Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողների ծնողներ հունվարի 27-ի ուշ երեկոյան մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրն իրենց որդիների հետ նշելու:
Նախաձեռնությունը հիրավի հաճելի անակնկալ էր թե զինվորների և թե նրանց ծնողների համար: Վերջինները հենց տեղում հնարավորություն են ստացել անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում էլ, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել, որ իրենց զավակների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:
Տոնի առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել էին հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրվել են երաժշտական գործիքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն