Իրական խնդիրը ոչ թե ստեղծված իրավիճակն է, այլ մեր վերաբերմունքը դրան:
Առաջացած խնդիրներին հաջորդող ամենամեծ վտանգը հիասթափությունն է, որն անթույլատրելի է:
Յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծման տարբերակը, սակայն դառնում է անլուծելի և բացասական ազդեցություն թողնում մեզ վրա միայն այն դեպքում, երբ չենք նվիրում դրան բոլոր մեր մտքերն ու հույզերը:
Իհարկե, մենք չենք կարող ազդել բոլոր իրադարձությունների վրա, բայց արձագանքել պարտավոր ենք:
Առաջացած խնդիրներին պետք է վերաբերվենք հետևյալ կերպ.
1. Երբեք որևէ խնդիր անլուծելի չպետք է համարենք:
2. Չպետք է թույլ տանք, որ առաջացած խնդիրն ազդի մեր կյանքի մյուս ոլորտների վրա:
3. Չպետք է համարենք, որ խնդիրների առաջացման պատճառը մեր կամ մեր թիմակիցների անձնական հատկանիշներն են:
Խնդիրները մենք պետք է դիտարկենք որպես մարտահրավեր և առաջ ընթանալու նոր հնարավորություն:
Եթե խնդիրները դիտարկենք որպես մեր թերարժեքության հերթական ապացույց, նշանակում է` անօգնական ենք և կկրենք պարտություն:
Ամեն խնդիր իր մեջ պարունակում է նաև լուծման բանալի:
Խնդիրները հնարավորություն են տալիս մեզ ընդլայնելու մեր ազդեցության գոտիները: Երբ խնդիր է ծագում, ստիպված ենք լինում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց: Հենց այդպես էլ ստեղծվում են իրական արժեք ներկայացնող երևույթները: Եթե ցանկանում ենք հաղթել թշնամուն, ուրեմն շատ խնդիրներ պետք է հաղթահարենք` հերթով, կարգով, շարքով:
Խնդիրները հաղթահարելու համար նախ պետք է դրանք տեսնելու ունակություն ունենանք և հետո ձգտենք գործ անել, ոչ թե սոփեստենք: Պետք է մեր մեջ զարգացնենք բարդ իրավիճակները հաղթահարելու կարողությունը:
Խնդիրները հաղթահարելու ժամանակ են ծնվում մարդու լավագույն հատկանիշները:
Պետք է իմանանք, որ խնդիրներին ու անհաջողություններին դիմագրավելուց հետո գալու են հաղթանակները:
Կյանքը մեզ չի պատժում իր խնդիրներով, այլ դաստիարակում է: Ամեն ինչ իր պատճառահետևանքային կապն ունի:
Շատ դեպքերում մեր մտքերն են ծնում այն խնդրահարույց իրավիճակները, որոնցում հայտնվում ենք:
Իհարկե, պարտադիր չէ, որ կյանքը խնդիրներ առաջացնի, և մենք ցավ զգանք, որ սկսենք գործել, բայց պամանակ առ ժամանակ դա տեղի է ունենում: Հենց դա է կյանքը փոխելու հիմնական ազդակը դառնում: Մինչև ցավ չենք զգում, ոչինչ չենք փոխում:
Հ.Գ. Բոլորս միակարծիք ենք, որ փորձությունները կոփում են մարդուն, բայց եթե նման հնարավորություն ունենայինք, կընտրեինք «հարմարավետ» փորձությունները: Սակայն խնդիրներն ու փորձությունները հարմարավետ չեն լինում: Կյանքը երբեք հեշտ չի լինում, բայց մենք ամեն օր պետք է գործենք՝ հաղթահարելու համար կյանքի բարդությունները:
Գրիգոր Գրիգորյան