր հոր հայրենիքում հայ չի դառնա: Մենք կորուստներ ենք տալիս:
Հայաստանում օտարազգիները հազվադեպ են ամուսնանում հայուհու հետ, բնավորվում Հայաստանում: Օտարները հիմնականում գալիս են անձնական բիզնեսի համար, որը գնալ-գալով են իրականացնում, այստեղ տուն են վարձում, հայուհի են վարձում՝ տնտեսուհի, մաքրուհի, կողակից-կենակից կարգավիճակով, համատեղ ապրում են, երեխաներ են ունենում, որոնք ողջ կյանքում մնում են միայնակ մոր երեխաներ, որովհետև նրանց կենսաբանական հայրը սեփական երկրում ընտանիք էլ ունի, երեխաներ էլ: Իսկ հայ մայրը մայրաբար սիրում ու դաստիարակում է մաշկի այլ գույն, գլխի ու աչքերի այլ ձև ունեցող իր երեխային:
Ժամանակի ընթացքում շատ տեսանելի կլինի խառնածին հայարաբ, հայպարսիկ, հայթուրք, հայհնդիկ, հայնեգր երեխաների գոյությունը: Նրանց հայրական գեների հատկանիշներն ու առաքելությունը ավելի ուշ կարտահայտվեն:
Մենք վտանգում ենք մեր տեսակը: Մենք որակ ենք փոխում: Խառնամուսնությունը անկառավարելի, անվերահսկելի, պետականորեն ու օրենքով թույլատրելի, խիստ և զուտ անձնական բնույթի երևույթ է, բայց վախենում եմ, թե այսօրյա չափերով ծավալվելու պարագայում տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ անց կդառնա ազգային հիմնահարց:
Խորհելու առիթ, կարծում եմ, կա՛: Եվ ո՛չ միայն խորհելու:
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ
Հ. Գ.- Մինչդեռ անկախության նվաճումներից մեկը համարում էինք Հայաստանում բնակչության միատարրության ապահովումը:
Եվ հպարտանում էինք: