24. 04. 2013
Տարվա ընթացքում ինձ համար թերևս ամենադժվարը ապրիլի 24-ի հաղորդում պատրաստելն է. ցավն ու վիրավորանքը խեղդում են… «Եղեռն» բառն արտասանելիս լեզուս մի տեսակ դաղվում, մրմռում է` բառիս թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով, իսկ միտքս… Միտքս հասնում է թուրքերի ամենաթուրք ժամանակները… Ասենք` թուրքերի թրքության ժամանակները մեզ համար չեն էլ անցնում, որովհետև հասկացողի անտարբերությամբ մարդու կերպարանքը կորցրած այս ստահակը` թուրքը, իր մերժողական քաղաքականությամբ և ուրացմամբ դեռ շարունակում է 20-րդ դարի սկզբին իր գործած հրեշավոր ոճիրը… Եղեռնի գերագույն դահճապետները` աչքերն արյունոտ նախամարդ հիշեցնող մի խումբ բորենիներ, Թուրքիայում այսօր էլ երևելիներ են. նրանց անուններով կան փողոցներ, զանազան հաստատություններ, անգամ` գիտակրթական… Մերօրյա թուրքն այսպե՛ս է վառ պահում իր երեկվա հրեշավոր նախորդի հիշատակն ու «սխրանքի» գաղափարը, թեև, կարելի է ասել, թուրքական լռության պատն արդեն ճաք է տվել. Թուրքիայում օրավուր ավելանում են Հայոց ցեղասպանության մասին իմացողների, այսինքն` Օսմանյան կայսրության ու նրա իրավահաջորդի հակահայկական քաղաքականության պատմությանն իրազեկների թիվը: Սակայն դա ամենևին էլ չի փոխում իմ վերաբերմունքը թեկուզև ամենաառաջադեմ թուրքերի նկատմամբ… Այո, ես հստակ վերապահում ունեմ թուրքերի նկատմամբ, որովհետև որովհետև նրանց չեմ վստահում և չեմ էլ վստահելու, որովհետև պատմությունից լավ գիտեմ, թե ով է թուրքը… Իսկ Թուրքիայի պատմության շաղախին մոտենալիս ունկերիս հասնում են ա՛յլ ձայներ, որոնց անհնար է դիմանալը…
Թուրքիայի ոճիրն աններելի է… Համոզված եմ` վաղ թե ուշ թուրքն ստիպված է լինելու առերեսվելու իր արյունոտ պատմությանը, խոստովանելու է իր մեղքը և հատուցելու է… Այդ օրը գալու է, չեմ կասկածում: Մենք պետք է սա լավ գիտակցենք, մի կողմ վանենք մեզանից ճամպրուկային ու պարտվողական տրամադրությունները և հզորացնենք մեր երկիրը` անկախ այն բանից, թե ինչ գույնի են նրա իշխանությունները: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել ազգովի` թե՛ այստեղ, թե՛ Սփյուռքում: Այլ ելք չունենք:
Վերջերս «Ակունքի» հաղորդումներից մեկում խոսեցի հայկական միջավայրում ձևավորված մի անհեթեթ ավանդույթի մասին: Տասնամյակներ շարունակ, երբ դրսում ինչ-որ մեկը գրում կամ արտասանում էր «Արմենիա» կամ «գենոցիդ» բառերը, անմիջապես համակիրներ էր գտնում հայկական միջավայրում: Հայերս, օտարի «իմաստնություններով» հիացած, թե՛ այստեղ և թե՛ դրսում շտապում էինք այդ անձանց փառավորապես մեծարել` առանց ծանոթանալու նրանց աշխատություններին և չէինք փորձում անգամ մտածել, որ նրանց մի մասը քաղաքական պատվեր է կատարում…
Հայրենաբնակներիս պարագայում այդ չիմացությունը թեև այս կամ այն կերպ բացատրելի էր, բայց չարդարացվող. օտարալեզու այդ աշխատությունները մեզ համար անմատչելի էին, իսկ սփյուռքահայ մեր հայրենակիցների պարագայում նման վերաբերմունքն իսկապես աններելի է, որովհետև գոնե լեզվական արգելք նրանք չունեն… Անկախությունից կարճ ժամանակ անց պարզվեց` կան անուններ, նույնիսկ` հայազգիների, որոնց գրեթե սրբացրել ենք, մինչդեռ նրանց հասցրած վնասներն այսօր էլ դեռ չենք կարողացել չեզոքացնել:
Իրավիճակն այսօր ինչ որ չափով փոխվել է այն առումով, որ մեզանում ոչ միայն ավելացել է օտար լեզուների տիրապետող մասնագետների թիվը, այլև հնարավորություն է ստեղծվել ազատ տեղաշարժվելու: Եվ եթե սրան ավելացնենք համակարգչային տեխնիկայի ընձեռած հնարավորությունները, ապա կարելի է ասել, որ այլևս ոչինչ անհասանելի չէ: Մնում է միայն պետականորեն ամրացվի գիտնականի թիկունքը, որպեսզի նա կարողանա ազատ գործել:
Ապրիլքսանչորսյան մեր այսօրվա հաղորդումը, սիրելի հայրենակիցներ, հենց այդպիսի միտումնավոր ու գիտակցված աղավաղումների մասին է:
Վերջերս, ավելի ստույգ` մարտի կեսերին, Գերմանիայի Պոտսդամ քաղաքում` Լեփսիուսի տանը, տեղի է ունեցել «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը և Հայոց ցեղասպանությունը» գիտաժողովը, որին ոչ պաշտոնական հյուրի կարգավիճակով մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը և իր կոշտ վերաբերմունքն արտահայտել հայոց մեծ ողբերգության թեմայով գիտական կարիերա անող տխրահռչակ մի պատմաբանի` Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեի գչրի «արտադրանքի» ու նպատակամետ քաղաքական դիրքորոշման նկատմամբ:
Գիտաժողովի մասին որոշ մանրամասներ իմանալուց հետո որոշեցի Աշոտ Մելքոնյանին հրավիրել հարցազրույցի` անպայմանորեն բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի հետ: Գիտաժողովում Աշոտ Մելքոնյանը բանավիճել է Մարտին Թամքեի հետ, որը տարիներ առաջ դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Արմին Վեգները և հայերը» թեմայով: Իսկ թե ի՞նչ է գրել Արմին Վեգների մասին այս «դոկտորը», հրաշալի գիտե Ալբերտ Մուշեղյանը:
Արմին Վեգների անունը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո մեզ օգնության ձեռք պարզած բազմաթիվ այլ անուններ` անզուգական Յոհանես Լեփսիուս, Հենրի Մորգենթաու, Ջեյմս Բրայս, Անատոլ Ֆրանս, Ջակոմո Գորինի, Ֆրանց Վերֆել, Ֆրիտյոֆ Նանսեն, Հեդվիգ Բյուլ, Կարեն Եփփե և շատ ուրիշներ, մեր ժողովուրդը վաղուց է սրբացրել: Խորին խոնարհում նրանց հիշատակի առաջ: Այս փաղանգից Արմին Վեգները շատ ավելի հոգեհարազատ է դարձել, որովհետև, որպես Մեծ եղեռնի ականատես ու վկա, եզակի վավերագրեր է հանձնել մարդկության դատին:
1919-ին Արմին Վեգները հայոց աննախադեպ ողբերգության մասին գրում է. «Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր, որպեսզի քողարկվեր դարի հանցագործությունը: Աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովուրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով»:
Մեծ մարդասերի այս գրառումն ստիպում է վերհիշել Խարբերդի աքսորից վերապրած օրիորդ Փայլածու Ֆաբրիքթորյանի ցնցող վկայությունները հայերի տեղահանության ու կոտորածների մասին: Է՛լ ավելի սարսափազդու է դժոխքի միջով անցած աղջկա անեծքը. «Անիծուած լինին այս կարդացող անձերը ցեղից ցեղ, որ վրէժ չլուծեն: Գուցէ համարեն մեզ խելագարներ կամ ոճրագործներ: Այն, որ մենք տեսանք, այն կեանքը, որ մենք ապրեցանք, չի կարող գտնուիլ մի մարդ, նոյնիսկ կմախքներէն, որ վրէժ չաղաղակէ: Կրկին կը կրկնիմ` անիծեալ ըլլայ ցեղից ցեղ»:
Սա հենց այն հարատև կռիվն է, որի մասին ժամանակին ասում էր Սիմոն Զավարյանը` «հաճախ և երկար ժամանակ գուցե անհաջող` չնայած երբեմնի նույնիսկ իր լայն ծավալին»` որպես փրկության բանալի: Այդ կռիվը պետք է ընդարձակվելով հարատևի, որովհետև դա է «դեպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը»:
(Մանրամասներին ծանոթացեք այս հղումով)