Ծածկած շուկայի վերակառուցումը դեռևս շարունակում է հասարակական կրքեր բորբոքել: Վերստին ակցիաներ են կազմակերպվում, կոչեր են հնչում՝ առևտուր չանել նոր «օբյեկտից»: Երկու օր առաջ` ակցիայից անմիջապես հետո, գործարար ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ շուկայում էր:
-Ինչո՞ւ եք անտրամադիր,- հարցրի:
-Ո՞վ ա ասում, թե անտրամադիր եմ: Բայց դու ի՜նչ սկանդալիստ ես:
-Եկել եք առևտրի՞ն հետևեք:
-Չէ՜, ընկերոջս հետ հանդիպման եմ եկել,- ինչպես միշտ` արագ կողմնորոշվեց գործարարը:
-«Սիթի»-ո՞ւմ,- զարմացա:
-Հա,- ծիծաղեց:
-Փաստորեն, ինչպես ասում էիք, «կռիսանոցը», «զիբլանոցը» մաքրեցիք-սրբեցիք:
-Վատ ա՞,- հարցին հարցով պատասխանեց Ալեքսանյանը ու սկսեց պատմելով ցույց տալ, թե ինչ է արել ու ինչ է անելու: Երեքհարկանի «սիթիից» միայն առաջինն է պատրաստ: Երկրորդ հարկում լինելու են ոչ միայն խանութներ, այլև սրճարան, մոտավորապես «Տաշիր» առևտրի կենտրոնի նման:
-Իսկ շինաշխատանքները չավարտած՝ ինչո՞ւ եք շահագործման հանձնել առաջին հարկը:
-Քաղաքացիների առևտրին դա ոչ մի ձևով չի խանգարի,- վստահեցրեց գործարար-պատգամավորը:
Այնուհետև ուղեկցեց ինձ շինության նկուղային հարկում արդեն ավարտին հասցված ավտոկայանատեղի, որը հսկայական տարածք է` դեպի Մաշտոցի պողոտա մուտք ու ելքով: Շարժասանդուղքով ես իջնում ավտոկայանատեղի: Այստեղ պետք է կայանեն առևտուր անող քաղաքացիների մեքենաները:
-Այստեղ ի՞նչ էր, որ քանդեցիք:
-Ոչ մի բան, մենք ենք քանդել-իջել,- վստահեցրեց:
Երբ ավտոկանգառն էր ցույց տալիս, որտեղ բանվորները դեռ աշխատում էին, հանկարծ մի քաղաքացի մեր կողքով անցավ, ինքն էլ զրույցը կիսատ թողեց ու դիմեց աշխատողներից մեկին.
-Էս ո՞վ էր:
Պատասխանեցին, թե առևտուր անող քաղաքացի էր:
-Ձեր բոլոր աշխատողներին դեմքով ճանաչո՞ւմ եք,- զարմացա:
-Բոլորին:
Երբ անցնում էինք Փակ շուկայից «հիշատակ» մնացած առևտրականների կողքով, հարցրի.
-Ինչո՞ւ եք տեղի վարձ վերցնում:
-Չեմ վերցնում:
-Միայն մեկ ամիս, իսկ հետո՞:
-Հիմա որ չեմ վերցնում, ինչի՞ գները չեն իջեցնում,- գործարարի տրամաբանությանն ապավինելով՝ արդարացավ Ալեքսանյանը:
-Փող են հավաքում, որ հետո կարողանան «տակից» դուրս գալ:
Երբ դուրս էինք գալիս գլխավոր մուտքից, Սամվել Ալեքսանյանը միանգամից նկատեց, որ «նկարում» են։
-Օրինակ, խի՞ եք էդքան վատ բաներ գրում, վատ ա՞, որ սարքել եմ,- իր սիրած դերի մեջ մտավ պատգամավորը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ