Բնական հունի ուսմունքն ըմբռնելը և դրան համապատասխան գործելը յուրաքանչյուր քաղաքական կազմակերպության գործունեության փիլիսոփայության հիմնասյունը պետք է լինի:
«Բնական հունի ուղին» այն ներդաշնակ իրավիճակն է, երբ տվյալ քաղաքական ուժը հասնում է իր և ժողովրդի մտքերի նույնությանը: Դա այն իրավիճակն է, երբ ժողովուրդը (ազգը) պատրաստ է նրա հետ կողք-կողքի պայքարել, մարտնչել, ստեղծագործել, երբ ժողովուրդը զերծ է վախերից և կասկածներից:
«Բնական հունի ուղին» բարոյականության բարձրագույն ձևն է` ժողովրդի և նրա վստահությունը շահած ուժի միջև:
Նման իրավիճակ մենք ապրել ենք: Դա 90-ականներին անկախության և Արցախյան ազատամարտի տարիներն էին: Նման իրավիճակ մենք վերապրելու ենք կրկին:
«Բնական հունի ուղի» հասկացությունից շեղվելը բերում է անկայունության, անկարողության, անվստահության, պետականության թուլացման: Ստեղծում է գաղջ մթնոլորտ, կեղծիք, տարակուսանք և վախ:
Նման իրավիճակներում մենք հայտնվել ենք, այո՛, որի արդյունքում մեր հայրենիքի տարածքներն ու բնակչության թիվը նվազել է ուղիղ 10 անգամ:
Մեր մեծերը` Խորենացին, Միքայել Նալբանդյանը, Թումանյանը, Նժդեհը, Հ. Ասատրյանը, Չարենցը, Տերյանը, Կոմիտասը, Դեմիրճյանը և մյուսները մշտապես վերլուծել և մեծ ցավ են ապրել մեր պատմական, բարոյական, տնտեսական, տարածքային մեծ կորուստների համար:
Չարենցը «Պատմության քառուղիներում» պոեմում նշել է.
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
Հավաքական հանճարը զարկիչների հանդեպ,
Եվ դարձել է ահա ժողովուրդը ևս,
Իր տերերի նման անուղի ու անդեմ:
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի թեթև, զարմանալի անդեմ`
Մերկության պես տկլոր ու անանցյալ:
Մեր մեծերի բացթողումն այն է, որ այս ամենը եղել է լոկ արձանագրություն՝ առանց ելքի ուղիների նշման և բացասական երևույթների վերացման:
Մեզ հարկավոր է ազգային նոր ռազմական դոկտրին (հիմքում պետք է դրված լինի մեր ազգային արժեքների պահպանումը, տարածքային ամբողջականության վերականգնումը և որպես սուբյեկտ տարածաշրջանում թելադրողի դեր ստանձնելը) և ստրատեգիա, ու ոչ մի քաղաքական ուժ, որը կարող է գալ իշխանության, փոփոխման ենթարկելու իրավասություն չպետք է ունենա:
Ինչպես ասել է Սուն Ցզին. «Պատերազմը պետության համար մեծագույն գործ է, կենաց և մահու հիմնաքարը, գոյության և խորտակման ճանապարհը»: Մենք պետք է հասկանանք մի պարզ բան, որ փախչելով դժոխքից չենք ազատվի:
Ըստ Նժդեհի` «Այնտեղ, ուր կա ոգու, այն է ` բարոյական ուժերի ապացույցը, այնտեղ թվական գերազանցությունը, քարը, մետաղը գրեթե կորցնում են իրենց նշանակությունը: Ոգու հետ զինակցողը բարոյական ուժերի հետ է զինակցում, որի միջոցներն աճում են անհավատալիության աստիճան, դառնում անսպառելի: Գլխավոր դերը ժողովուրդների պատմության մեջ խաղում են ոչ արտաքին պայմանները, ոչ քաղաքական կողմնորոշումը, ոչ էլ դիպվածները, այլ իրենց հոգեբանական նկարագիրը»:
Եվ ոչ մի ուժ չի կարող շահել ժողովրդի վստահությունն առանց «Բնական հունի ուղի» գաղափարի փիլիսոփայության, դոկտրինի և ռազմավարության: Մեր ազգը հաղթանակների բնական պահանջ ունի:
Գրիգոր Գրիգորյան