Արցախյան ողբերգությունից հետո վերջնականապես համոզվեցի, որ Հայաստանը անտերացած երկիր է, ազգը զրկված է իր անպաշտոն ու անձնատուր տեր-պահնորդներից:
Դաժան իրողություն է, դժվար խոստովանելի:
ՈՒ ես շարունակ անձայն ու բարձրաձայն մտորում էի, թե, ի վերջո, ովքե՞ր են մեր երկրի իրավ տերերը, որ էդ կոչմանն են հանձնված աստվածաշնորհ կարգով, նաև՝ պատմականորեն ու բնականորեն ձևավորված առաքելությամբ:
Կարծում էի, որ էդ տերերը պետք է լինեն զինվորական ու մտավորական խավերի, ավանդապահ շինականների մեջ:
Ո՛չ, պարզվեց, որ Հայաստանի իրական տերերը, ներկա պահին, հոգևոր դասի մեջ են. վկայությունը ծավալվող ազգային շարժումն է պայծառափայլ հոգևորականի առաջնորդությամբ:
Թող ոչ ոք չնախանձի էս առաջնորդությանը, այն իրոք աստվածատուր է, և հայկական կենաց վարքի մեջ լիովին տեղավորվող:
ՈՒստի ի սրտե և ունեցած ջանքով աջակից լինենք ընթացիկ Շարժմանն ու նրա առաջնորդին, առանց կասկածանքի ու շահադիտության:
Երբ Տերը հայտնվում է, նրան ուղեկից թափորը պետք է չափազանց մեծ լինի, էնքան մեծ, որ ցանկացած սատանա ընկրկի նրա առաջ և երկրապահ հավատը գերազանցի մնացյալ հավատալիքներին:
ՈՒստի չալարենք էս օրերին անվարան ասել. Աստված իմ, պահապան եղիր Հայաստան երկրին և Բագրատ սրբազանին:
Հայաստանն իր Տիրոջով ու տերերով միայն կարող է հարատևել:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ