ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ովքեր են գրում Հայաստանի պատմությունը

Ովքեր են գրում Հայաստանի պատմությունը
25.12.2023 | 14:20

Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկում էր ընթանում, գրեթե խաչակրաց արշավանք՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի դեմ։

Այդ ընթացքում, բոլորիս աչքի առաջ ու բոլորիս համահեղինակությամբ, արդեն 3-4 տարի է՝ գրվում է ոչ թե պարզապես հայոց պատմության դասագիրք, այլ՝ մեր խայտառակության, ամոթի ու ստորացման բազմահատորյակը։ Գալիք բազմաթիվ սերունդներ մեծանալու են այսօր ստեղծվող պատմությամբ, որտեղ անարժանապատվությունը, անողնաշարությունը, մանր-մերկանտիլ հայի որակը հիմնական հերոսներն են լինելու։ Հայտնի դասագիրքն իրոք հաջող չէ, բայց հատորները, որոնք մենք գրում ենք այսօր մեր ամենօրյա կյանքով, սերունդների վրա անջնջելի հետք են թողնելու։

Ի՞նչ են հասկանալու մեր մասին հետագա սերունդները և օտարազգի հետազոտողները, երբ արխիվներում կարդան արտառոց փաստեր.

- Հայ ժողովուրդը հանդուրժում է նույն ղեկավարին, երբ նա ասում է «Արցախը Հայաստան է, և վերջ» իսկ կարճ ժամանակ անց՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Դա բանակա՞ն մարդկանց հասարակություն է եղել։

- 9 ամիս Արցախը շրջափակման մեջ էր. հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունն անտարբեր էր։

- 2023-ի օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարում է. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն, Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»։ Այս խոսքերից հետո Երևանը չի պայթում, ընդդիմությունը չի կազմակերպում կոնսոլիդացված հարցապնդում՝ որտե՞ղ են մշակվում նման ծրագրեր, ո՞րն է ինֆորմացիայիդ աղբյուրը, ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ իշխանությունը, և այլն։

- Նույն մարդը ՄԱԿ-ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր է մտնում, որպեսզի աշխարհին հայտնի, թե Արցախում քաղաքացիական բնակչությանը որևէ ֆիզիկական վտանգ չի սպառնում։ Դրանից օրեր անց Ադրբեջանի կատաղի ագրեսիայի հետևանքով Արցախը դատարկվում է։ Այդ խոսքերը որևէ հետևանք չեն ունենում այդ վարչապետի համար։

- 2 օրում շքեղ Արցախը դատարկվում է, մեր շքեղ քաղաքներն ու գյուղերը, Ամարասը, Գանձասարը մնում են անտեր, իսկ մենք Երևանում տոնածառ ենք խաղացնում։

- Արցախի հայաթափումից հետո ոչ մի հրաժարական չկա իշխանությունից. մեկը չասաց՝ ես այսքանից հետո չեմ կարող այս իշխանության մեջ լինել։ Այդ մեկ մարդը չգտնվեց։

- Արցախի հայաթափումից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո խորհրդարանական ընդդիմությունը հանգիստ աշխատում էր իշխանության հետ, հանձնաժողովի անդամ են ընտրում, կառուցողական զանգեր անում։

- Բաքվի բանտերում են պետական-ազգային գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ գերիներ. մենք արդեն չենք էլ հիշում նրանց։

- Հայաստանի բանտերում ցուցադրաբար պահվում են ամենատարբեր կալիբրի գործիչներ՝ հայտնի քաղաքական դեմքերից մինչև պարզ արցախցի երիտասարդներ, որովհետև կարծիք ու սկզբունք ունեն։ Հանդուրժում ենք։

- Պատմության այս փուլի մասին գրելու են, որ մենք ունեցել ենք պատվազուրկ գեներալներ, որոնք մի քանի օրվա ընդմիջումով Նիկոլին համարում էին պետության սպառնալիք, իսկ օրեր հետո նրան հոտնկայս դիմավորում

- Մենք ունենք քննիչներ, դատախազներ, դատավորներ, ովքեր կալանավորում են անխտիր բոլորին, ում մասին հրահանգ կլինի

- Կարսի կորստից հետո գոնե մեկ գնդապետ Մազմանյան եղել է, ու նաև մեկ Եղիշե Չարենց։ Արցախի կորստից հետո ի՞նչ եղավ։

- 200-ից ավելի արցախցիներ սեպտեմբերի 19-20-ին իրենց կյանքի գնով հայի վերջին արժանապատիվ կռիվը տվեցին ադրբեջանական 60-հազարանոց բանակի դեմ, իսկ նրանց անունները Երևանում չգիտեն, երևի չեն էլ ուզում իմանալ։

- Պատմության որևէ հատորում գրվելու է, որ Իշխանասարի ընտրողներն իրենց ձայնը տվեցին իրենց համայնք թուրք զինվորին բերած իշխանությանը։ Կապանցին, իր ճանապարհի, օդանավակայանի մուտքին նստած ադրբեջանական զորքին տեսնելով, էլի ձայն է տալիս այդ ամենը թույլ տված իշխանությանը։

- Ոչ միայն պատմաբանները, այլև սոցիոլոգները, հոգեբանները և բազմաթիվ այլ գիտակարգերի ներկայացուցիչներ բազմահատոր աշխատություններ են գրելու՝ փորձելով հասկանալ համընդհանուր հաշտվածությունը՝ ո´չ ինտելեկտով, ո´չ պարկեշտությամբ ու ոչ էլ այլ որևէ լուրջ արժանիքով փայլող քաղաքական ուժի տևական իշխանության փաստի հետ։

Պատմության այս հատորյակներում առանձնանում է թերևս միայն եկեղեցին, որի դերակատարումը ոսկե տառերով է գրվելու մեր պատմության մեջ, որպես ապագա վերելքի հենք, ու նաև մի երկու տասնյակ անհատներ, ովքեր անմարդկային պայմաններում մնացին մարդ՝ տարբերվելով իրենց սկզբունքներով ու սթափ մտքով։

Լայն հասարակությունը շարունակում է գրել իր բաժին պատմությունը, իսկ իրենք իրենց կոչումներ, տիտղոսներ շնորհած իբր վերմնախավերը, պարզվեց, ոչինչ չունեն ասելու և ունակ չեն հասկանալ-կասեցնելու ընթացքը, ու որևէ դասագրքի հեղինակ երբևէ չի կարողանա շտկել-վերախմբագրել այս ամենը։

Վանե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ