Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Գնա՛ տուն և ասա բոլորին, թե ինչ կատարվեց քեզ հետ»

«Գնա՛ տուն և ասա բոլորին, թե ինչ կատարվեց քեզ հետ»
26.10.2012 | 11:56

Միտրոպոլիտ Անտոնի ՍՈՒՐՈԺՍԿԻ

Այսօրվա զրույց-պատմությունը մի մարդու բժշկման մասին է։ Նա բռնված էր չար ոգիներից։ Գերգեսացի դիվահարի բժշկման մասին այս պատմությունը մեր առջև բացում է ամենահուզիչ և զարմանալի տեսարաններից մեկը, թե ինչպես է Աստված գնահատում և արժևորում յուրաքանչյուր մարդու։

Նայե՛ք` ամբողջ աշխարհից կանգնած է միայնակ մի մարդ, և մարմնավորված Աստված ու թշնամին` սատանան, կռվում են ոչ միայն նրա հավիտենական ճակատագրի, այլև երկրային գոյության համար, նրա հոգևոր և ֆիզիկական ամբողջականության համար։ Մեզնից յուրաքանչյուրը Աստծո համար անսահման, բարձրագույն արժեք է։ Մի՞թե հենց Նա չի ասել` բարի հովիվը թողնում է իննսունինը ոչխարներին, որոնք չունեին Իր հոգածության կարիքը, որ փրկի միակ կորած ոչխարին։ Եվ ահա մենք տեսնում ենք Նրան, ու երես առ երես Նրա դիմաց կանգնած է սատանան` ցանկացած չարիքի պատճառն ու սկզբնաղբյուրը, խավարի իշխանը։ ՈՒ նրանք կռվում են։ Գերգեսացի մարդու ֆիզիկական, հոգևոր հիվանդությունն աշխարհի զարհուրելիության մի մասն է, աշխարհի, որը խեղաթյուրված է մարդկանց մեղքի պատճառով, այն պատճառով, որ մարդը հրաժարվել է Աստծուց։
Եվ մենք տեսնում ենք Աստծուն, Ով եկել է փրկելու այդ մարդուն ոչ միայն որպես հոգևոր էակի, այլև որպես հասարակ մահկանացուի։ Սատանան Սուրբ գրքում կոչվում է «թշնամի», այսինքն` մեկը, ով հակառակ է ցանկացած բարության, հակառակ է այն ամենին, ինչ Աստված առաջարկում է մարդուն։ Նա պայքարում է բարության դեմ, հենց ըստ Սուրբ գրքի խոսքի, քանզի, ինչպես Սուրբ գիրքն է ասում, ստախոս է և սպանող։ Սուտը միջոց է, որ փորձում է որևէ մեկին հրապուրել անիրական աշխարհով, աշխարհ, որտեղ հնարավոր չէ ապրել։ Սուտը ճշմարտության խեղաթյուրումն է, որի նպատակն է կյանքը դարձնել անհնարին, և հենց ինքն էլ տանում է դեպի մահ։
Քրիստոս ճշմարտությունն է։ Մի՞թե զարմանալի չէ մտածել այն բանի մասին, որ Քրիստոսը ճշմարտություն է ոչ միայն Աստծո մասին, այլև ճշմարտություն է մարդու մասին։ ՈՒ երբ մենք շրջվում ենք դեպի Քրիստոս և դիմում ենք Նրան, ապա վերականգնվում են նաև մեր հավերժական ճակատագիրը և մեր մարդկային ամբողջականությունը։ Հենց այս իրողությունն է, որ տեսնում ենք դիվահարի բուժման ավետարանական պատմության մեջ. խելագարությունը, որը խառնահյուսված էր ստախոսի և մարդասպանի միջոցով, հաղթահարված է Նրա կողմից, Ով բարձրագույն, կատարյալ իրականությունն է` և՛ աստվածային, և՛ մարդկային։
Դիվահարի բժշկման պատմության մեջ կա մի հատկանիշ ևս, որը ես կուզեի ընդգծել։ Մարդը բժշկվեց, նրա միակ ցանկությունն է` մնալ Նրա հետ, Ով վերադարձրեց իրեն ամբողջականությունը, ով լայն բացեց նրա առջև նոր կյանք` հավիտենական կյանք արդեն հենց երկրի վրա, մարդկային կյանք իր լիակատարության մեջ։ Եվ Քրիստոսը նրան չի կարգադրում այդպես վարվել, Նա ընդամենն ասում է. «Գնա՛ տուն և ասա բոլորին, թե ինչ կատարվեց քեզ հետ»։ Այդ նախադասությունը Նա ասում է բոլորիս։ Այս կամ որևէ այլ պահի, երբեմն գուցե և պարբերաբար, զգում ենք` դիպանք Քրիստոսի պատմուճանի քղանցքին, և նորոգությունն ու կյանքը, գեղեցկությունն ու ճշմարտությունը հորդեցին մեր մեջ։ ՈՒ մենք ձգտում ենք մնալ այնտեղ, որտեղ կատարվեց այդ հրաշքը։ Այն կարող է պատահել մարդկանց շրջապատում, ովքեր նորոգության այդ զգացումը մեզ տվեցին, կարող է պատահել և եկեղեցու կամարների տակ` հուզախռով աղոթքի վիճակում։ Որտեղ էլ կատարվի հրաշքը, երբ առատորեն ստանանք այն, ինչ Աստված առաջարկեց ու տվեց մեզ, պիտի լսենք Նրա ձայնը, որն ասում է. «Դու ստացար բժշկումը, դու հիմա նոր մարդ ես, դե, գնա՛ բարեկամներիդ, մերձավորներիդ մոտ, գնա՛ այն մարդկանց մոտ, որոնք դեռ չեն ստացել այդ նորոգությունը, և պատմիր նրանց, թե ինչ է լինում, երբ մենք հանդիպում ենք Քրիստոսին` մարմնացած Աստծուն։ Պատմի՛ր նրանց, որ իրենք էլ կարողանան դառնալ նորոգված, որ նրանք էլ կարողանան արդեն հիմա երկրի վրա, արդեն ներկա ժամանակում մտնել հավիտենական կյանք»։
Այս բառերն են ուղղված ոչ միայն այն մարդուն, որը բժշկվել է հազարամյակներ առաջ, այլև մեզնից յուրաքանչյուրին։ Պարտավոր ենք կիսելու այն ամենը, ինչը մեզ տրված է, պարտավոր ենք կիսելու առատաձեռնորեն, որովհետև միլիոնավոր մարդիկ սովատանջ են եղել առանց այն կյանքի լիակատարության, որը միայն Աստված կարող է տալ։ ՈՒ մենք պետք է ընկալենք հետևյալ իրողությունը. յուրաքանչյուր մարդ այնքա՜ն թանկ է Աստծո համար, որ անհրաժեշտության պահին Նա կարող է մոռանալ մնացած բոլորին, որպեսզի հոգ տանի նրա մասին, ով կարիքի մեջ է։ Ահա այդ է նաև պատճառը, որ սատանան այդքան փութաջանորեն թակարդները լարում է մեզնից յուրաքանչյուրի համար, քանզի մեզնից թեկուզ և մեկին Աստծո ձեռքից պոկելը կնշանակի զրկել Աստծուն ինչ-որ մեկից, որին Նա սիրում է։ ՈՒ եթե մենք Աստծո ժողովուրդն ենք, ապա պետք է լսենք, թե ինչ էր ասված մոլագարին` ցնծալով ստացածի համար, գնալ, կիսել և բերել ուրիշներին այն ամբողջականությունը, կյանքի այն նորոգությունը, որը մենք վերապրում ենք մեր կյանքի օրհնված պահերին։ Ամե՛ն։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ