Ժամանակին բանակն առաջնահերթ խնդիր ուներ, ինչն արդեն անգիր էր արել այստեղ ծառայող ամեն ոք. պատերազմի կամ էսկալացիայի դեպքում մարտը տեղափոխել թշնամու տարածք: Թե՝ ինչպես, դա արդեն հավաք-ստուգատեսների, դասընթացների ու ճամբարների, զորավարժությունների ժամանակ ուսուցանվում և ցուցադրվում էր:
Խոսքը դեռ Արցախի սահմանների մասին էր:
Այսօր, կարծես, ոչ միայն բանակը, նաև մենք ենք հարմարվել մտքի հետ, թե պատերազմը կամ էսկալացիան ՀՀ տարածքում պիտի լինի, իր գյուղում ու քաղաքում, ընդհուպ՝ տան շեմին, ինչպես Տեղում էր: Հասել են մեր դուռն ու մի քանի կիլոմետր էլ առաջ եկել, քիչ հերիք՝ նստել բարձունքներին, տնավորվել, ինժեներական հենակետեր ու զորամասեր կառուցել:
Հետընթաց ու գահավիժում, բայց էս կարգի՞, որ զրահաբաճկոնով մեկնես հայրենի գյուղեր ու նրա անմշակ մնացած հողե՞ր…
Հարմարվելն արդեն մահ է, առանց մի գնդակի՝ հանձնվել:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս