Պատերազմից առաջ էր:
44-օրյայից մի քանի օր առաջ:
Մի տղա նստեց, շարժվեցինք:
Սկսեց կյանքը պատմել: Հեռվից եկավ, պարզվեց փող չկա մոտը, հեռախոսի էլ լիցքավորումն էր նստել, իմ հեռախոսով զանգեց ընկերոջը, որ ճամփից փող վերցնի:
Մոտեցանք, ընկերը չտվեց:
Երևանի հակառակ ծայրից պիտի գնար Երևանի մյուս ծայրի քաղաքամերձ մի գյուղ:
Մտածեց կիջացնեմ ճամփին:
Ասեցի` մի՛ նեղվիր, ես իմ մեքենայից ո՛չ մի Հայի ճամփի կեսին չեմ իջացնում, կհասցնեմ դռանդ դեմը:
ՈՒրախացավ:
Կեսգիշերին մոտ էր, թե բա` ախպերս համարդ տուր, վաղը անպայման կզանգեմ փողդ կբերեմ:
Հասցրի տան մոտ, համարս թղթի վրա գրեցի տվեցի:
Թե բա` ճիշտն ասած, պռոստը տնեցիքիս հետ էլ վիճված եմ հիմա մի քիչ, դրա համար չեմ էլ կարա փողը իրանցից ուզեմ:
ՈՒ այդպես էլ չզանգեց:
Մի քանի օրից սեպտեմբերի 27-ն էր:
Մոռացանք... գնացինք... եկանք ...
Հետո մեկ-մեկ պահի տակ հիշում էի տղայի ու իր պարտքի մասին, որ «մոռացել» էր զանգել:
Հատուկ դրա համար ալարում էի քշել հասնել իր հասցեով:
Էդքան գումարը չէր հարցը, ինչքան չգնահատված ու խաբված լինելու զգացումը:
Օրեր առաջ գործով էդ գյուղ մարդ տարա:
Հիշեցի:
Մտածեցի` քանի եկել հասել եմ, գնամ տեսնեմ, հիշացնեմ, ամոթանք տամ ու պարտքս վերցնեմ:
Մեքենայով հասա տան դիմաց:
Հիշեցի տունը, դարպասը:
Ամեն ինչ նույնն էր, անգամ դարպասի մոխրագույնը:
Միայն տան դիմաց ցայտաղբյուր էր ավելացել:
Ավելի մոտեցա:
Ցայտաղբյուրի վրա փորագրված` Հերոս ու Անունը...
Անունը հիշում էի:
Սառեցի մի պահ, հետո ոտքս գազին ու փախա:
Փախա էդ գյուղից:
Փախա ինքս ինձանից:
Փախա բոլորից:
Փախա աշխարհից:
Փախա պարտքից:
Գնացել էի պարտքս վերցնեմ, բայց ես պարտք մնացի:
...Չգիտեմ հիմա ինչի եմ սա պատմում: Բայց արդեն երեք տարի էս պարտքի զգացումն ինձ հանգիստ չի տալիս, չեմ կարողանում քնել:
Ոտս գազին եմ դնում, բայց տոռմուզ ա մոտս, փախնել չի լինում:
Պատերազմից անցել է երեք տարի: Բայց պարտքի զգացումն օրեցօր ավելի է խորանում, իսկ պարտքն ավելանում… կոնկրետ դեպքերով հիշեցնելով:
Հայրերին պարտք եմ մնացել, իրենց թողած ժառանգությունը կորցնելու համար:
Ախպերներին պարտք եմ մնացել կյանքով:
Որդիներին Հայրենիք եմ պարտք մնացե
Սաղին պարտք եմ մնացել... ո՞նց քնեմ:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Գծանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)