Հեռավոր 2006-ին, երբ բնակվելու տեղափոխվեցի Էջմիածնի Նորակերտ գյուղ, այն շատ տխուր վիճակում էր։ Չկար մշտական խմելու ջուր, ոռոգման ջուրը կար, բայց մարդկանց վրա անհասկանալի մեծ պարտքեր էին գրվում, հոսանքալարերը կտրտած ու բարակ էին, պարբերաբար անջատվում էր էլեկտրաէներգիան, ճանապարհները քանդած ու անանցանելի էին դառնում անձրևի ժամանակ, 205 համարի «Գազելը» աշխատում էր վատ ու գերծանրաբեռնված, բաժանորդներին հասնող գազը թույլ էր, պատերի տակ մարդիկ բողոքում էին, թե Մանվելի մարդիկ օդ են փչում գազի խողովակների մեջ։
Հետագա տարիների ընթացքում աստիճանաբար կարգավորվեցին հիմնական խնդիրները, մի մասը՝ տեղական ղեկավարության, մյուս մասը՝ բնակիչների ջանքերով։
Ու թեպետ այդ խնդիրները կարգավորվել են 2018-ից առաջ, բայց այսօրվա իշխանության մանր չինովնիկները հպարտանում են, թե իրենց շնորհիվ են լուծվել դրանք։ Քանի որ հանրությունն էլ երկարաժամկետ հիշողություն չունի, մարդիկ մեծ մասամբ չեն հիշում, որ խմելու ջրի խողովակները փոխվել, ու ջուրը շուրջօրյա է դարձել 2013-14-ին, հոսանքալարերը փոխվել են 2016-ին, գյուղի ճանապարհները նորոգվել են 2014-2017 թվականների ընթացքում, 205 համարի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2017-ին։ Ոռոգման ջրի համար մարդկանց վրա գրված մեծ պարտքերը հիմա էլ կան, մի բան էլ ավելացել են։ Մանվելը չկա, բայց գազն էլի թույլ է... իսկ բողոք էլի չկա, որովհետև այն ժամանակ կարևորը գազը չէր, այլ՝ բողոքելը։
Ես ուրախ եմ, որ Նորակերտում մարդիկ ավելի լավ են ապրում, քան 2006-ին, ու հոգ չէ, որ ամեն լավ բան նիկոլականները իրենց են վերագրում, թեպետ, կրկնում եմ, այդ խնդիրների լուծման ժամանակ նիկոլականներ չկային, իսկ այսօրվա ջերմեռանդ նիկոլականները այն ժամանակ հանրապետական էին ու Նիկոլին համարում էին անլուրջ մարդ, հայհոյում էին։
Ինչո՞ւ եմ այսքանը պատմում։
Ժամանակը առաջ է գնում՝ լուծելով խնդիրները և առաջ բերելով նոր խնդիրներ։ Դրանք ևս կլուծվեն, էլի կլինեն թալանչիներ ու դավաճաններ, էլի գործ կանեն նվիրյալները, իսկ հետո կհայտնվեն անբարոյականներ, որոնք իրենց կվերագրեն բոլոր լավ բաները, իրենց վատերի մասին էլ կլռեն։ Դա աշխարհի ընթացքն է։
Կարևոր է սեփական ուղեղ ունենալ և չտրվել կեղծ քարոզչության։ Կարևոր է ամեն ինչից վեր դասել հայրենիքը, քանի որ մարդը գնացական է, նրա գործն ու անունն է մնացող, իսկ հավերժական է միայն հայրենիքը։
Նաիրի Հոխիկյան