Մայիսի 15-ին Նոյեմբերյանի ՊՆ N զորամասում ծառայակցի արձակված հրազենային գնդակից զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին բողոքի ակցիայի նպատակով Երևան տեղափոխելու փորձը և դրան հաջորդած խոչընդոտներն ինձ հիշեցրին տարիներ առաջ տեղի ունեցած համանման մի պատմություն:
Երևանի Բուզանդի փողոցի և Հյուսիսային պողոտայի վտարված բնակիչների պատմությունները լուսաբանող լրագրողները, անշուշտ, կհիշեն, թե ինչ ճակատագրի արժանացավ իր իրավունքների համար պայքարող տարեց մի բնակչուհի: Լիլյա Ղազարյանը մինչև վերջ պայքարում էր և թույլ չէր տալիս, որ ԴԱՀԿ աշխատակիցները քանդեն իր տունը, քանի որ չէր ցանկանում կառավարության տված չնչին փոխհատուցման դիմաց հայտնվել փողոցում: Այն ժամանակ բնակիչներից ոմանք համաձայնել էին չնչին փոխհատուցմամբ լքել իրենց տները, ավելի համառներն էլ պայքարում էին և մինչ օրս շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար: Լիլյա Ղազարյանը, ով միայնակ էր ապրում, կարճ ժամանակով դուրս էր եկել տնից, հետո վերադարձել և տեսել էր տունն ավերված վիճակում, իրերն էլ՝ անհետացած: Կինը չէր դիմացել այդ անարգանքին, տեղնուտեղը ինֆարկտ էր ստացել ու մահացել: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու փողոցի բնակիչները որոշել էին մահացածի դին տանել կառավարության շենքի
մոտ և բողոքի ակցիա կազմակերպել, սակայն կնոջ հարազատներն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էին, և ակցիան տեղի չէր ունեցել:
Ինչո՞ւ հիշեցի այս դեպքը: Երեկ էլ բարձրաստիճան պաշտոնյաների և այլ «մտահոգված» անձանց ջանքերն ապարդյուն չանցան. դեռ Սևան-Երևան ճանապարհին զոհված զինծառայողի հարազատներին և իրավապաշտպաններին, լրագրողներին են հանդիպել ոստիկանական ուժերը և «կարմիր բերետավորները»: Հայտնի է, որ տեղի է ունեցել միջադեպ. լրագրողներից խլել են տեսախցիկներն ու չեն թույլատրել լուսանկարել: Չնայած խոչընդոտներին՝ համացանցում տարածվել էին զինվորի դին Երևան տեղափոխելու կադրերը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպելուց հետո Լյուքս Ստեփանյանի հարազատները հրաժարվել են իրենց որդու դին տանել Երևան և բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ: Ի վերջո, զինծառայողին հուղարկավորեցին հայրենի գյուղում՝ Վերին Գետաշենում: Այս ընթացքում, իհարկե, լսեցինք հորդորներ թշնամու «ջրաղացին ջուր չլցնելու մասին»: Չմոռանանք միայն՝ համացանցի պայմաններում ոչ մի տեղեկատվություն չի սպրդում նույն թշնամու աչքից՝ անկախ այն բանից՝ ցանկանու՞մ ես նրա «ջրաղացին ջուր լցնել», թե՞ ոչ:
Ուզու՞մ եք, որ թշնամու «ջրաղացին ջուր չլցվի», հիշեք՝ վերջին մի քանի տարվա ընթացքում քանի, քանի այդպիսի դեպքեր եղան բանակում, և մինչ օրս որևէ բարձրաստիճան հղփացած զինվորական, հրամկազմի ջիպատեր ղեկավար չի պատժվել: Այդ ամենի պատճառով է արդեն ջինը շշից դուրս եկել, և մարդիկ ստիպված դիմում են այդ ծայրահեղ քայլին: Այս անգամ էլ սպանված զինծառայողի հարազատներն անսացին և իրենց որդու դին չտեղափոխեցին Երևան, բայց մի ամբողջ գյուղ է պրկվել ցասումից, վիրավորանքից, իսկ թշնամու աչքից այդ ամենը չի վրիպում, թշնամին ամենատես է: Որովհետև թշնամին ազգություն չունի: Եվ եթե ուզում եք, որ ոմանք, ձեր իսկ խոսքերով ասած, «ողբերգությունից շոու չսարքեն», ապա դուք էլ հանցագործությունները բացահայտելու փորձերը մի՛ վերածեք շոուի՝ դրանք ցույց տալով հանրային հեռուստատեսությամբ, պարոնա՛յք բարձրաստիճաններ:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ