Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Արդյունքները՝ օգոստոսի 13-ից հետո

Արդյունքները՝ օգոստոսի 13-ից հետո
05.08.2008 | 00:00

ԸՆԴՈՒՆՎԵ՞Լ ԵՍ ԲՈՒՀ, ԹԵ՞ ՈՉ
Երեկ բուհական ընդունելության քննությունների վերջին օրն էր։ Այս տարի բուհական ընդունելությունն իրականացրին առարկայական 14 հանձնաժողովներ, որոնց աշխատանքային խմբերում ընդգրկված էին մասնագետներ ինչպես բուհերից, այնպես էլ հանրակրթական դպրոցներից ու վարժարաններից։ Ըստ մասնագետների՝ սա ևս մեկ քայլ է դպրոցական ծրագրի և բուհական պահանջների միջև սահուն անցումն ապահովելու ուղղությամբ։
Այս տարի քննաշրջանը, ի տարբերություն նախորդ տարիների, բավական թեթև էր, քանի որ «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» և «Օտար լեզու» առարկաների գրավոր քննություններն անցկացվել էին նոր՝ միասնական քննակարգով։ Ըստ հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանի՝ քննությունների արդյունքները գրեթե նույնն են, ինչ նախորդ տարիներին։ Հանրապետական ընդունող հանձնաժողովում քննարկվում են կրկնակի գանգատարկումները։ Երբ դիմորդը բուհում բողոքարկման արդյունքից դժգոհ է մնում, դիմում է հանրապետական ընդունող հանձնաժողով, որտեղ աշխատում են անկախ փորձագետներ, որոնց անունները չեն հրապարակվում։ Նրանք տվյալ ոլորտում հանրապետության լավագույն մասնագետներ են։ Մինչև օգոստոսի 2-ը կրկնակի գանգատարկման դեպքում գնահատականի իջեցում տեղի չի ունեցել։ Ընդամենը 12 դիմորդի գնահատականում է փոփոխություն կատարվել, և այդ փոփոխությունն առավելագույնը մեկ միավորի սահմանում է։ Հիմնականում այստեղ իրենց գնահատականները բողոքարկում են քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, հայ ժողովրդի պատմություն հանձնած դիմորդները։
Այս պահի դրությամբ, իհարկե, հայտնի չէ, թե անցողիկ միավորները որոնք են լինելու։ Սակայն, ըստ պարոն Մելիքյանի, կարելի է հիմք ընդունել նախորդ տարվա անցողիկ միավորները, քանի որ տարիների փորձը ցույց է տալիս, որ դրանք, փոքր տարբերություններով, գրեթե նույնն են։
Մյուս տարվանից ընդունելության քննությունները, որպես այդպիսիք, չեն լինի, քանի որ ամբողջովին անցում է կատարվելու միասնական քննակարգին։ Սակայն որոշ հանձնաժողովների նախագահների հետ զրույցներում մտահոգություն հնչեց, որ բանավոր քննությունները կամ ստեղծագործական մրցույթն անհնար է անցկացնել նոր կարգով։ Թեստային աշխատանքով անհնար է ստուգել դիմորդի ստեղծագործական կարողությունները կամ գիտելիքները, օրինակ, «Հայ գրականություն» առարկայից։ «Այդ հարցը կրթության և գիտության նախարարության առջև էլ է ծառացած։ Մենք շատ արագ պետք է քննարկումներ անենք և մինչև նոյեմբերի 1-ը հայտարարենք՝ դիմորդները բանավոր քննություն կամ «Ստեղծագործական մրցույթ» առարկան հանձնելո՞ւ են, թե՞ ոչ։ Կարելի է կատարելագործել թեստային համակարգն այնպես, որ այդ գիտելիքները նույնպես ստուգվեն։ Նոր համակարգն էլ, իմ կարծիքով, կատարելագործման կարիք ունի, այն առայժմ կատարյալ համարել չենք կարող։ Բանավոր քննության դեպքում սուբյեկտիվ գործոնը մեծ է։ Դիմորդը, եթե նույնիսկ շատ լավ պատրաստված էլ չէ, կարծում է, թե ինքը հիանալի գիտի առարկան։ Բողոքներ ունենք բանավոր քննություններից, բայց քանի որ բանավոր քննության բողոքարկումը պետք է տեղի ունենա լսարանում, առանց դիմորդի՝ այնտեղից դուրս գալու, դրանից հետո այլևս որևէ մեխանիզմ չկա նրան օգնելու»,- նշում է հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։
Անդրադառնալով քննությունների ընթացքին՝ նշենք, որ կարևոր փաստ է այն, որ ընդունելության քննությունների ծանրության կենտրոնը մասամբ տեղափոխվել է մարզեր։ Սա նշանակալի քայլ է Հայաստանում առկա բևեռացման խնդիրը լուծելու ուղղությամբ։ Ավելին, Եղեգնաձորում բացված տնտեսագիտական պետական համալսարանի մասնաճյուղում դիմորդները ոչ միայն տեղից են, այլև մայրաքաղաքից։ Լոռին միակ մարզն է, որտեղ դեռևս շարունակում է պահպանվել մայրաքաղաքային բուհերին նախապատվություն տալու ավանդույթը։ Այս տարի մոդայիկ համարվող որոշ մասնագիտություններ նահանջ են ապրել։ Որքան էլ անսպասելի է, պակասել են իրավաբանի մասնագիտությունն ընտրած դիմորդները, մինչդեռ մեծացել է հետաքրքրությունն այլ մասնագիտությունների նկատմամբ։ Նորաբաց «Քարտեզագրություն, կադաստրային գործ» բաժինն ամենապահանջվածներից է. պետպատվերով նախատեսված 5, վճարովի 5 և առանց տարկետման իրավունքի 10 տեղերի համար այստեղ դիմել էր 117 դիմորդ։ Սա ամենամեծ մրցույթ ենթադրող բաժիններից էր։ Մեծ է հետաքրքրությունն ինֆորմատիկայի, միջազգային դիվանագիտության, ճարտարապետության, շինարարության, ռուսաց լեզվի նկատմամբ։
Նշենք, որ այս տարի բուհական ընդունելության քննություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել մոտ 11 հազար դիմորդ։ Բոլոր առարկաներից արձանագրված արդյունքներում գերակշռող են 10-14 միավորները։
Ընդունվե՞լ են բուհ, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը դիմորդները կստանան օգոստոսի 13-ից ոչ շուտ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9394

Մեկնաբանություններ