38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Արմմոնո» թատերական փառատոնը մեկնարկելու է օգոստոսի մեկին

«Արմմոնո» թատերական փառատոնը մեկնարկելու է օգոստոսի մեկին
08.07.2020 | 15:29

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը: Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի տեղեկացմամբ՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ, ըստ ամենայնի, հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ:

Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին: Փառատոնը կբացվի վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը (ըստ Հ. Մաթևոսյանի): Փառատոնի
շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում, դրանցից մեկը մանկական է՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազրյանի կատարմամբ:
Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք։ Հասկանալի պատճառներով՝ արտերկրից դերասաններ չեն հյուրընկալվի։ Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն:


Փառատոնի մասնակիցներին, այս անգամ, առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք:
Տիկին Մխիթարյանը ընդգծել է, որ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև Թիվ 15 սրճարանում: Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտին հասցրած իր հեղինակած «Կովիդ քրոնիկոն»:


«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի, վաստակավոր արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:
Կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ:
Նշենք, որ փառատոնը կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:




Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ