1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:
Հայաստանի Հանրապետությունում այսօր հաշվառված է հոգեկան եւ վարքային խանգարում ունեցող 45 հազար մարդ:
Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից։ Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Այդ իսկ պատճառով ավելի ու ավելի է կարեւորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն այդ երեւույթի վերաբերյալ:
Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: Որպեսզի հոգեկան առողջության խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլեւ ողջ հասարակությունը` այդ թվում նաեւ քաղաքականություն կառուցողները:
«Հոգեկան առողջություն եւ տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։
Առողջապահության համաշխարհային կազամակերպության (ԱՀԿ) հաշվարկներով ներկայումս ամբողջ աշխարհում 60-ից բարձր տարիք ունեցողների թիվն ավելի քան 800 միլիոն է: Կանխատեսումները վկայում են, որ 2050 թվականին նրանց թիվը կլինի մոտ երկու միլիարդ: Տարեց մարդկանց մոտ հիմնականում ի հայտ են գալիս հետեւյալ հոգեկան խանգարումները` թուլամտություն, դեպրեսիա եւ տագնապներ, ինչպես նաեւ համակցություն առողջական տարբեր խնդիրների հետ, ներառյալ` սիրտ անոթային խանգարումների, քաղցկեղի եւ դիաբետի հետ:
ԱՀԿ տվյալներով` Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 60-ից բարձր տարիքի մարդկանց 4.7%-ը։ Վիճակագրությունը փաստում է, որ այս ցուցանիշը յուրաքանչյուր քսան տարին մեկ կրկնապատկվում է եւ այդ հաշվարկներով 2050 թվականին 60-ից բարձր 115.4 միլիոն մարդ կունենա այդ հիվանդությունը:
Տարեցների շուրջ 10%-ի մոտ առկա են տագնապներ, խուճապ եւ ֆոբիաներ:
Տարեցների հոգեկան առողջության խնդիրների լուծման գործում կարեւորվում է աշխատանքը տարեցների խնամողների եւ ընտանիքների հետ: Մի կողմից մեծ է նրանց դերը տարեցների արժանապատիվ ծերության ապահովման գործում, մյուս կողմից նրանք եւս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն: